Իսրայելը և Թուրքիան կկարգավորեն հարաբերությունները
Իսրայելի և Թուրքիայի ներկայացուցիչները մոտ ժամանակներս հանդիպելու են` երկկողմ հարաբերությունների կարգավորմանն ուղղված քայլերը քննարկելու համար:
Հունվարի 30-ին միջազգային լրատվամիջոցները հայտնել են, որ ԱՄՆ փոխնախագահ Ջոզեֆ Բայդենը հեռախոսազրույց է ունեցել Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի հետ: Ամերիկյան վարչությունում հստակեցրել են, որ խոսակցությունը վերաբերում էր “ իսրայելա-թուրքական հարաբերությունների բարելավմանն ուղղված ջանքերի և Արևելյան Միջերկրականում էներգետիկ համագործակցության քննարկմանը”:
Թել Ավիվի և Անկարայի հարաբերությունները վատթարացել են 2010թ. մայիսին: Իսրայելական հատուկ ուժերը 2010 թվականին հարձակում են գործել թուրքական “Մավի Մարմարա” նավի վրա , որը ըստ պաշտոնական վարկածի, հումանիտար օգնություն էր հասցնում Գազայի հատվածի պաղեստինցիներին: Իսրայելական կողմի իրականացրած ռազմական գործողության արդյունքում մահացել է Թուրքիայի ինը քաղաքացի:
Հինգ տարի անց Իսրայելի կառավարությունը պատրաստակամություն է հայտնել փոխհատուցել զոհվածների ընտանիքներին 20 միլիոն դոլար: Դա սակայն չի գոհացնում Անկարային, որը մտադիր է ընդլայնել իր ներկայությունը Պաղեստինում:
Թուրք-իսրայելական հարաբերությունների ակտիվացումը համընկավ Սիրիայում ռուսական օդուժի ռազմական գործողությունների մեկնարկի հետ; Թուրքական լրատվամիջոցների համաձայն Թուրքիան ցանկանում է ռազմական տեխնիկա ձեռք բերել Իսրայելից, այդ թվում` անօդաչու թռչող սարքեր, հետախուզության և հսկողության համակարգեր և այլն: