Ադրբեջանը պետք է կատարի ԵԽ-ի առջև ստանձնած պարտավորությունները. Ան Բրասեր
Նա հայտարարել է երկրում ուժեղ ընդդիմության գործունեության համար
օրենսդրական երաշխիքների բացակայության մասին, առանց որի առկայության
ժողովրդավարությունն անհնար է:
Բրասերը նաև կենտրոնացրել է ուշադրությունն Ադրբեջանի քաղաքացիական հասարակության ակտիվիստների վերջին ձերբակալությունների վրա:
ԵԽԽՎ
նախագահը նշել է, որ Ադրբեջան կատարած եռօրյա այցի ընթացքում հանդիպել է
երկրի նախագահի, խորհրդարանի խոսնակի, խորհրդարանում քաղաքական
կուսակցությունների ներկայացուցիչների, արդարադատության նախարարի, գլխավոր
դատախազի, քաղաքացիական հասարակության ակտիվիստների և ազատազրկման մեջ
գտնվող անձանց հետ:
Նրա խոսքով՝ խորհրդարանում հանդիպումների
ընթացքում քննարկումների հիմնական թեման Ղարաբաղյան հակամարտությունն է
դարձել: Բրասերը նշել է, որ խնդիրը կարող է կարգավորվել երկխոսության
միջոցով, և ԵԽ-ն աջակցում է ԵԱՀԿ Մինսկի խմբի ջանքերին:
Բրասերը
մատնանշել է, որ ԵԽԽՎ-ում գոյություն ունեն Ադրբեջանի և Հայաստանի
պատվիրակություններ, և վեհաժողովը կարող է ներդրում ունենալ հակամարտության
կարգավորման գործում երկխոսության միջոցով: Նա նաև հիշեցրել է, որ 2005
թվականին ԵԽԽՎ-ն ղարաբաղյան խնդրի վերաբերյալ բանաձև է ընդունել:
Բրասերը
նշել է, որ երկրի նախագահի հետ հանդիպմանը բարձրացրել է նաև
քաղբանտարկյալների ազատ արձակման հարցը: Նա ընդգծել է, որ լավատես չէ և չի
կարծում, որ քաղբանտարկյալները շուտով ազատ կարձակվեն, սակայն միևնույն
ժամանակ չի բացառել 1-2 մարդու ազատ արձակումը:
Բրասերը տեղեկացրել
է, որ հետաքրքրվել է նաև քաղաքացիական հասարակության ակտիվիստների
զանգվածային ձերբակալությունների պատճառներով: Նա անհանգստություն է
հայտնել կալանավայրում իրավապաշտպան Լեյլա Յունուսի վրա գործադրված
ճնշումների մասին հաղորդագրությունների կապակցությամբ և կոչ է արել
անցկացնել նրա դեմ բռնության փաստերի հետաքննություն: