Հայերեն   English   Русский  

Իսպանիայի ծայրահեղ ձախականները դատարան կդիմեն ԵՄ-Թուրքիա համաձայնագրի պատճառով


  
դիտումներ: 860

Իսպանիայի ծայրահեղ ձախականները պատրաստվում են դատական հայց ներկայացնել երկրի կառավարության ղեկավարի պաշտոնակատար Մարիանո Ռախոյի դեմ այն բանի համար, որ վերջինս համաձայնություն է տվել ԵՄ-ի և Թուրքիայի միջև միգրացիոն համաձայնագրի կնքմանը: Այս մասին հայտնում է РИА Новости-ն:

«Քրեական գործ» հարուցելու անհրաժեշտության մասին հայտարարել է «Միավորված ձախականների» առաջնորդ Ալբերտո Գարսոնը Մադրիդում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ: Նշվում է, որ դատավարության ընթացքում պատասխանողի դերում հանդես կգա ոչ միայն Ռախոյը, այլև Իսպանիայի ողջ կառավարությունը: Հայցը երկրի գերագույն դատարան կներկայացվի հաջորդ շաբաթ:

Իրավապաշտպան Գոնսալո Բոյեն հայտարարել է, որ համաձայնագիրը հակաիրավական է, քանի որ դրանով թույլատրվում է արտաքսել և բռնի տեղահանության ենթարկել հատուկ պաշտպանությունից օգտվող մարդկանց, որոնք փախել են զինված հակամարտությունների գոտուց: Ըստ Բոյեի` ԵՄ-Թուրքիա համաձայնագիրը հակասում է Իսպանիայի քրեական օրենսգրքին, ինչը ենթադրում է, որ իրավախախտներին կարող է սպառնալ պաշտոնանկությունից մինչև անգամ ազատազրկում:

«Այդ համաձայնագրով միլիոնավոր մարդկանց կյանք է վտանգվում: Այն ակնհայտորեն խախտում է միջազգային իրավունքի նորմերը, ուստի մենք գտնում ենք, որ Ռախոյը և Եվրոպական Խորհուրդը պատասխանատվություն են կրում մարդու իրավունքների ոտնահարման և բազմաթիվ մարդկանց մահվան համար», - ասել է Բոյեն:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: