Իրավական դաշտում երբևէ հաղթանակի չենք հասնի, եթե մեր սլաքն ուղղենք թուրքերի դեմ, այլ ոչ Թուրքիա պետության. Ռուբեն Բաբայան
Բանախոսները բարձր գնահատեցին թեկուզ ուշացած, բայց կարևոր հայտարարությունը, որն հայերի պահանջատիրությունը տեղափոխում է այլ՝ իրավական դաշտ։
«Պահանջատիրության հիմնական ուժը լինելու է ունեզրկված Սփյուռքը, որ անհող, անհայրենիք հայություն է և իրավունք ունի աշխարհին իր պահանջները ներկայացնել բայց հիմա արդեն իրավական դաշտում,-նշեց գրող բանաստեղծ, նկարիչ Էդուարդ Միլիտոնյանը։
Պրոֆեսոր Ռուբեն Բաբայանը նշեց, որ դատական գործընթացը բացառում է որևէ հուզականություն։ «Հենց սկսենք այս հարցում հուզականություն դրսևորել, համոզված եղեք, որ կպարտվենք»,-նշեց Բաբայանը՝ ավելացնելով, որ Հայոց Ցեղասպանությունը եղել է Օսմանյան կայսրությունում, որը չի ցանկացել, դիտավորյան չի պաշտպանել իր քաղաքացիների կյանքը՝ լինի հայ, թուրք, թե այլազգի։ Սա արդեն նշանակում է, որ տեղի է ունեցել հանցագործություն։ Մեղավորը Թուրքիա պետությունն է, և եթե դատապարտումը տեղափոխում են թուրք ազգին դատապարտելու դաշտ, մեղավորությունը հանում ենք Օսմանյան կայսրության ղեկավարության ուսերից։
Իրավական դաշտում երբևէ հաղթանակի չենք հասնի, եթե մեր սլաքն ուղղենք թուրքերի դեմ, այլ ոչ Թուրքիայի պետության՝ որպես Օսմանյան կայսրության ժառանգորդի։
«Մեղավորը լինում է պետությունը. եթե շարունակենք համոզել, որ թուրք ժողովուրդը միշտ էլ մարդասպան է, ավելի լավ է մենք որևէ միջազգային դատարան չմտնենք»,-նշեց Բաբայանը։
Նրա դիտարկմամբ՝ Արամ Առաջինի հայտարարությունը ճիշտ է, բայց որքանո՞վ ենք այժմ պատրաստ այդ քայլին։ Կամ կաթողիկոսի հայտարարությունը դեռ չի նշանակում, որ պետք է դիմել հենց վաղը։ Յուրաքանչյուր դատական գործընթաց պատշաճ նախապատրաստում է պահանջում։
Հարցն իրական դաշտ տեղափոխելը բանախոսների համար շատ ողջունելի քայլ է, սակայն ըստ նրանց՝ պետք է ամբողջովին պատրաստ լինել դրան։
Գրող, գրականագետ Արտեմ Հարությունյանը այս քայլը ուշացած համարեց, սակայն նշեց, որ. «Հոգևորականի հայտարարությունը Սփյուռքի տրամադրվածության մասին նշան էր, կայծ, որ Հայաստան պետությունը դատական պրոցեսներ սկսի Թուրքիայի դեմ։ Սփյուռքի ցաքուցրիվ միությունները ամուր հիմքեր չունեն։ Փոխարենը, սա նշան է, որ Հայաստանը սկսի դատական հարված նախապատրաստել Թուրքիայի դեմ»։