Հայերեն   English   Русский  

​Հոբելյան.ԱԶԳԻՆ ՆՎԻՐՎԱԾ ԿՅԱՆՔ


  
դիտումներ: 1884

«Երկրին շատ պղինձ էր պետք, երկրին շատ պղինձ պետք էր տալ: Այս պայմաններում կենսական անհրաժեշտություն դարձավ տպագիր թերթի ստեղծումը Ալավերդում: 1931 թվականի գարնանն ինձ կանչեցին Կենտկոմ և ասացին, որ անձամբ ներկայանամ Կենտկոմի առաջին քարտուղար ընկեր Աղասի Խանջյանին: Նա ինձ ընդունեց իր փոքրիկ առանձնասենյակում, հետաքրքրվեց իմ առօրյայով, առողջական վիճակով, ապա ասաց. «Պատրաստվիր մեկնել Ալավերդի: Թերթ ենք ստեղծում, քեզ էլ խմբագիր ենք նշանակում,- գրել է Ռաֆիկ Շիրոյանը «Պղնձի ֆրոնտում» թերթի անդրանիկ համարում:- 1931 թ. հունիսի 10-ին Ղարաքիլիսայում (Կիրովական) տպագրվեց «Պղնձի ֆրոնտում» թերթի առաջին համարը: Մեզ հետ վերցնելով թերթի ամբողջ տիրաժը՝ գնացքով վերադարձանք Ալավերդի: Հունիսի 11-ի վաղ առավոտյան տեղ հասանք: Թերթի կապոցները ձեռքներիս ես ու Բաբկենը գնացինք ճաշարան: Շատ չանցած ներս մտավ շրջգործկոմի ցրիչը՝ կարմրաթուշ մի տղա, և դիմելով ինձ՝ ասաց. «Շրջկոմում ժողով է, Երևանից մեծ մարդ է եկել, ընկեր Բախշին ձեզ շտապ կանչում է:

Ես վերցրի թերթի մի քանի օրինակ և շտապեցի շրջկոմ: Այնտեղ հավաքվել էին շրջանի, ձուլարանի, հանքերի ղեկավարները: Սեղանի մոտ նստած էր Աղասի Խանջյանը: Երբ ներս մտա, ասաց՝ բերի՞ր: Ես սեղանին դրի «Պղնձի ֆրոնտում»-ի առաջին համարը և մի քանիսն էլ բաժանեցի ներկաներին: Խանջյանը, արագ աչքի անցկացնելով թերթը, դարձավ ներկաներին. «Ահա ձեր թերթը և ձեր խմբագիրը: Հիմա ձեզ քննադատելու են հրապարակորեն, եթե հետ մնաք տեմպերից: Չեն նայելու ո՛չ դիրքի, ո՛չ էլ պաշտոնի:

Այսպես ծնվեց, թևեր առավ և զորացավ «Պղնձի ֆրոնտում» թերթը՝ Ալավերդու բանվորների և կոլտնտեսականների հավատարիմ օգնականն ու խորհրդատուն»:

Թերթ, որ անցավ «Պղնձի ֆրոնտում»-«Լոռի»-«Թումանյանական աշխարհ» լուսավոր ու լուսավորող ճանապարհը և ահա շուտով կդառնա 85 տարեկան:

Ալավերդու քաղաքապետ Կարեն Փարեմուզյանի կարգադրությամբ կազմվել է հոբելյանական հանձնաժողով, որի կազմում ընդգրկվել եմ նաև ես: Հոբելյանի (11.06.2016 թ.) առիթով փորձում էի հիշել թերթի հետ կապված տարբեր անձանց՝ խմբագիրների, թղթակիցների, տպարանի աշխատողների: Եվ առաջին հերթին հիշեցի ՀԿԿ կենտկոմի առաջին քարտուղար Աղասի Խանջյանին ու դրա հետ կապված մի հրապարակում: Այն առանց լուրջ միջամտության, ժամանակագրական փոքրիկ շտկումներով ուզում եմ ներկայացնել ընթերցողին:

Հունվարի 30-ին լրացավ վանեցի Աղասի Ղևոնդի Խանջյանի ծննդյան 115-ամյակը:

115-ամյա ճանապարհ, որից երկրային կյանքում՝ ազգանվեր ու մաքառումի ընդամենը 35 տարի…

Աղասի Խանջյանը մեծ ջանքեր է ներդրել ՀԽՍՀ ժողտնտեսության զարգացման, ժողկրթության գործը կազմակերպելու, հայրենադարձության կազմակերպման, հայրենանվեր այլ գործերի իրականացման ուղղությամբ:

1963 թ. հրատարակված նրա հոդվածների և ճառերի ժողովածուի հպանցիկ թերթումից հետո չկարողացա դիմանալ այն ամբողջապես ընթերցելու գայթակղությանը, քանի որ աշխատանքին ու ազգին նվիրված դրվագները, գնահատականները, խոհերն ու խորհուրդները մնում են արժեք, մնում են ուսանելի: Հնգօրյա «Պղնձի ֆրոնտում»-ը 2-րդ համարում (հունիսի 16) գրել է.

«1931 թ. հունիսի 12-ին կենտկոմի 1-ին քարտուղար Խանջյանի ղեկավարությամբ Ալավերդում կայացած ՀԿ (Բ)Կ կենտկոմի քարտուղարության և կուսակցության ակտիվի համատեղ նիստում քննարկվել է Ալավերդու կոմբինատի դիրեկտոր Հայկ Ջալլաթյանի զեկուցումը պղնձի արտադրության պլանների կատարման մասին:

Արձանագրվել են լուրջ թերություններ պղնձի արտադրության գործում թե՛ քանակական, թե՛ որակական ցուցանիշներով: Քարտուղարությունը կոնկրետ միջոցներ է նշել գործարաններն ու հանքերը բանվորական ուժով ապահովելու, բանվորների և ծառայողների նյութական և կենցաղային պայմանները բարելավելու, ինչպես նաև շինարարական աշխատանքների տեմպերը արագացնելու համար:

Քարտուղարության նիստի մասնակիցների սեղանին դրվեց Ա. Խանջյանի անմիջական հանձնարարությամբ հիմնադրված «Պղնձի ֆրոնտում» թերթի անդրանիկ համարը, որը ազդարարում էր բանվորների և ինժեներա-տեխնիկական աշխատողների աշխատանքային խանդավառությունը պղնձի արտադրության համար մղվող պայքարը գլխավորելու իր առաքելության մասին:

Քարտուղարության նիստը դարձավ բեկումնային: Կատարվեց բանվորական ուժերի մոբիլիզացիա այլ շրջաններից, որն էլ դարձավ լավ նախապայման երկրին 6000 տոննա պղինձ տալու տարեկան առաջադրանքը կատարելու համար: Նաև Ա. Խանջյանի գնահատականներն ու առաջարկություններն էին Ալավերդու և Ղափանի պղնձահանքերի վերակառուցմանը նվիրված ՀաՄԿ /Բ/Կ կուսակցության անդրերկրկոմի 1931 թ. դեկտեմբերի 10-ի հատուկ միջոցառումների պլանի հիմքում:

Պղնձարտադրության պլանների կատարման ընթացքը քննարկվել է նաև Ա. Խանջյանի ղեկավարությամբ անցկացված ՀԿ/Բ/Կ կենտկոմի 1932 թ. հոկտեմբերին կայացած 3-րդ պլենումում: Պլենումը առանձնակի ուշադրություն է դարձրել երկրաբանա-հետախուզական աշխատանքների, արտադրության մեքենայացման, նյութական խթանման և արտադրության մեթոդների կատարելագործման խնդիրներին: 1932-ին Ալավերդու գործարանն արդեն ղեկավարում էր ալավերդցիների աշխատանքային փառքի տարեգրության մեջ նշանակալից էջեր թողած Մակար Շեստակովը, իսկ Հայկ Ջալլաթյանը ղեկավարում էր 1931-ի օգոստոսին ստեղծված «ԶԱԿ ՑՎԵՏՄԵՏ» տրեստը:

…Գործարանը վերակառուցվում էր: Շարք մտավ Ձորագէսի հիդրոկայանը…

Կան մարդիկ, որոնք իրենց ապրած ողջ գիտակցական կյանքում հավատարիմ են մնում ի վերուստ տված մարդկային բարձր ու աստվածահաճո առաքելությանը:

Սեր ու նվիրում գործին, ազգին՝ ավելացրած կամային զորեղ հատկանիշներ ու անձնազոհություն, որ Ա. Խանջյանին դարձրին անհատի պաշտամունքի, կամայականությունների զոհ 1936 թ. հուլիսի 9-ին. ինչպես ընդունված էր ասել` «սպանություն չպարզված հանգամանքներով»:

Փետրվարի առաջին օրերն էին: Երևանի քաղաքային պանթեոնում Ա. Խանջյանի շիրիմին թարմ ծաղիկներ տեսա ու միանգամից Անդրանիկ զորավարի խոսքերը հիշեցի. «Ես իմ վաստակի գնահատականներ չեմ փնտրում, այլ ցանկանում եմ, որ ապրի երջանիկ այն ժողովուրդը, որին ծառայում եմ ողջ կյանքում»:

Հ.Գ.- Աղասի Խանջյանի դիմանկարին ուզում եմ որպես յուրատիպ ուրվագիծ ավելացնել նաև լոռեցի ստեղծագործող Սեյրան Մոսինյանի պատմածը. «Հայաստանի կոմունիստական կուսակցության կենտկոմի առաջին քարտուղար Աղասի Խանջյանը Թբիլիսիից գնացքով վերադառնալիս է եղել Երևան: Սանահին կայարանում գնացքը սովորականից երկար է կանգնել: Գնացքից իջած Խանջյանը Օձունի հարթավայրի լանջին նկատել է աշխատող ճանապարհաշինարարներին: Խնդրել է իրեն տանել այնտեղ: Մոտենալով՝ նկատել է բարձրության վրա աշխատող մեկին: Իմանալով, որ նա իր անունն է կրում, նաև նույնն են իրենց ծննդյան թվերը, խոստացել է նվեր ուղարկել նրան և կարճ ժամանակ անց թանկարժեք նվերը` ձայնարկիչ-պատիֆոնը, հասել է հասցեատիրոջը: Երկար տարիներ Մոսինյաններն այն պահպանել են որպես սուրբ մասունք:

Վաղարշակ ՂՈՐԽՄԱԶՅԱՆ





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: