Հայերեն   English   Русский  

Թուրքիայի կողմից Սուրբ Կիրակոս եկեղեցու պետականացումը Պոլսո պատրիարքարանի թուլության և անգործության հետևանքն է. Արագած Ախոյան


  
դիտումներ: 1490

Թուրքիայի կառավարությունը հայկական եկեղեցիները պետականացնելու իրավունք չուներ. դա հակասում է իրենց իսկ Սահմանադրությանը:

Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց ԱԺ պատգամավոր, «Արևմտահայոց Ազգային Համագումար» կազմակերպության հիմնադիր անդամ Արագած Ախոյանը:

Հիշեցնենք, որ Թուրքիայի նախարարների խորհրդի որոշումով Դիարբեքիրի Սուրի շրջանում գտնվող բոլոր կառույցները, այդ թվում Դիարբեքիրի Սուրբ Կիրակոսը, պետականացվել են։

Ախոյանը պատմեց, որ բազմիցս եղել է Դիարբեքիր քաղաքում, որը պահպանել է իր պատմամշակությանին տեսքը: Այնտեղ է գտնվում Սուրբ Կիրակոսը և Սուրբ Սարգիսը: 2012 թվականին առաջին եկեղեցին վերանորոգվեց և մեծ գումար էր ծախսվել դրա համար` մոտ 2 մլն դոլար տրամադրել էին հայերը:

« Մենք ուրախացել էինք երկխոսության մշակույթի ձևավորման համար: Սակայն եկեղեցին կրկին ավիրվեց և ստացավ գրեթե նույն տեսքը, ինչ նախկինում:: Սուրբ Սարգիսի վերաբերյալ ունեինք պայմանավորվածություն, որ հետագայում դա նույնպես պետք է դառնար հայերի սեփականությունը, որտեղ պետք է կառուցվեր մշակույթի տուն, թանգարան և այլն: Այս ծրագրերը կային: Սակայն, ցավոք, Թուրքիան ապացուցեց, որ ոչինչ չի փոխվել. 100 տարի անց նույնն է մնացել»:

Ախոյանը նշեց, որ իրենց կազմակերպությունը դատապարտելու է այդ որոշումը, և նրանք չեն սահմանափակվելու հայտարարությամբ. «Թուրքական իշխանությունները`Անկարայում, պառլամենտում, մեր համախոհների դատապարտող ելույթների միջոցով իրենց մաշկի վրա կզգան մամուլի արձագանքը և Թուրքիայի առաջադեմ քաղաքացիները բացասական վերաբերմունքը այս ամենին»,-ասաց բանախոսը:

Նա հաղորդեց, որ նամակ է ստացել Աբդուլլահ Դեմիրբաշից, որին մեղադրում են Հայաստան կատարած այցի համար` Համահայկական խաղերի ժամանակ: Շատ քաղաքապետեր էին եկել անցյալ ամռանը` Մուշից, Բիթլիսից, որոնց բոլորին էլ ընդունեցին Բաղրամյան 26-ում: Անմիջապես վերադարձից հետո Դեմիրբաշը ձերբակալվեց: Ճնշումների ենթարկվեցին նաև այլ անձինք, որոնք եղել էին Հայաստանում:

«Դեմիրբաշը մինչև այսօր ենթարկվում է հետապնդումների: Քանի որ այլևս քաղաքապետ չէ, զբաղվում էր դասախոսությամբ, սակայն նրանց աշխատանքից ապօրինաբար հեռացրին, իբր թե ղեկավարությանը տեղյակ չպահելու համար այդ այցի մասին: Մենք խստորեն դատապարտում ենք նրանց` բռնապետությանը հատուկ քաղաքականությունը, որովհետև Թուրքիան իսկապես առաջվա Թուրքիան չէ: Այնտեղ կան մարդիկ, որոնք պատրաստ են պայքարել հանուն արդարության, հանուն Հայոց ցեղասպանության հետևանքների վերացման և հետագա մեր հայրենակիցների ենթագիտակցության վերաարտադրման համար»,- ասաց ԱԺ պատգամավորը:

Միաժամանակ նա ընդգծեց, որ տեղի ունեցող միջադեպերում մեղքի իր բաժինը ունի նաև Պոլսո Հայոց պատրիարքարանը. «Այս երևույթները, որ կատարվում են, Պոլսո պատրիարքարանի թուլության և անգործության հետևանքն է: Սա Աթեշյանի վարած քաղաքականության հետևանքն է. եկեղեցին չի պատկանում ո՛չ թուրքական պետականությանը, ո՛չ իշխանություններին. դա հայերի սեփականությունն է և պատկանում է Պոլսո պատրիարքարանին: Սակայն մենք չունենք ոչ մի արձագանք պատրիարքարանի կողմից, ոչ մի դատապարտող կամ քննադատող ելույթ կամ ինչ-որ բանաձև: Ակնկալում ենք պատրիարքարանի դիրքորոշումը այս հարցի նկատմամբ: Մի դեպքում Սիսի կաթողիկոսարանի համար դատական գործընթացներ են սկսվել, մյուս կողմից` օրը ցերեկով հայերի ունեցվածքը նորից վերցնում են մեր ձեռքից իշխանությունների ապօրինի որոշման հետևանքով»,- ասաց Արագած Ախոյանն` ընդգծելով, որ իրենք պայքարելու են, որպեսզի թուրքական իշխանությունները խելքի գան և զերծ մնան նման որոշումներից. «Առանց այդ էլ նրանց այլանդակություններից, իրենց ողջ պատմութայն ընթացդքում վարած քաղաքականությունից չեն կարողանում ձերբազատվել»:

Ինչ վերաբերում է թուրք-քրդական հարաբերություններին, ապա, ըստ Ախոյանի, պատմությունն այս հարցում էլ է կրկնվում. «Այն, ինչ տեղի ունեցավ հարյուր տարի առաջ այսօր կրկնվում է: Այն ժամանակ Բալկաններում թուրքերը պարտություն կրեցին, այսօր Սիրիայից և Իրաքից իրենց թաթիկները կտրվեցին, նրանք շուռ եկան և սկսեցին հաշվեհարդար լինել սեփական քաղաքացիների նկատմամբ: Այն ժամանակ հայերն էին «մեղավոր», հիմա էլ` քրդերը»:

Հերացու անվան Բժշկական համալսարանի պատմության և հասարակական գիտությունների ամբիոնի վարիչ, պատմական գիտությունների դոկտոր Վահան Մելիքյանը նույնպես այս իրողությունը տեսնում է որպես Մերձավոր Արևելքում տեղի ունեցող իրադարձությունների հետևանք. Սիրիայում կատարվող իրադարձությունների համատեքստում հայտնի է, որ սրվել են քուրք –դրական հարաբերությունները: Քրդական շարժումը ներկայացվում է որպես ահաբեկչական շարժում և դրանից ելնելով Թուրքիայի վարչակարգը անձամբ Էրդողանը դաժանաբար փորձում է լուծել քրդական ազատագրական շարժման հարցը` բռնությունների ավերածությունների և կոտորածների միջոցով. « Այդպես փետրվարի 6-ին ռմբակոծվեց Դիարբերքիրի Սուրի թաղամասը, և դրանից վնասվեցին քաղդեական, բողոքական և հայ առաքելլական ու կաթոիկ բազմաթիվ եկեղեցիներ և շինություններ: Մարտի 25-ին Թուրքիայի կառավարությունը Դիրարբերքիրի 6 300 կառույցներ աշխարհի և կրոնական պետականացրնելու որոշում կայացրեց. «Ոչ միայն աշխարհիկ, այլև կրոնական հաստատությունները դառնում են Թուրքիայի պետականության սեփականությունը, մինչդեռ հայտնի է, որ եկեղեցական հաստատությունները տվյալ համայնքների կրոնական ուղղությունների սեփականությունն են, որոնք գտնվում են Թուրքիայի պետականության վերահսկողության ներքո: Կարևոր է այն հանգամանքը, որ բանակցային երկխոսությունը քաղաքացիական հասարակության` թուրքական, քրդական և հայկական, լրջորեն վտանգվում է»,- նշեց Վահան Մելիքյանը:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: