Ուկրաինան Եվրատեսիլում կներկայանա ռուսական բռնաճնշումների մասին երգով
Երգչուհի Սուսանա Ջամալադինովան, ով հանդես է գալիս Ջամալա բեմական անվան ներքո, ընտրվել է կիրակի երեկոյան` ժյուրիի ձայների և շուրջ 380,000 հանդիսատեսի քվեարկության արդյունքում: Նրա երգը, որը վերնագրված է «1944», պատմում է նույն թվականի մասին, երբ ստալինյան վարչակարգը թաթարներին արտաքսեց Ղրիմից` նրանց գնացքներով ուղարկելով Կենտրոնական Ասիա: Թաթարներից շատերը ճանապարհին մահացան: Մինչև 1980-ական թթ. նրանց չէր թույլատրվում վերադառնալ Ղրիմ:
Երգի բառերը չեն վերաբերում Ղրիմի միացմանը Ռուսաստանին, սակայն անուղղակիորեն վերաբերում են նաև ներկայիս ռուս-ուկրաինական հարաբերություններին:
Եվրատեսիլ երգի մրցույթում չի թույլատրվում քաղաքական ենթատեքստ ունեցող երգերի ներկայացումը: 2009թ. մրցույթի կազմակերպիչները որակազրկեցին Վրաստանի մասնակցին, քանի որ վերջինիս երգը ծաղրի էր ենթարկում Վլադիմիր Պուտինին: