Հայերեն   English   Русский  

Ուկրաինայի նախագահը չի բացառում Ռուսաստանի հետ բաց պատերազմի վտանգը


  
դիտումներ: 845

Գերմանական թերթերից մեկին տված հարցազրույցում Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն ասել է, որ Ռուսաստանի դեմ բաց պատերազմի հավանականությունն այս տարի ավելի մեծ է քան անցյալ տարի: Նա նաև նշել է, որ Վլադիմիր Պուտինը տեղեկատվական պատերազմ է սկսել Գերմանիայի դեմ: Այս մասին հաղորդում է Reuters լրատվականը:

Կանցլեր Անգելա Մերկելի հետ ունեցած հանդիպման ժամանակ Պորոշենկոն հայտնել է, որ Ռուսաստանը չի իրականացրել Մինսկի համաձայնագրի կետերից ոչ մեկը, որոնցով առաջին հերթին նախատեսվում է Ուկրաինայի արևելքում կառավարական զորքերի և ռուսամետ ապստամբների միջև հրադադարի հաստատումը: Ըստ Պորոշենկոյի` Ռուսաստանն ամեն կերպ փորձում է իր ներկայությունն ապահովել Ուկրաինայի արևելքում:

Երեքշաբթի օրը տեղի ունեցած հեռախոսազրույցի ժամանակ Անգելա Մերկելը Պուտինին կոչ է արել հոգ տանել, որ Ուկրաինայում հրադադար պահպանվի և ԵԱՀԿ-ի ներկայացուցիչները կարողանան ուսումնասիրություն իրականացնել հակամարտության գոտում:

Պաշտոնական Բեռլինը կասկածներ ունի, որ Ռուսաստանը փորձում է քաղաքական պառակտում մտցնել Գերմանիայում և թուլացնել Մերկելի իշխանությունը: Գերմանիայի իշխանությունների հավաստմամբ Ռուսաստանը ցանկանում է անկայունություն մտցնել Եվրոպայում սեփական նպատակներն իրագործելու համար:

Մոսկվան դեռևս չի պատասխանել Բեռլինի հնչեցրած մեղադրանքներին:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: