Ճապոնիան ուժեղացրել է Ռուսաստանի դեմ սահմանված պատժամիջոցները
Նոր պատժամիջոցները արգելում են ռուսական բանկերին արժեթղթեր թողարկել
Ճապոնիայում, ինչպես նաև խստացնում են Ռուսաստան արտահանվող զենքի
սահմանափակումները:
Այս տարվա ընթացքում Ճապոնիան երրորդ անգամ է
պատժամիջոցներ սահմանում Ռուսաստանի դեմ: Սակայն Եվրոպական միության և
Միացյալ Նահանգների սահմանած պատժամիջոցների խստացումից մեկ շաբաթ անց
արված այս հայտարարությունը վերջին րոպեին կատարված քայլ էր Ճապոնիայի
համագործակցությունը մյուս G-7 երկրների հետ ցույց տալու համար:
Ճապոնիայի
արտաքին գործերի նախարար Ֆումիո Կիշիդան այս շաբաթվա վերջին ՄԱԿ-ի գլխավոր
ասամբլեայի շրջանակներում կհանդիպի G-7 –ի իր գործընկերների հետ:
Ճապոնիայի
սահմանած նախկին պատժամիջոցները ավելի համեստ էին Միացյալ Նահանգների և
Եվրոպական միության սահմանած պատժամիջոցների համեմատությամբ, քանի որ
Տոկիոն չի ցանկանում բարդացնել Ռուսաստանի հետ իր հարաբերությունները՝
ներառյալ տնտեսական կապերը և վիճահարույց կղզիների շուրջ եղած
բանակցությունները:
Օգոստոսին Ճապոնիան սառեցրել էր Ուկրաինայից Ղրիմի
անջատմանը աջակցող 40 անհատների և խմբերի հաշիվներ և արգելել Ղրիմից
իրականացվող ներմուծումները: Ավելի վաղ Ճապոնիան միայն կասեցրել էր որոշ
հարցերի շուրջ Ռուսաստանի հետ իրականացվող երկկողմ բանակցությունները և
մուտքի արտոնագրի արգելք կիրառել 23 անհատների նկատմամբ, որոնց անունները
չեն հրապարակվել: