Ջոն ՔԵՆԵԴԻ
Պատմության մեջ կան առեղծվածներ, որոնք, ըստ երևույթին, երբևէ չեն պարզաբանվի:
Ահավասիկ. ԱՄՆ նախագահներ Աբրահամ Լինքոլնն ու Ջոն Քենեդին զբաղվել են քաղաքացիական իրավունքի հարցերով: Լինքոլնը նախագահ ընտրվեց 1860 թ., Քենեդին` 1960 թ.: Երկուսն էլ սպանվեցին ուրբաթ օրը` իրենց կանանց ներկայությամբ: Սպանված երկու նախագահների հաջորդները հարավի նահանգներից էին, երկուսի անունն էլ` Ջոնսոն: Է. Ջոնսոնը ծնվել է 1808 թ., իսկ Պ. Ջոնսոնը` 1908 թ.: Լինքոլնին սպանող Ջոն Ուիլքս Պուրը ծնվել է 1839 թ., իսկ Քենեդուն սպանող Լի Հարվարդ Օսվալդը` 1939 թ.: Պուրն ու Օսվալդը սպանվեցին դատվելուց առաջ: Զոհված երկու նախագահներն էլ Սպիտակ տանն աշխատանքի անցնելուց առաջ զավակ էին կորցրել: Լինքոլնի քարտուղարուհու անունը Քենեդի էր, որը խորհուրդ չէր տվել նախագահին թատրոն գնալ, ուր և սպանվեց նա: Նախագահ Քենեդու քարտուղարի անունը Լինքոլն էր, որը նույնպես խորհուրդ չէր տվել նախագահին գնալ Դալլաս, ուր սպանվեց:
Մի՞թե պատահական է պատահականությունների այս շղթան: Դժվար թե... Գուցե իրավացի՞ են նրանք, ովքեր կարծում են, թե Ջոն Քենեդու մեջ ապրում էր Աբրահամ Լինքոլնի հոգին:
Ինչևէ: Եթե այս հարցում գիտնականներն անզոր են, գուցե մոգերն ու քրմերը զբաղվեն...
Ջոն Ֆիցջերալդ Քենեդին ծնվել է 1917 թ. մայիսի 29-ին Մասսաչուսեթս նահանգում` պետական ծառայողի ընտանիքում: Նրա հայրը Ֆրանկլին Ռուզվելտի կառավարության անվտանգության ծառայության պետն էր, հետագայում` Անգլիայում ԱՄՆ դեսպանը: Ապագա նախագահի միլիոնատեր հայրն այնքան էլ լավ համարում չուներ ԱՄՆ-ում, բայց դա չէր խանգարում, որ ապահովեր իր զավակների աննախադեպ հաջողությունները: Ի դեպ, Ժոզեֆ Քենեդին ԱՄՆ մեծահարուստների դասում 12-երրորդն էր և իր հսկայական կարողությունն ամենևին էլ ազնիվ ճանապարհով չէր վաստակել:
Հենց հայրն էլ ապահովեց Ջոն Քենեդու գլխապտույտ վերելքը կառավարման սանդղակով: Ավարտելով Հարվարդի համալսարանը` ապագա նախագահը աշխատանքի է տեղավորվում հոր մոտ: Նա հաճախ էր տարբեր հանձնարարություններով գործուղվում Եվրոպա: Տակավին երիտասարդ` նա առիթ ունեցավ լինելու կապիտալիստական Լոնդոնում, կոմունիստական Մոսկվայում, ֆաշիստական Բեռլինում: Պատերազմը դիմավորեց Անգլիայում և պատվով կատարեց իրեն տրված հանձնարարականները: Առհասարակ, Ուինսթոն Չերչիլը Քենեդու հայացքների ձևավորման վրա շատ է ազդել: Քենեդին պատերազմի ժամանակ ակտիվ գործողությունների կողմնակից էր և կոչ էր անում ԱՄՆ ղեկավարությանը արագ զինվել: Անձամբ Քենեդին ԱՄՆ ռազմածովային ուժերում կամավորագրվեց, սակայն այդպես էլ չմասնակցեց մարտական գործողություններին, չնայած հետագայում` նախագահական քարոզարշավի ժամանակ, նրա թիմը Քենեդուն ներկայացնում էր որպես պատերազմի հերոս: Ի դեպ, այս երևույթը շատ տարածված էր հետպատերազմյան ԱՄՆ-ում:
Քենեդու թիմը չզլացավ անգամ նրան ներկայացնել որպես ԱՄՆ լավագույն մարզիկներից մեկը. իբր նախագահի թեկնածուն ֆուտբոլիստ էր, լողորդ և այլն... Անգամ Քենեդու ընդդիմադիրներից ոչ ոք չնկատեց, որ նախագահի թեկնածուն ի ծնե արատավոր է, նրա մարմնի մի կողմը մյուսից փոքր-ինչ երկար էր: Բացի այդ, մանկուց Ջոն Քենեդին հիվանդոտ ու թուլակազմ էր:
Ընդամենը 30 տարեկան հասակում նա հաղթեց Կոնգրեսի ընտրություններում, իսկ հինգ տարի անց երիտասարդ Քենեդին արդեն սենատոր էր Մասսաչուսեթս նահանգից: Նույն թվականին նա ամուսնացավ Ժակլին Բուվյեի հետ, որ ԱՄՆ ամենահարուստ, ամենաազդեցիկ ընտանիքներից էր: Սա հաշվարկ, դիվանագիտական ամուսնություն էր: ԱՄՆ-ում քաղաքական կարիերա ապահովելու համար լավ, կայուն ընտանիք է պետք ունենալ:
Բայց սա դեռ ամենը չէր: 1960 թ.` 43 տարեկան հասակում Ջոն Քենեդին դեմոկրատական կուսակցության կողմից առաջադրվեց որպես ԱՄՆ նախագահի թեկնածու և հաղթանակ տարավ` դառնալով երկրի պատմության մեջ ամենաերիտասարդ նախագահը: Ավելորդ չէ նշել, որ Քենեդին իր մրցակցին` Ռիչարդ Նիքսոնին հաղթեց ձայների չնչին` 0,17 տոկոս առավելությամբ:
Քենեդու հաղթանակը եզակի էր ոչ միայն իր երիտասարդ տարիքով. նա ԱՄՆ առաջին կաթոլիկ նախագահն էր, քանզի Քենեդիների տոհմն իռլանդական ծագում ուներ:
Կառավարման ծանր տարիներ էին բաժին ընկել Ջոն Քենեդուն: Երկրորդ համաշխարհային պատերազմի ավարտից հետո սկիզբ առած սառը պատերազմը թևակոխել էր նոր, վճռական փուլ: Կարիբյան ճգնաժամի տարիներն էին: Կուբայի շուրջ կրքերը թեժանում էին: Խորհրդային Միությունը, սակայն, անդրդվելի էր և խորհրդային ռազմանավերը, կարծես պատերազմ սանձազերծելով, երկու անգամ ճեղքեցին ԱՄՆ կողմից Կուբայի շրջափակումն ու մտան Կուբա:
Պենտագոնի գեներալները Քենեդուց անհապաղ հակահարված տալու հրաման պահանջեցին, ինչը, ամենայն հավանականությամբ, երրորդ համաշխարհային պատերազմի սկիզբը կլիներ: Սակայն ԱՄՆ երիտասարդ նախագահը շատ ավելի հումանիստ ու սառնասիրտ էր, քան իր գեներալները:
Քենեդին միայն ԽՍՀՄ-ի հետ փոխզիջումների հարցում չէ, որ ընդդիմացավ Պենտագոնի ղեկավարներին և իրեն նախագահական աթոռին հասցրած մեծահարուստներին: Նա մեծ բարեփոխիչ էր և ԱՄՆ-ում բարեփոխումների շարք սկսեց, ինչը սպառնում էր «ամերիկյան երազանքի» ճարտարապետների նախագծած մոդելին:
Դա էլ եղավ Քենեդու դատավճիռը:
Ամեն դեպքում ԱՄՆ երիտասարդ նախագահը սկանդալային անձնավորություն էր, և ոչ միայն քաղաքականության մեջ: Նա աշխարհին հայտնի էր որպես հմուտ սիրեկան: Քենեդին հասկանալով, որ հիվանդ է (տառապում էր Ադդիսոնի հիվանդությամբ, որ հայտնի է նաև բրոնզյա հիվանդություն անվամբ) և երկար չի ապրելու, ձգտում էր կյանքից քաղել ամեն ինչ, ամեն վայելք: Առհասարակ սիրում էր սիրահետել կանանց ասելով, որ իր համար կարևորը արդյունքը չէ, այլ ընթացքը: Շատերն են վկայել, որ Քենեդին անհագուրդ սիրամոլ էր: Իսկ նրա սիրուհիների թիվը փոքր չէր, և նրանց մեջ ամենասկանդալայինը, իհարկե, ոչ պակաս հանրաճանաչ և հանրության կողմից ոչ պակաս սիրելի Մերիլին Մոնրոն էր: Եվ նա սոսկ սիրուհի չէր, նա նաև հավակնում էր լինել Սպիտակ տան առաջին տիկինը` հույս ունենալով, որ Ջոն Քենեդին մի օր կամուսնալուծվի Ժակլինից և կամուսնանա իր հետ: Իր շրջապատում Մոնրոն անթաքույց խոսում էր այդ մասին:
Նրանց կապի մասին լավ գիտեր նաև Ժակլինը, սակայն իրեն և ամուսնուն չխայտառակելու համար միշտ լռում էր և խույս տալիս դերասանուհու հետ հանդիպումներից, չնայած Մերիլին Մոնրոն անձամբ քանի անգամ սադրել է Ժակլինին:
Ջոն Քենեդի, Ժակլին Բուվյե և Մերիլին Մոնրո. այս եռանկյունու յուրաքանչյուր կողմն այնքան տարբեր էր մյուսից: Նրանց միավորող երեք բան կար` սեր, ատելություն և թմրանյութեր, որոնց օգտագործումից զերծ չէր մնում նաև ԱՄՆ նախագահը:
1962 թ. նոյեմբերի 22-ը ԱՄՆ պատմության ամենասև ու ամոթալի օրերից է: Այդ օրը նախագահ Քենեդին կնոջ` Ժակլինի հետ, բաց լիմուզինով հանդիսավոր կերպով անցնում էր Դալլասով: Սակայն դիպուկահարի արձակած երկու կրակոցները ընդհատեցին նրա երթը: Փամփուշտներից մեկը մխրճվեց նախագահի պարանոցի, մյուսը` գլխի մեջ: Հիվանդանոց չհասած` Քենեդին մահացավ: Նրա աճյունն ամփոփեցին Արլինգտոնի ազգային գերեզմանատանը:
1963 թ. նոյեմբերի 22-ին Դալլասում հնչած կրակոցները, սակայն, վերջ չտվեցին Ջոն Քենեդու կյանքին: Նա սպանվեց, սպանվեց առեղծվածային ձևով: Բայց Քենեդուն սպանող Լի Հարվալդ Օսվալդը կրակոցներով սոսկ վերջ դրեց նրա երկրային կյանքին, և սկսվեց Քենեդու անմահությունը:
Ամուսնու սպանությունից շատ չանցած` նրա ահաբեկված կինը` Ժակլինը, ամուսնացավ հույն մեծահարուստ Օնասիսի հետ:
Ինչո՞վ էր պայմանավորված այս ամուսնությունը: Ժակլին Քենեդին Օնասիսի գրկում ապահովությո՞ւն էր փնտրում, թե՞ արդեն սովորել էր իր անձի շուրջ բարձրացվող հաճախակի աղմուկին ու բամբասանքներին: Կամ գուցե Ժակլինին պակասում էր շքեղությու՞նը... Ժակլին Քենեդու և Օնասիսի հարսանիքի օրը Ժակլինն ամուսնուց նվեր ստացավ 6 մլն 105 հազար ֆրանկ արժողությամբ թանկարժեք իրեր: Մեկ տարվա ընթացքում Օնասիսն իր կնոջը նվիրել է ևս 22 մլն ֆրանկ արժողությամբ իրեր: Ծննդյան օրը Ժակլինն ամուսնուց ստացավ 40 կարատանոց ադամանդյա ոսկե մատանի: Մեկ տարվա ընթացքում ընտանիքն իր արդուզարդի վրա ծախսեց 10 միլիարդ ֆրանկ:
Բայց չէ՞ որ Ժակլինն ինքը պակաս մեծահարուստ չէր: