Ադրբեջանը պատերազմ կսկսի Ղարաբաղի դեմ կամ կօգտագործի իսլամական խաղաքարտը. հայտնի վերլուծաբան
Դե Վաալը գրում է.
«Գնաճ, արժույթի փլուզում, նյարդային էլիտա ու միջազգային ալեկոծություններ: Ադրբեջանը 2016 թվականը սկսել է կատարյալ փոթորկի պես:
Ի նշան տնտեսական հանկարծակի անկման՝ երկրի տարբեր հատվածների տասնյակ քաղաքներում փողոցային ցույցերը ուղեկցվում էին ձերբակալություններով, ուժի ու բռնության գործադրմամբ: Ոչ պաշտոնական լրատվամիջոցների հրապարակած տեսանյութերում կան տեսարաններ, որոնք շատ նման են Թունիսում ու Տաջիկստանում տեղի ունեցածին. հատուկ ծառայությունների դիմակայությունը զայրացած երիտասարդ տղամարդկանց՝ ջրի շիթով ու արցունքաբեր գազով»:
Նկարագրելով Ադրբեջանի ներսում ստեղծված իրադրությունը՝ հոդվածի հեղինակը նշում է, որ Ադրբեջանի իշխանությունների համար խնդիրը բարդացել է սկսած հատկապես մեկ շաբաթ առաջվանից՝ պայմանավորված Իրանի նկատմամբ պատժամիջոցների վերացմամբ ու նավթի գների անկմամբ՝ հիշեցնելով, որ այս երկրի պետական բյուջեի եկամուտների շուրջ երեք քառորդը ստացվում է նավթի վաճառքից:
Այս երկրի օրինակն, ըստ նրա, ցույց է տալիս, որ հասարակությունը պատրաստ է ներել իշխանություններին ամեն ինչ բացի սեփական կենսապայմանների վատթարացումից: Շատ ադրբեջանցիներ դժգոհ են նրանից, որ վերջին տարիներին ձեռք բերված միլիարդները վատնվել են իզուր, օրինակ՝ ուղղվել են Եվվրոպական առաջին խաղերի կազմակերպմանը կամ տեղափոխվել օվշորային հաշիվների վրա:
Ադրբեջանցի տնտեսագետներից մեկը նախազգուշացնում է զանգվածային գնաճի մասին, որը վերջերս նկատվել էր Ուկրաինայում:
Արդյո՞ք տնտեսական այս ճգնաժամը կվերածվի քաղաքականի
Վաալը նշում է. որ տարիներ շարունակ Ադրբեջանի քաղաքականությունը սառցե լռություն էր պահպանում: Իլհամ Ալիևը ոչնչացնում էր ընդդիմությունը: Այսօր Ադրբեջանի ներքաղաքական փոթորկուն կյանքը զարգանում է միջազգային ու տարածաշրջանային խնդիրների ֆոնին, համարում է Թոաս դե Վաալը՝ նշելով, որ Բաքվի ու Վաշինգտոնի միջև հարաբերությունները շարունակում են վատթարանալ հատկապես այն բանից հետո, ինչ Բաքուն մեղադրեց ԱՄՆ-ին Ադրբեջանում գունավոր հեղափոխություն նախապատրաստելու մեջ:
Վերջերս մարդու իրավունքները խախտելու փաստի առնչությամբ պատժամիջոցների սպառնալիք ենթադրող օրինագիծ բերվեց ԱՄՆ Կոնգրես:
Իսկ Իրանի նկատմամբ պատժամիջոցների վերացումը եռակի հարված էր Ադրբեջանին: Սրանով վերացվում է այն խաղաքարտը, որ ուներ Ադրբեջանն օգտագործում էր ընդդեմ Իրանի: Ակտիվանում է տարածաշրջանային այն ուժը, որը մի շարք վեճեր ունի Ադրբեջանի հետ և որի հետևանքով ընկնում են նավթի գները: Ավելին, Վրաստանում կան խոսակցություններ Իրանից Հայաստանի միջոցով գազի ներմուծման հնարավորությունների մասին, ինչը վերջ կդնի գազի ներկրման ադրբեջանական մոնոպոլիային:
Ստեղծված իրադրությունում երկու խաղաքարտ կա, որ կարող է օգտագործել Ադրբեջանը, կարծում է լրագրողը:
Առաջինը չկարգավորված ղարաբաղյան հակամարտությունն է:
Հեղինակը կարծում է, որ Ադրբեջանը կարող է անելանելի իրավիճակում ընտրել «Ղարաբաղյան խաղաքարտը»՝ այսինքն մի հարց, որը կարող է ադրբեջանցիներին հավաքել դրոշի ներքո, և սկսել ռազմական գործողողություն՝ լայնածավալ կամ փոքր: Այդ պարագայում, եզրակացնում է Վաալը, Հայաստանը պատասխան հարվածի կգնա և Կովկասում կպայթի աղետալի հակամարտություն:
Մյուս խաղաքարտը, որ կարող է օգտագործել Ադրբեջանը, քաղաքական Իսլամն է:
Ադրբեջանում բանտարկված քաղաքական գործիչները արտասահմանում մեծ ուշադրության կենտրոնում են հայտնվել: Բանտարկված մահմեդականներից շատերին մեղադրում են քաղաքական արմատականության մեջ՝ լինեն դրանք իրանամետ Նարդարան ավանի շիաներ, թե Իսլամական պետություն խմբավորմանն աջակցելու մեջ մեղադրվող սունիներ:
«Քաղաքական իսլամի աջակցության մակարդակը դժվար է որոշել, միայն կարող ենք վստահ լինել, որ ինչպես Մերձավոր Արևելքում, այնպես էլ այստեղ, ինչքան ուժեղ ճնշվի, այնքան ավելի ուժգին կդառնա»,-եզրակացնում է վերլուծաբանը:
Հիշեցնենք, որ լրագրողի՝ Ղարաբաղյան հակամարտությանը նվիրված «Սև այգին» գիրքը լայն հնչեղություն էր ստացել: Արևմուտքում այն դիտվել էր որպես պատերազմի մասին ամենաչեզոք աշխատությունը, որի օգնությամբ հնարավոր է ծանոթանալ հակամարտությանը։ Ադրբեջանում Թոմաս դե Վաալին հիմնականում մեղադրել են հայկական դիրքորոշում ունենալու մեջ։ Հայաստանում գիրքը ստացել է քննադատություն մի շարք հայտարարություններ անելու մեջ, որոնք հիմնված չեն որևէ հավաստի աղբյուրների վրա։ Մասնավորապես քննադատության է ենթարկվել Ղափանից ադրբեջանցի փախտականների մասին ադրբեջանական բամբասանքները գրքում ներառելու փաստը, ինչպես նաև բազմաթիվ թարգմանության հետ կապված խնդիրներ: