Հայաստանը պետք է շարունակի կոմպլեմենտար քաղաքականություն վարել.Ս.Մինասյան
«Եվրասիական տնտեսական միությանը
անդամագրվելու հարցում չեմ կարծում, որ Արցախի և Հայաստանի միջև սահմանակետի անցկացնումն
է ամենամտահոգիչը կետը: Ոչ մեկի համար էլ գաղտնիք չէ, որ Հայաստանի և ԼՂՀ հարաբերությունները`
թե´ ռազմավարական, թե´ տնտեսական առումով, իրարից անջատ պատկերացնել հնարավոր չէ»,
- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նման տեսակետ հայտնեց քաղաքագետ Սերգեյ
Մինասյանը: Նա ընդգծեց, որ Հայաստանը ՀԱՊԿ անդամ միակ երկիրն էր, որը նախագահի մակարդակով
մասնակցեց ՆԱՏՕ-ի անդամ երկրների գագաթնաժողովին. սա լրացուցիչ ուշադրության արժանի
փաստ է:
«Կոմպլեմենտար քաղաքականությունը
պետք է շարունակվի և այդ բալանսավորված քաղաքականության նպատակը Արևմուտքի և Ռուսաստանի
պայքարի ընթացքում հակամարտությունների տարածք և կռվախնձոր չդառնալն է, ինչը արդեն պատահել
է Ուկրաինայի, Վրաստանի և Մոլդովայի դեպքում:
Լինելով դաշնակից Ռուսաստանին ` Հայաստանը շարունակում է մնալ դաշնակից ՆԱՏՕ-ին,
աջակցում է խաղաղապահ առաքելությանը Աֆղանստանում և Իրաքում»:
Քաղաքագետի կարծիքով` Բելառուսի և
Ղազախստանի ներկայացուցիչների հայտնի հայտարարությունները թեև վերաբերում են Հայաստանին,
սակայն դրանց իրական նպատակը Հայաստանը որպես
լծակ օգտագործելն է Ռուսաստանի դեմ` միությունում
ավելի բարենպաստ պայմաններ ունենալու համար:
Ըստ քաղաքագետի` Միությունում անդամագրումը
կարող է հետևանքներ ունենալ հայ-վրացական հարաբերությունների առումով. «Վերջերս տեղի
ունեցավ Վրաստանի, Ադրբեջանի և Թուրքիայի պաշտպանության նախարարների հանդիպումը: Շրջանառվում
են կարծիքներ, որ հանդիպման ընթացքում քննարկվել է ռազմական միություն ստեղծելու ծրագիր
նավթամուղերը պաշտպանելոը համար. վրացիները չեն կարող չհասկանալ, որ նման միության
գոյությունը կարող է հետևանքներ ունենալ: Կարծում եմ` պատահական չէր Վրաստանի պաշտպանության
նախարարի այցելությունը Հայաստան», - ասաց Սերգեյ Մինասյանը:
Անդրադառնալով Եռյակի` հոկտեմբերի
10-ին նախատեսված հանրահավաքին` նա նշեց, որ
դա ոչ մի հետևանք չի կարող ունենալ, քանի որ ընդդիմադիրները լծակներ չունեն իշխանությունների
վրա ազդելու համար. «Հայաստանի ներքին քաղաքական կյանքում կտրուկ փոփոխություններ կարող
են լինել միայն այն դեպքում, եթե արտաքին քաղաքականության մեջ տեղի ունենան կարևոր իրադարձություններ»: