Իսլանդիայի վարչապետը հրաժարական է տվել օֆշորային սկանդալի պատճառով
Ընկերության փաստաթղթերի արտահոսքից հետո պարզ է դարձել, որ Գյունլեյգսոնը և նրա կինը համատեղ օֆշորային ընկերություն ունեն, որի գոյության մասին պաշտոնյան երբևէ չի հայտարարել: Այժմ նա մեղադրվում է միլիոնավոր դոլարների արժողությամբ ընտանեկան կարողությունը թաքցնելու մեջ: Մայրաքաղաք Ռեյկյավիկում տեղի ունեցած բազմամարդ ցույցերի մասնակիցները պահանջել են ոչ միայն վարչապետի, այլ նաև կառավարության և դրա անդամների հրաժարականը: Գյունլեյգսոնը հերքում է մեղադրանքները` հայտարարելով, որի իր բաժնեմասերը վաճառել է կնոջը:
Հիշեցնենք, որ ավելի վաղ Լրագրողական հետաքննությունների միջազգային կոնսորցիումը հրապարակել է շուրջ 11,5 միլիոն գաղտնի փաստաթղթեր, որոնցում ներկայացված են տարբեր երկրների ներկայիս և նախկին ղեկավարների և նրանց ընտանիքների օֆշորային հաշիվները, նրանց կողմից գումարների լվացման և հարկերից խուսափելու մեխանիզմները: Նյութերը հիմնված են տեղեկատվական արտահոսքի վրա, որը տեղի է ունեցել պանամական «Mossack Fonseca» ընկերությունից: Վերջինս զբաղվում է օֆշորային գոտում ընկերությունների գրանցմամբ:
Հրապարակված փաստթղթերում հիշատակվում են Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, Մեծ Բրիտանիայի վարչապետ Դևիդ Քեմերոնի հանգուցյալ հայրը, ՌԴ նախագահ Պուտինի մի շարք մտերիմներ, Սաուդյան Արաբիայի թագավորը և այլ անձիք: