Դիզելային վառելիք ու բենզին հին անվադողերից. հայ երիտասարդների նորարար բիզնեսը

Դավիթ Քարամյանն ու Վահան Ղարիբյանը Աբովյան քաղաքում 2014-ին հիմնեցին անվադողերի վերամշակման արտադրամաս, որտեղ պիրոլիզայնի` փակ անթթվածին այրման միջոցով հին ու մաշված, գործածության համար անպիտան անվադողերը վերամշակվում են, դրանցից «քամվում» է պիրոլիզային վառելիք, որը M100 մազութի ավելի որակյալ անալոգն է համարվում, դիզելային վառելիք ու բենզին, ինչպես նաև տեխնիկական ածխածին է ստացվում, որն էլ օգտագործվում է ռետինե-պլաստիկ նյութերի արտադրությունում, ասֆալտի մեջ և այլն: Նրանց հիմնած բիզնեսը Հայաստանում միակն է ու աննախադեպ, հավանաբար հենց դրանով է պայմանավորված հետաքրքրությունը նրանց ձեռնարկման շուրջ, իսկ արտադրությամբ հետաքրքրվում են թե՛ շարքային քաղաքացիները, թե՛ ԶԼՄ-ները և թե՛ պետական մարմինների ներկայացուցիչները:
Դավիթ Քարամյանի ու Վահան Ղարիբյանի հիմնած «Ամ-Էսկա» ընկերությունն ընդամենը 2014 թվականի հուլիսին է կառավարությունից ստացել վտանգավոր թափոնների մերամշակման, վնասազերծման, տեղափոխման և տեղադրման լիցենզիան:
«Ընդհանուր գաղափարը մի փոքր երկար սինթեզվեց, ես ու Վահան Ղարիբյանը վերամշակման ոլորտում աշխատելու արդեն մոտ 4 տարվա փորձ ունեինք, մինչ այդ աշխատում էինք պլաստիկ շշերի վերամշակման գործարանում ու ընդհանուր աղբավայրերի մենեջմենթի հետ կապված բավականաչափ գաղափար կազմել էինք: Հասկացանք նաև, որ հին անվադողերը տարիների ընթացքում կուտակվում են, դրանց «երկրորդ կյանք» տվող չկա: Անվադողերը 4-րդ կարգի վտանգավոր թափոն են, նվազագույնը 100-150 տարի է տևում դրանց քայքայումը բնության մեջ: Ու եկանք հետևյալ մտքին. առաջին հերթին անվադողերը կմաքրվեն, մենք բնությանն ահագին օգուտ կտանք: Երկրորդ` նավթամթերքի առումով մեր հարուստ չլինելու հանգամանքը հուշեց նման բիզնես հիմնել` ալտերնատիվ վառելիքի աղբյուր ստեղծել: Դրա համար որոշեցինք մի փոքր խորանալ հենց այդ ոլորտում. ինչ է կիրառելի, ինչ կարելի է անել, որ ավելի օգտավետ լինի գործունեությունը` թե՛ անվադողերից բնությունը մաքրելով, որպես թափոն դրանք վերամշակելով, թե՛ զուտ արտադրանքի հետ կապված»,- «Անկախին» պատմեց «Ամ-Էսկա» ընկերության համահիմնադիր Դավիթ Քարամյանը:
Ընկերներով առաջին երկընտրանքի առջև են կանգում. աշխարհում անվադողերի վերամշակման երեք եղանակ կա: Առաջինը անվադողերն աղալն ու դրանք ռետինային ֆրակցիաների տարբեր չափերի բաժանելն է: Դա տարբեր կիրառություններ ունի` սկսած ասֆալտի ծածկույթի մեջ օգտագործելուց մինչև խաղահրապարակների կառուցման մեջ օգտագործելը: Մյուս եղանակը սառեցնել-պայթեցնելու եղանակն է, որի արդյունքում էլի նույն պրոդուկտն է ստեղծվում` ռետինային գրանուլների արտադրություն: Իսկ երրորդ` ավելի բարդ, սակայն ավելի բազմազան արդյունք տվող եղանակը պիրոլիզային այրման միջոցով վերամշակման եղանակն է: Այս դեպքում էլ առաջանում են ռետինային գրանուլներ, պիրոլիզային վառելիք, որն օգտագործվում է արդյունաբերական վառարաններում կամ, օրինակ, ջերմոցներում ու համարվում է գազից 30-40 տոկոսով ավելի արդյունավետ՝ բարձր ջերմատվությամբ վառելիք:
Այնուհետև սկսվեց ներդրումների շրջանը. 450-500 հազար դոլարի ներդրումներ են ներգրավում: Մի մասը` ծնողների ու ծանոթ-բարեկամների օգնությամբ, մի մասը` վարկերով և այլն: Մտահղացումից մինչև առաջին արտադրանքի թողարկումը տևում է մոտ 1 տարի, իսկ հոսքագծի տեղադրումից մինչև առաջին որակյալ արտադրանքի թողարկումը` 3-4 ամիս: Հիմա «Ամ-Էսկա»-ն օրական 4,5-5 տոննա հին անվադող է մշակում ու կարող է 24 ժամում մոտ 3000 լիտր դիզելային վառելիք արտադրել:
Իհարկե, կապված դիզելային վառելիքի համաշխարհային գնանկման հետ, ներկայումս «Ամ-Էսկա»-ն դիզելային վառելիք չի արտադրում, սակայն մինչև վերջերս 1 տոննա անվադողից մոտ 400 լիտր էր ստանում ու հաջողությամբ վաճառում հենց հայկական շուկայում, քանի որ ստացվող դիզելի 1 լիտրի ինքնարժեքը, Դավիթ Քարամյանի հավաստմամբ, ավելի էժան էր, քան ներկրվող դիզվառելիքի համար առաջարկվող մեծածախ գինը: Հիմա ընկերությունը միայն պիրոլիզային վառելիք է արտադրում:
Սակայն խնդիրներ կան. հայ հանրությունը, ըստ Դավիթ Քարամյանի, չի սիրում նորույթ փորձարկել ու նախընտրում է, որ մեկ ուրիշն առաջինը փորձարկի, ինքը տեսնի նրա արդյունքներն ու նոր որոշի` արժե՞ այդ նյութը, մեթոդը կամ տեխնոլոգիան կիրառել, թե՞ ոչ: «Բայց կարևորը գաղափարն է ու այդ գաղափարը հետևողականորեն` քրտնաջան աշխատանքով իրականացնելը»,- պնդում է Դավիթ Քարամյանը:
«Մենք պատկերացնում էինք, որ սա դժվար գործ է լինելու, բայց իրականում այն մեր պատկերացրածից ավելի դժվար եղավ: Առաջին դժվարությունը կապված էր հումքի հետ: Անվադողերի հավաքումը մինչև հիմա էլ մեր ուժերով է կատարվում, մեր մեքենայով: Ասեմ դրսի փորձը. Ռուսաստանում անվադողերը տանում հանձնում են վերամշակողին ու դեռ մի բան էլ այդ վերամշակողին որոշակի գումար վճարում, քանի որ նա իրենց աղբն է վերամշակում: Դա մի մեծ գումար չէ, բայց վերամշակողին օգնում է որոշակի ֆինանսական խնդիրներ լուծելիս: Կենցաղային աղբը գալիս մեր շենքերի մոտից տանում են, ու մենք բոլորս դրա համար վճարում ենք: Բայց Հայաստանում անվադողերը նույն կերպ հավաքելու և հատուկ աղբավայր տանելու ընթացակարգը բացակայում էր, որովհետև մեր օրենսդրությամբ դրանց բաց տեղադրումը սովորական աղբավայրերում արգելվում է: Ու սկզբնական շրջանում մենք ստիպված եղանք վճարել անվադողերի դիմաց: Մենք վճարում էինք, և մարդիկ արդեն օգտվելով առիթից, որ այդ անվադողերն արդեն ինչ-որ բանի պիտանի են, սկսում էին գները բարձրացնել, այնինչ մինչ այդ ուղղակի թափում էին: Առաջին դժվարությունը հենց հավաքելու հետ էր կապված: Երկրորդ դժվարությունը. մեր չինացի գործընկերները չկարողացան նախապես խոստացված որակն ապահովել, Եվրո 3 ստանդարտի դիզվառելիք պետք է ստանայինք, ըստ իրենց հավաստիացումների, բայց մենք 180 աստիճանով տարբեր պրոդուկտ ստացանք: Ահագին ժամանակ ու ջանքեր վատնեցինք մեր ուզած որակով արտադրանքը ստանալու համար: Ի վերջո ստացանք մեր ուժերով, առանց չինացիների վրա հույս դնելու»,- պատմեց Դավիթ Քարամյանը:
Ընկերության հիմնադիրները սեփական լաբորատորիան են հիմնում, որտեղ էլ սեփական ուժերով, երկար ժամանակ գրականությունն ու իտերնետը «քրքրելուց» հետո կարողանում են ստանալ որակյալ դիզելային վառելիք: Սա էլ էր խնդիր, քանի որ նավթարդյունաբերության բացակայությամբ պայմանավորված` Հայաստանում նավթավերամշակման մասնագետներ ու տեխնոլոգիաներ չկային, այդ ամենը ձեռք բերելը խնդիր էր:
Իսկ նախաձեռնությունը բարձր ռիսկային էր. ոչ ոք մինչ այդ նման փորձ չէր արել, ու պարզ չէր` կհաջողվի՞, թե՞ ոչ: Բայց ամեն ինչ հաջողվեց: Նրանք նշում են, որ միշտ էլ ու բոլոր դեպքերում կարելի է հաջողության հասնել աշխատասիրությամբ, համբերատարությամբ, սեփական ոլորտը մշտապես ուսումնասիրելու և հմտություններն ու գիտելիքները խորացնելու միջոցով, չարչարվելով ու քրտնաջան աշխատելով:
Այդ աշխատասիրության շնորհիվ է, որ նրանք հաջողության են հասել՝ զարմանքի ու հիացմունքի խառը զգացումներ առաջացնելով նրանց շրջանում, ովքեր առաջին անգամ են լսում այդ եզակի արտադրության մասին: Իսկ «Ամ-Էսկան» տարեկան 1500-1600 տոննա հին անվադող է վերամշակում թե՚ հայրենի բնությունը մաքրելով վտանգավոր այդ թափոնից, թե՚ տեղում, առանց ածխաջրածինների բնական պաշարներ ունենալու, «նավթամթերքների» արտադրություն ստեղծելով, վերջին շրջանում նաև պաշտպանության նախարարությանն օգնելով (ընկերությունն իր հավաքած անվադողերի 30-40 տոկոսը ՊՆ-ին է տալիս` պաշտպանական նպատակով մեր հենակետերը անվադողերով պատելու համար):
Գևորգ Ավչյան