ՀՀ Անկախության 23-րդ տարեդարձին նվիրված միջոցառում Ուկրաինայում
Ընդունելությանը ներկա էին Ուկրաինայի նախագահի աշխատակազմի, կառավարության ներկայացուցիչներ, Գերագույն Ռադայի պատգամավորներ, գիտության, մշակույթի գործիչներ, ԶԼՄ–ների, հայ համայնքի և այլ բնագավառների ներկայացուցիչներ:
Ընդունելությանը մասնակցում էին դեսպաններ, դիվանագիտական կորպուսի և միջազգային կազմակերպությունների այլ ներկայացուցիչներ:
Ողջունելով հյուրերին` Ուկրաինայում ՀՀ Դեսպան Անդրանիկ Մանուկյանը իր ելույթում նշեց, որ չնայած բազմաթիվ դժվարություններին, խնդիրներին, մարտահրավերներին, մեզ պարտադրված պատերազմին, Թուրքիայի և Ադրբեջանի կողմից շարունակվող շրջափակմանը` հայ ժողովուրդը, շնորհիվ իր տոկունության, հավատի, կամքի, միասնականության և համախմբվածության, կարողացավ հաղթահարել դժվարին խնդիրները և այսօր վստահությամբ կերտում է իր ապագան:
ՀՀ դեսպանը նշեց, որ հայ–ուկրաինական կապերը խարսխված են Ուկրաինայում հայոց դարավոր ներկայության վրա: Մեր ժողովուրդների բարեկամությունը ունի հազարամյա պատմություն, և այդ ողջ ժամանակաընթացքում մեր հայրենակիցները Ուկրաինայի հյուրընկալ հողում իրենց ակտիվ մասնակցությունն են բերել երկրի զարգացման գործում:
Նա գոհունակությամբ նշեց, որ ներկայիս շուրջ հինգ հարյուր հազարանոց հայ համայնքը ,պահպանելով նախնիների պատմական ավանդույթները, ակտիվորեն մասնակցում է Ուկրաինայի պետականության զարգացմանն ու ամրապնդմանը` պահպանելով իրենց ազգային ինքնությունը:
Դեսպան Մանուկյանը հույս հայտնեց, որ Ուկրաինան կհաղթահարի ներկայիս դժվարությունները և կկառուցի իր ժողովրդի երազներին և պատկերացումներին համապատասխան ապագա:
Դեսպանն անդրադարձավ հայ-ուկրաինական երկկողմ հարաբերությունների տարբեր բնագավառներին` խոսելով նաև մշակութային բնագավառից ու անդրադառնալով Ուկրաինայի մեծ զավակ Տարաս Շևչենկոյի ծննդյան 200-ամյակին:
Նա շեշտեց, որ այդ առիթով տարաբնույթ միջոցառումներ են կազմակերպվել Հայաստանում: Երևանում տեղադրվել է նրա հուշարձանը: ՀՀ դեսպանության և հայ համայնքի կողմից մի շարք միջոցառումներ են կազմակերպվել նաև Ուկրաինայում:
Ընդունելությանը համերգային ծրագրով հանդես եկավ «Կիև կլասիկ» սիմֆոնիկ նվագախումբը: