ՏԻԳՐԱՆ ԵՎ ԱԺԴԱՀԱԿ
Իսկապես, տեղին է նշել, որ Տիգրան Երվանդյանի կերպարը հայոց պատմության մեջ արհեստականորեն նսեմացված է, և շատերն անգամ նրան կիսաառասպելական կերպար են համարում: Եվ տարօրինակ է, որ խորհրդային պատմագիտությունն անգամ նրան հայոց արքաների գահացանկում չի ներառել, կամ ներառել է որպես Տիգրան Երվանդյան, այլ ոչ Տիգրան Ա, քանզի Տիգրան Ա ընդունված է համարել Տիգրան Մեծի հորը, որը թագավորել է մ.թ.ա. 115-95 թթ.:
Ինչևէ: Քերթողահայրը, վառ գույներով նկարագրելով Տիգրանի թագավորության շրջանը, նշում է, որ նրա օրոք հայոց աշխարհը լի էր ճոխությամբ, գեղեցկությամբ, լիությամբ, նա հայոց բանակը վերափոխեց, կուռ մարտական միավոր սարքեց, որից սարսափում էին հայոց թշնամիները: Տիգրանն իր բանակով Հայաստանն ազատեց օտարի լծից, իր քաջությամբ ու արիությամբ բարձրացրեց հայոց հարգն ու պատիվը աշխարհում, շենություն ու խաղաղություն բերեց հայոց աշխարհին:
Նա նաև արդարամիտ ու արդարադատ թագավոր էր, չէր արհամարհում նվաստներին, չէր նախանձում լավագույններին, և հայոց աշխարհում բոլորը վայելում էին արքայի բարեհաճությունն ու հովանավորությունը:
Մովսես Խորենացին անգամ արքայի արտաքինն է նկարագրել: Նա գանգրահեր, խարտյաշ, գունեղ դեմքով, մեղմահայացք, թիկնեղ ու վայելչակազմ տղամարդ էր: Տիգրան արքան պարկեշտ էր, չափավոր ուտել-խմելու մեջ, վարքով ժուժկալ էր, խրախճանքների մեջ` օրինավոր:
Տիգրանի թագավորության տարիները բարդ էին աշխարհաքաղաքական առումով: Արևելքում տարածված էր Մարաստանի գերիշխանությունը: Մարաց արքա Աժդահակը փառասեր, նենգ, հզոր տիրակալ էր: Տիգրան Երվանդյանը, որպես դրացի, բարեկամական հարաբերություններ էր հաստատել Աժդահակի հետ, և հայոց ու մարաց պետությունները դաշնակիցներ էին համարվում: Սակայն Աժդահակին դուր չէր գալիս Տիգրանի ընկերությունը պարսիկ Կյուրոսի հետ: Կյուրոսն ու Տիգրանը մտերիմ էին, և դրա մեջ մարաց արքան դավադրություն էր որոնում իր և իր պետության դեմ:
Սակայն, ըստ երևույթին, դեպքերը զարգացան աստվածային նախախնամությամբ: Մի գիշեր Աժդահակը սարսափազդու երազ տեսավ:
- Երազումս մի անծանոթ երկրում էի, մի բարձրաբերձ լեռան մոտ, որի գագաթը թվում էր պատած սարսափելի սառնամանիքով։ Կարծես մեկը ասելիս լիներ, թե դա Հայկազանց երկիրն է։ Երբ ես երկար նայում էի այդ լեռանը, հանկարծ մի ծիրանազգեստ կին երևաց՝ ծածկված երկնագույն քողով, բարձր լեռան գագաթին նստած։ Կինը բարձրահասակ էր, խոշոր աչքերով, կարմիր այտերով և ծննդաբերության ցավերով էր բռնված։
Ես հիացմունքով ու ակնապիշ երկար ժամանակ նայում էի այդ կնոջը։ Հանկարծ կինը ազատվեց և բերեց երեք զավակ, երեքն էլ հասակով ու տեսքով կատարյալ դյուցազուններ։ Առաջինը, առյուծի վրա նստած, սլացավ դեպի արևմուտք, երկրորդը, ընձի վրա հեծած, դիմեց հյուսիս, իսկ երրորդը, վիթխարի վիշապ սանձած, բուռն թափով հարձակվեց մեր տերության վրա։
Այս խառն երազների մեջ մեկ էլ ինձ թվաց, թե ես կանգնած եմ իմ ապարանքի տանիքին, ուր ցայտում էին բազմաթիվ գունագեղ շատրվաններ. այնտեղ էին կանգնած նաև մեզ պսակող աստվածները՝ իրենց հրաշալի տեսքով, և ես, ձեզ հետ միասին, նրանց պատվում էի զոհերով և խնկով։
Այդ պահին հանկարծ վեր նայեցի և տեսա այն վիշապ հեծած մարդուն, որ արծվի նման վայր սլանալով` հարձակվեց մեզ վրա և մոտենալով ուզում էր կործանել մեր աստվածներին։ Այդ պահին ես կռվի մեջ մտա և այդ սքանչելի դյուցազնի հարձակումն ինձ վրա ընդունեցի։ Նախ նիզակների տեգերով սկսեցինք միմյանց մարմինները խոցել և արյան վտակներ հոսեցնել, որի հետևանքով ապարանքի արեգակնատիպ երեսը դարձավ արյան ծով։ Հետո երկար ժամանակ կռվեցինք այլ զենքերով։
Բայց զուր եմ խոսքս այսքան երկարացնում, որովհետև կռիվը վերջացավ իմ կործանումով։ Տագնապալի հուզմունքից սաստիկ քրտնել էի, քունս փախավ, և թվում էր, թե այլևս կենդանի չեմ,- պատմում է նա երազը իր խորհրդականներին ու խնդրում մեկնաբանել այն:
Խորհրդականները, երազը մեկնելով, ասում են, որ Հայկազյան Տիգրանից հարձակում է սպասվում Մարաստանի վրա: Իր երկրից երևութական այդ վտանգը վանելու համար մարաց արքան իր խորհրդականների հետ դավ է նյութում: Որոշում են պատգամաբեր ուղարկել հայոց երկիր` Տիգրանի մոտ, նրանից Աժդահակի համար խնդրել քրոջ` գեղեցկադեմ ու իմաստուն Տիգրանուհու ձեռքը: Այդպես էլ անում են: Պատմահայր Խորենացին անգամ մեջբերում է Աժդահակի պատգամը հայոց արքային. «Քո եղբայրությունը գիտե, որ աշխարհում ոչ մի բան այնքան օգտակար չէ, քան աստվածների պարգևած սերն ու միաբանությունը, մանավանդ իմաստունների և հզորների միջև։ Այդ դեպքում դրսից խռովություններ չեն ծագի, ծագելու դեպքում էլ իսկույն կընկճվեն, իսկ ներքին խռովությունները կհալածվեն, որովհետև դրսից նպաստող չի լինի։ Բարեկամությամբ պայմանավորված այս շահավետ օգուտը նկատի առնելով` ուզում եմ առավել խոր ու հաստատուն դարձնել սերը մեր միջև, որպեսզի երկուսս էլ ապահով զգալով՝ հաստատուն և ամբողջական պահենք մեր տերությունները։ Այդպես էլ կլինի, եթե դու ինձ կնության տաս քո քրոջը՝ Հայոց մեծ օրիորդ Տիգրանուհուն։ Եվ եթե համաձայնես, ապա նա կդառնա թագուհիների թագուհի։ Ողջ եղիր, մեր թագակից և սիրելի եղբայր»։
Հայոց Տիգրան արքան, անտեղյակ իր դեմ լարված դավադրությունից, համաձայնում է Աժդահակի առաջարկին ու քրոջն ամուսնացնում մարաց արքայի հետ, որը Տիգրանուհուն կարգում է որպես իր տիկնանց առաջինն ու Մարաստանի թագուհի:
Դավադրության առաջին մասն իրագործված էր: Ապա Աժդահակն իր ապագա պատերազմում իր թագուհու` Տիգրանի քրոջ աջակցությունն ստանալու նպատակով նրան փորձում է տրամադրել եղբոր դեմ` ասելով, որ Տիգրանի աչքը մարաց գահին է, իսկ այդ դեպքում Տիգրանուհու փոխարեն մարաց թագուհի կդառնա Տիգրանի կինը` Զարուհի թագուհին: Ապա Աժդահակը բացում է իր ծրագրերը Տիգրանուհու առաջ` ասելով, որ պատրաստվում է դավ նյութել հայոց արքայի դեմ ու նրան ծուղակը գցել:
Հասկանալով մահվան սպառնալիքը` Տիգրանուհին հավաստիացնում է ամուսնուն, թե աջակից է նրան, ապա հավատարիմ մարդկանց միջոցով սպասվող դավադրության մասին լուր է ուղարկում հայոց աշխարհ:
Իր ծրագիրն իրագործելու համար Աժդահակը պատգամավոր է ուղարկում հայոց արքունիք և պետական հույժ կարևոր գործեր քննարկելու պատրվակով Տիգրան արքային հրավիրում է հանդիպման Մարաստանի ու Հայաստանի սահմանագլխին:
Սակայն Տիգրան արքան դիվանագիտության չի դիմում և բացահայտելով մարաց Աժդահակի նենգությունը` բացեիբաց պատրաստվում է պատերազմի` ողջ Հայաստանով զորահավաք անելով:
Միաժամանակ, հավատարիմ անձանց շնորհիվ, Տիգրանին հաջողվում է գերությունից ազատել քրոջն ու զորքն առաջնորդել Մարաստանի դեմ:
Գլխավոր ճակատամարտում Տիգրան արքան մենամարտի է հրավիրում նենգ Աժդահակին: Մենամարտի ժամանակ իր երկար նիզակով շամփրելով Աժդահակի կուրծքը` ճեղքում է նրա զրահն ու նիզակի հետ մարմնից հանում մարաց արքայի թոքը:
Մենամարտից հետո մարաց բանակը խուճապահար փախչում է, և պատերազմն ավարտվում է Տիգրանի փառահեղ հաղթանակով:
Պատերազմից հետո Տիգրանը գերում է Աժդահակի ողջ ընտանիքը և արքունիքը: Նա Աժդահակի առաջին կնոջը` Անուշին, իր զավակների հետ բնակեցնում է Գողթն գավառում, Նախճավանի մատույցներում:
Տիգրանուհին Աժդահակին զավակ չի պարգևել: Հայտնի չէ` նա հետագայում ում հետ է ամուսնացել, բայց պատմահայր Խորենացին ավանդում է, որ Տիգրանուհուց է սերել հայոց աշխարհում «Ոստան ազատությանց» արքայազարմ ազնվական դասակարգը: