Եվրոպայի առաջնությունում անպայման կունենանք մեդալներ.Արմեն Նազարյան
-Պարոն Նազարյան, ինչպե՞ս առաջացավ Հայաստանի ընտրանու հետ Երևանում համատեղ հավաք անցկացնելու գաղափարը:
-Երևանում համատեղ մարզում անցկացնելու ցանկություն անցած տարվանից կար: Քանի որ 2016-ը օլիմպիական տարի է, որոշեցինք համատեղ մարզումների միջոցով իրար օգնել, միասնական ու օգտակար լինել, որպեսզի կարողանանք ամբողջական թիմերով մասնակցել օլիմպիական խաղերին:
-Մինչ օրս Հայաստանի հավաքականը ունի՝ երկու, իսկ Բուլղարիայի ընտրանին մեկ օլիմպիական ուղեգիր:
-Առայժմ այո, սակայն վարկանիշային մրցաշարերից հետո երկու թիմերի ուղեգրերի քանակը զգալիորեն կավելանա: Հենց այդ նպատակով էլ անցկացնում ենք համատեղ հավաք: Բացի այդ, մենք նախապատրաստվում ենք Ռիգայում կայանալիք Եվրոպայի առաջնությանը, որտեղ անպայման կունենանք մեդալներ, իսկ թե ինչ գույնի, կերևա տեղում:
-Ներկայիս Հայաստանի հավաքականը Ձեզ գոհացնո՞ւմ է:
-Հայաստանի հավաքականում կան տիտղոսակիր ըմբիշներ, որոնցից մեր տղաները սովորելու բան ունեն:
-Հնարավո՞ր է՝ մինչև օլիմպիական խաղերը ևս մեկ համատեղ հավաք անցկացնեք Հայաստանի հավաքականի հետ:
-Ամռանը՝ օլիմպիական խաղերի նախաշեմին, չի բացառվում մեկ համատեղ հավաք անցկացնելը, իսկ հետագա տարիներին՝ հաջողությամբ կհամագործակցենք Հայաստանի հավաքականի հետ: