Հայերեն   English   Русский  

ԱՌԱՆՇԱՀԻԿՆԵՐ


  
դիտումներ: 4721

Հայկական ազնվական շատ տոհմերն իրենց դերակատարմամբ էական հետք են թողել թե՛ հայոց, թե՛ տարածաշրջանի պատմության մեջ՝ կերտելով մեր պատմությունն ու մշակույթը:

Առանշահիկների արքայական տոհմը, ի տարբերություն Արտաշեսյանների, Արշակունիների, Բագրատունիների, մյուս արքայական տոհմերի, համեմատաբար փոքր տարածաշրջանում է գործել, բայց պակաս կարևոր դերակատարություն չի ունեցել: Ավելին՝ կենսունակ է գտնվել ժամանակի արհավիրքների նկատմամբ. տոհմից շատերն ապրեցին ու գործեցին նաև մեր պատմության նոր շրջանում:

Առանշահիկների տոհմը գործել է Հայոց Արևելից կողմանց երկրում՝ Աղվանքում, ինչպես նաև՝ Արցախ-Ուտիքում: Նրանց անվան հետ են կապված երկրամասի պատմության փառահեղ, հաղթական էջերը:

Տոհմանունը ծագում է Հայկ նահապետի որդի Սիսակի զարմից՝ Առան նահապետից: Խորենացին այս Առանի մասին գրում է. «Առաջինը բոլոր մտավոր և հանճարեղ գործերում»: Հետևաբար, Առանշահիկները բնիկ հայկյան տոհմ էին և ծագմամբ որևէ աղերս չունեին աղվանների կամ կովկասյան այլ ժողովուրդների հետ: Ծագելով Հայկ նահապետից՝ նրանք, որպես ազնվազարմ տոհմ, ամենաերկարակյացն ու ամենակենսունակը եղան հայ իրականության մեջ:

Հայոց Արշակունիների թագավորության անկումից հետո Առանշահիկները V դարում Հայոց Աղվանքը անկախ հռչակեցին և տիրակալեցին նաև Արցախ-Ուտիքում: V դարի կեսին Աղվանից աշխարհում աչքի ընկավ Վաչե Բ արքան, որ Աղվանքն ապստամբեցրեց պարսից դեմ: Սակայն Վաչեն չհետևեց վարդանանց կործանարար գծին ու Աղվանքը զերծ պահեց ավերումներից:

Ամեն դեպքում Առանշահիկներից Բակուր իշխանն իր 700 մարտիկներով Վարդանանց բանակում մասնակցեց Ավարայրի ճակատամարտին:

Վաչեի եղբորորդին՝ Վաչագան Գ Բարեպաշտը (487-510), իրեն փառավորեց մեծամեծ գործերով: Նա ընդարձակեց իր տիրապետության սահմանները՝ հյուսիսում հասնելով Կովկասյան լեռներին, իսկ հարավում նրա տիրույթներն ընդգրկում էին Քուռ գետի միջին հոսանքը: Նա ոչ միայն հզոր ու ինքնիշխան տիրակալ էր, այլև լավ վարչարար: V դարում Վաչագան Բարեպաշտը ստեղծեց աշխարհում առաջին սահմանադրությունը:

Հետագայում՝ XVIII դարում, երկրորդ սահմանադրությունը դարձյալ հայերինս էր՝ Մադրասի խմբակի ստեղծած «Որոգայթ փառացը»: Աշխարհի մյուս ժողովուրդները սահմանադրություն ունեցան դրանից հետո:

Շուտով Առանշահիկների դեմ ոխերիմ թշնամիներ ի հայտ եկան: Հայոց Աղվանքում հաստատվեց պարսից Միհրանյանների տոհմը: Ճիշտ է՝ Միհրանյանները քրիստոնեություն ընդունեցին և հայացան, բայց նրանք Առանշահիկների դեմ արյունահեղ կռիվներ մղեցին առաջնության համար: Միհրանյաններին հաջողվեց ծուղակը գցել Առանշահիկներին և գրեթե բնաջնջել հայոց հնամենի այդ տոհմը: Սակայն Առանշահիկներից ոմանք այնուամենայնիվ փրկվեցին և վերսկսեցին պայքարն իրենց իրավունքների համար: VII դարի Աղվանքն այդ հզոր տոհմերի միջև արյունահեղ պատերազմների թատերաբեմ էր: Ի վերջո, այս պատերազմում Առանշահիկները հաղթեցին: Նրանք բնաջնջեցին Միհրանյաններին և դարձյալ Հայոց Արևելից կողմանց իշխանությունը վերցրին իրենց ձեռքը:

IX դարում հակաարաբական պայքարի բովում Առանշահիկներից իրեն փառավորեց հատկապես Եսայի Աբու Մուսեն: 852 թ., երբ արաբ զորավար Բուղան 200- հազարանոց բանակով արշավեց Հայաստան և հպատակեցրեց գրեթե ողջ երկիրը, համառ դիմադրության հանդիպեց Արցախում: Եսայի իշխանը փոքրաթիվ ուժերով ամրացավ Քթիչ բերդում: Ամիսներ շարունակ Բուղան չկարողացավ ընկճել բերդի քաջ պաշտպաններին: Արաբները կատաղությունից հիմնահատակ կործանեցին բերդի ստորոտում գտնվող հայոց եկեղեցին: Որպեսզի արաբներին բարոյապես ընկճեն՝ Եսայի իշխանի հրամանով քաջ արցախցիք ցերեկը կռիվ էին տալիս թշնամու դեմ, գիշերը սարի գլխին նոր եկեղեցի կառուցում: Ի նշանավորումն այդտեղ մղված թեժ մարտերի՝ սարը և եկեղեցին կոչվեցին Թեժ:

Չկարողանալով հաղթել քաջ հայորդուն՝ Բուղան միայն խաբեությամբ ու սուտ երդումներով կարողացավ ամրոցից իջեցնել նրան, գերել և իր հետ Բաղդադ տանել:

Առանշահիկների մյուս ճյուղը, որ հաստատվել էր Խաչենում Սահլ Սմբատյանի գլխավորությամբ, նույնպես հզոր մարտեր մղեց արաբական տիրակալության դեմ: Սահլ իշխանը 837 թ., ջարդելով Բաբեկի զորագնդերը, նրան ձերբակալեց և հանձնեց արաբական խալիֆայությանը: Սահլ Սմբատյանից հետո Խաչենում հայերի պայքարն առաջնորդեց Ատրներսեհ իշխանը, իսկ նրա զարմից Համամ Արևելցին այնքան հզոր էր, որ իր երկիրն անկախ թագավորություն հռչակեց՝ հիմք դնելով Փառիսոսի թագավորությանը:

Առանշահիկները շարունակեցին ազատագրական պայքարում առաջնորդել Հայոց Արևելյան կողմանց ժողովրդին: XI դարում Հայաստանը ենթարկվեց սելջուկ թուրքերի ասպատակություններին: Առանշահիկների մի մասն ամրացավ Արցախի Դիզակ գավառի Գորոզ ամրոցում և կազմակերպեց տարածաշրջանի պաշտպանությունը սելջուկներից: Ի դեպ, նրանք թագավոր տիտղոսն էին կրում, որ, իհարկե, այդ ժամանակաշրջանում չէր համապատասխանում նրանց դիրքին և աստիճանին:

Առանշահիկների մյուս ճյուղը հաստատվեց Խաչենում, նրանց նստավայրերն էին Հանդաբերդն ու Խոխանաբերդը: Հետագայում Խաչենի և առհասարակ, Խամսայի մելիքները սերեցին հենց Առանշահիկների այս փառահեղ ճյուղերից: Իսկ Խամսայի մելիքությունը փաստացի Բագրատունյաց թագավորության անկումից հետո միակ հայկական անկախ իշխանապետությունն էր Հայաստանի տարածքում:

Անգամ մոնղոլական արշավանքները չընկճեցին Առանշահիկներին Արցախ-Խաչենում: Այստեղ Առանշահիկների Վախթանգյան տոհմն իր շուրջն է համախմբում կարող ուժերին և ամրակուռ իշխանություն ստեղծում: Հաթերքի տեր Վախթանգ իշխանի մահից հետո նրան հաջորդում է Հասան Ջալալ Դոլան, որը հայ մատենագրության մեջ անգամ թագավոր տիտղոսով է հորջորջվում: Զաքարյանների և Օրբելյանների կողքին սա, ինչ խոսք, խոսուն փաստ է Առանշահիկների հզորության մասին:

Հասան-Ջալալ Դոլայի մայրը հայոց թագավորներ Զաքարե և Իվանե Զաքարյանների քույր Խորիշահն էր:

Հասան-Ջալալ իշխանն իրեն փառավորեց նաև Արցախի մարգարիտի՝ Գանձասարի վանական համալիրի կառուցմամբ: Հենց այս Հասան-Ջալալ Դոլայից սերեց ուշ միջնադարում Արցախում մեծ հեղինակություն և ազդեցություն ունեցած Հասան-Ջալալյանների տոհմը:

Հասան-Ջալալյաններն իրենց ձեռքն առան երկրամասի թե՛ քաղաքական, թե՛ հոգևոր իշխանությունը: Նրանք Գանձասարում Էջմիածնին հակաթոռ կաթողիկոսություն ստեղծեցին և տոհմիկ վարում էին նաև Գանձասարի կաթողիկոսության պաշտոնը:

Նրանցից ամենանշանավորը թերևս XVIII դարի գործիչ Եսայի Հասան-Ջալալյանն էր՝ իր հակասական կերպարով: Եսայի Հասան-Ջալալյանը մերթ կանգնած էր ազգային ազատագրական շարժման ակունքներում, մերթ թուրքերի հետ հաշտեցման և Արցախի հպատակեցման դիրքերում:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: