ՂԵՎՈՆԴ ԱԼԻՇԱՆ
«Լեզուն կորսնցնելե յետև և մանավանդ անոր հանդեպ անհոգ ըլլալեն յետև մէկ ալ ազգային սովորությունք և հիշատակք և նշանք շուտով կկորսվին»։
Ղևոնդ Ալիշան
Հայերս միշտ աչքի ենք ընկել գիտության նկատմամբ առանձնակի մոտեցմամբ: Բավական է միայն հիշել, որ աշխարհում միայն մեր նախնիներն են դիցարանում ունեցել գիտության և դպրության հովանավոր աստված՝ Տիր:
Շատ հայ անվանի գրողներ, գիտնականներ են ապրել աշխարհում: Բայց նրանցից ամենաբեղմնավորը Ղևոնդ Ալիշանն է, որի ստեղծագործությունները եթե հավաքենք մի տեղ, կստացվի մեծածավալ 50 հատոր:
Ալիշանների տոհմը ծագումով Կարինից է: XVIII դարավերջին ապագա գիտնականի հայրը՝ կարինցի կաթոլիկ Պետրոս-Մարգարը, որ մասնագիտությամբ հնագետ-դրամագետ էր, կնոջ՝ Թագուհու հետ տեղափոխվեց և բնակություն հաստատեց Օսմանյան կայսրության մայրաքաղաք Կոստանդնուպոլսում: Մարգարն արագ աչքի ընկավ իր աշխատանքով և շուտով սուլթանի արքունիքից հրավեր ստացավ՝ զբաղեցնելու սեղանավորի պաշտոն և վերահսկելու օսմանյան արքունիքի ծախսերն ու եկամուտները:
1820 թ. հուլիսի 6-ին Ալիշանների ընտանիքում մանուկ ծնվեց, որին ծնողները Քերովբե անվանակոչեցին: Երկու տարի անց ծնվեց Սերովբե մանուկը:
Ալիշանները խաղաղ ապրում էին, վայելելով հասարակության հարգանքն ու պատիվը, բայց 1827 թ. պատուհասը ցնցեց նրանց ընտանեկան անդորրը: Օսմանյան Թուրքիայի տարածքում մեծ թիվ էին կազմում հայ կաթոլիկները: Առհասարակ կաթոլիկ եկեղեցին և Վատիկանը բավական ազդեցիկ էին Թուրքիայում: Սա դուր չէր գալիս Հայ առաքելական եկեղեցուն, որ իր ազդեցությունը հայության շրջանում պահելու և ուժեղացնելու նպատակով երբեմն ծայրահեղ, անգամ ապազգային ու նենգ գործողությունների էր դիմում: Եվ ահա, 1827 թ. հայ կղերականները սուլթանի մոտ մատնությամբ և ամբաստանությամբ են հանդես գալիս՝ Պոլսում հաստատված հազարավոր հայերի մեղադրելով պետական դավաճանության մեջ. իբր հայ կաթոլիկներն են Թուրքիայի թշնամիներին հրահրում Oսմանյան պետության դեմ:
Եվ սուլթանի հրամանով շուրջ 12 հազար հայ աքսորվեց Թուրքիայից: Աքսորվածների թվում էր նաև պալատի սեղանավոր Մարգար-Պետրոս Ալիշանն իր կնոջ՝ Թագուհու և երկու զավակների՝ Քերովբեի ու Սերովբեի հետ:
Տարագրությունը երկար չտևեց, և երեք տարի անց Ալիշանների ընտանիքը վերադարձավ Կոստանդնուպոլիս:
1830 թ. Կոստանդնուպոլսում Մխիթարյան միաբանությունը հայոց դպրանոց է բացում՝ Չալըխյան վարժարանը, որտեղ սովորելու են ընդունվում Ալիշան եղբայրները:
Սերովբեի և Քերովբեի առաջադիմությունը լավագույնն էր տասնյակ ուսանողների մեջ, և երկու տարի անց՝ 1832 թ. նրանք, ընկերակից ունենալով ևս մեկ ուսանողի՝ Մկրտիչ Ավգերյանին, ուղևորվում են Վենետիկ՝ ուսանելու Մխիթարյան ճեմարանում:
Այս ուղևորությունն ամենևին էլ երջանկաբեր չէր Ալիշան եղբայրների համար: Նրանք դեռ նավի վրա ստանում են իրենց մոր մահվան բոթը: Երկու տարի անց մահանում է նաև հայրը՝ Պետրոս-Մարգարը, և տակավին պատանի եղբայրները որբանում են:
1836 թ. Քերովբե Ալիշանը դառնում է Մխիթարյան միաբանության անդամ, քահանա է ձեռնադրվում և ստանում Ղևոնդ անունը:
1841 թվականից Ղևոնդ Ալիշանը Վենետիկի Ռաֆայելյան վարժարանում դասավանդում է պատմություն և բարոյագիտություն, իսկ երկու տարի անց՝ 1843 թ., դառնում է վարժարանի տնօրենը: Վարժարանի տնօրեն ընտրվելու գործում մեծ դերակատարություն ունեցան Ղևոնդ Ալիշանի մարդկային որակները: Նա ժամանակակիցների հուշերում բնութագրվում է որպես անխարդախ, համակրելի, անկեղծ մարդ և հոգևորական:
1850 թ. Ղևոնդ Ալիշանն իր դիմումի համաձայն ազատվում է տնօրինությունից և Հռոմ մեկնում՝ ուսումնասիրելու հին ձեռագրեր:
Հռոմում ուսումնասիրության տարիներին նա իտալահայ գաղութում հասարակական աշխատանքներ է կատարում: Փորձեր է անում հաշտեցնել միմյանց դեմ անհանդուրժող պայքարի ելած հայ լուսավորչականներին և կաթոլիկներին: Ալիշանը նաև ճամփորդում է Եվրոպայում՝ լինելով Արևմտյան Եվրոպայի գրեթե բոլոր մայրաքաղաքներում և տեղում ուսումնասիրելով առկա հայ մատյանները:
Այդ տարիներին՝ 1849-1851 թթ., Ղևոնդ Ալիշանը խմբագրում է «Բազմավեպ» հայագիտական հանդեսը, նաև հայերեն է թարգմանում Բայրոնի «Չառլզ Հարոլդի կյանքը» պոեմից մի հատված:
Ուսումնառության ավարտին՝ 1852 թ., նա վերադարձավ Վենետիկ և գործի անցավ Ռաֆայելյան վարժարանում:
1859 թ. Ղևոնդ Ալիշանը տեղափոխվեց և բնակություն հաստատեց Փարիզում՝ աշխատանքի անցնելով Մուրադյան վարժարանում:
Սակայն, մի քանի տարի անց նա կրկին վերադարձավ Վենետիկի սուրբ Ղազար կղզի, իսկ 1872 թվականից հետո առհասարակ թողեց մանկավարժական գործունեությունն ու նվիրվեց հայագիտական ուսումնասիրություններին:
Փարիզում Ալիշանին այցելել և նրա մասին դրվատանքի բազում խոսքեր է գրել մեկ ուրիշ մեծանուն հայ՝ Միքայել Նալբանդյանը, որ խոսելով Մուրադյան վարժարանում տիրող կրոնական ոգու մասին՝ միաբաններից առանձնացնում է Ալիշանին՝ որպես լուսավորյալ անհատականության:
Գիտական գործունեության հետ Ալիշանը նաև գրական ժառանգություն է թողել: Նա «Բազմավեպում» Նահապետ ստորագրությամբ հրատարակել է մի շարք բանաստեղծություններ և պոեմներ («Ողբամ զքեզ, Հայոց աշխարհ», «Հրազդան», «Մասիսու սարերն», «Աշոտ Երկաթ ի ծովուն Սևանա»), որոնք նրա պոեզիայի բարձրակետն են։
Նա իր ուժերը փորձեց նաև պատմավեպի ժանրում՝ գրելով «Կարմիր Վարդան» և «Աբգար դպիր» գործերը:
Ալիշանը տիրապետում էր եվրոպական և հին արևելյան բազմաթիվ լեզուների, ինչը հնարավորություն է տվել թարգմանություններ կատարելու հին աղբյուրներից:
Հայագիտական ուսումնասիրությունների ասպարեզում արժեքավոր են հատկապես Ղևոնդ Ալիշանի «Հայապատում» և «Տեղագիր hայոց մեծաց» շարքը: Ուշագրավ է, որ ականավոր գիտնականը երբեք չի եղել Հայաստանում: Սակայն աղբյուրագիտական լայնամասշտաբ ուսումնասիրությունների արդյունքում կարողացել է ճշտել ու փաստել շատ պատմա-աշխարհագրական տեղանուններ:
«Տեղագիր hայոց մեծաց» աշխատությունը նա նախատեսել էր գրել հայոց բոլոր 15 աշխարհների մասին: Սակայն հասցրեց հրատարակել միայն «Շիրակ», «Սիսվան», «Սիսական», «Այրարատ» աշխատությունները, որոնք շատ արժեքավոր գործեր են հայագիտական ուսումնասիրությունների առումով:
Ուշագրավ է «Հին հավատք կամ հեթանոսական կրոն հայոց» աշխատությունը, որում Ալիշանն անդրադարձել է արիադավան Հայաստանի պաշտամունքային համակարգին ու ծիսակարգերին:
Բայց Ալիշանի ուսումնասիրությունների ոլորտն ավելի ընդգրկուն էր, քան հայագիտությունն ու հայոց պատմությունը: Նա «Հայբուսակ» աշխատության մեջ ուսումնասիրել ու դասակարգել է Հայկական լեռնաշխարհում հանդիպող ավելի քան 3500 բուսատեսակ:
Շատ ուսումնասիրողներ հենց Ղևոնդ Ալիշանին են համարում հայոց աշխարհաբար պոեզիայի հիմնադիրը: «Պլպուլն Ավարայրի» և «Հայոց աշխարհիք» բանաստեղծությունները, որ հեղինակը տպագրեց «Բազմավեպում» Նահապետ ստորագրությամբ, հիրավի աշխարհաբար պոեզիայի առաջին հաջողված գործերն են:
Ալիշանը նաև հայ գրականության մեջ նոր ռոմանտիզմի ուղղության սկզբնավորողներից է: Հարություն Ալամդարյանից հետո Ալիշանն առաջինն էր, որ դասական ոճից անցում կատարեց ռոմանտիզմին:
Ղևոնդ Ալիշանը նաև առաջիններից էր հայ իրականության մեջ, որոնք բանահավաքչությամբ զբաղվեցին: Նա «Ռամկական երգեր» հոդվածում հայոց տարբեր գաղթօջախներում հավաքած շուրջ 19 երգ հրատարակեց: Ալիշանը կոչ էր անում ընթերցողներին, որ Հայաստանի տարբեր մասերում հավաքեն, գրի առնեն երգերը, կենդանի խոսքը:
Ղևոնդ Ալիշանը ժամանակի հայ առաջադեմ մտավորականներից էր: Նա հայության փրկությունը տեսնում էր միմիայն զինված ազատագրական պայքարի մեջ՝ իր գրվածքներում կոչ անելով համընդհանուր ապստամբության, իսկ Հայաստանի ապագան տեսնում էր լուսավորյալ միապետության մեջ:
Իր երկարատև գործունեության արդյունքում Ղևոնդ Ալիշանը բազում պատիվների է արժանացել համաշխարհային ճանաչում ստացած գիտական հաստատությունների կողմից: Նա ֆրանսիական ակադեմիայի «Պատվո լեգեոնի» դափնեկիր էր, Իտալիայի ասիական ընկերության, Մոսկվայի ու Սանկտ Պետերբուրգի հնագիտական ընկերությունների անդամ, Վենետիկի ակադեմիայի, Ենայի փիլիսոփայության ակադեմիայի պատվավոր անդամ և դոկտոր:
Մեծ հայորդին մահկանացուն կնքեց 1901 թ. նոյեմբերի 9-ին Վենետիկում: Նրա աճյունն ամփոփվեց սուրբ Ղազար կղզում:
Ղևոնդ Ալիշանի մասին հակիրճ, բայց դիպուկ է արտահայտվել Սիմոն Երեմյանը. «Հայր Ալիշանի համբուրելի ճակատը…Նրա ամբողջ կյանքը եղած է ճգնության խնկարան և դպրության թանգարան»:
Ղևոնդ Ալիշանը նաև Դանիել Վարուժանի կուռքն էր, ըստ նրա՝ «Ալիշանը բանաստեղծ էր, որ գիտություն կըներ: Այս կնշանակե, թե գիտությունը կժողովրդականացներ»: