Հայերեն   English   Русский  

Մեր առավելագույն զիջումը ֆաշիստական Ադրբեջանին Շահումյանի և Քարհատի վերադարձի պահանջ չդնելն է. ադրբեջանագետ


  
դիտումներ: 1240

Մենք հիմա ծայրաստիճան զգոն պետք է լինենք և միևնույն ժամանակ հարձակման անցնենք բոլոր ոլորտներում, հատկապես դիվանագիտական ասպարեզում: Անհապաղ պետք է ճանաչել Լեռնային Ղարաբաղի անկախությունը, հակառակ դեպքում վաղը ուշ է լինելու:

Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ այս տեսակետը հայտնեց «Ադրբեջանահայերի ասամբլեայի» նախագահ, ադրբեջանագետ Գրիգորի Այվազյանը:

Նա կտրականապես դեմ է Քառօրյա պատերազմ եզրույթին, որը մեծ տարածում գտավ մամուլում և հասարակության տարբեր շրջանակներում: Նրա խոսքով` այդ պատերազմը չէր սկսվել ապրիլի երկուսին և ոչ ավարտվել 4 օր անց: Դա ընդամենը կարճատև զինադադար էր:

Ըստ ադրբեջանագետի` բոլորովին պատահական չէր, որ Արդբեջանը նախահարձակ եղավ հենց ապրիլին. Ինչպես հայտնի է մարտին նրանք նշում էին Նովրուզը, իսկ ապրիլը խորհրդանշական ամիս է նաև հայերի համար.«Դրանք պատերազմական գործողություններ էլ չէին. դա ընդամենը նրանց ցեղասպանական քաղաքականության շարունակությունն էր: Չպետք է մոռանալ, որ 1920-ականներին հենց Նովրուզի օրերին Շուշիում հայերի կոտորածներ կազմակերպեցին: Նույնը կատարվում Բաքվում և Սումգայիթում դարի վերջում»:

«Ադրբեջանահայերի ասամբլեայի» նախագահը նշեց, որ 20 տարիներիընթացքում, տեսնելով որ իրենց քաղաքականությունը համարժեք պատասխան չի ստացել համաշխարհային հանրության կողմից և անգամ Հայաստանը չի դատապարտել այդ գործողությունները որպես ցեղասպանություն, Ադրբեջանը ոգևորվեց և փորձեց շարունանկել այդ քաղաքականությունը ապրիլին. «Տարօրինակ է, որ հրադադարի վերաբերյալ բանավոր պայմանավորվածությունից հետո այստեղ ինչ-որ էյֆորիա էր տիրում: Ֆաշիստական Ադրբեջանի կողմից իրական վտանգը թերագնահատվում է»,- ասաց նա:

Ըստ Այվազյանի` երկու կողմերն էլ ` և՛ հայկական կողմերը, և՛ Ադրբեջանը, այդ իրադարձություններից հետո բոլորովին դժգոհ ու անբավարարված մնացին:

«Չնայած մեր հերոսական զինվորների շնորհիվ, հաջողվեց պաշտպանել դիրքերի և տարածքների մեծ մասը, մեզ, այդուամենայնիվ, չհաջողվեց ռազմական գործողությունները տեղափոխել Ադրբեջանի կողմից վերահսկվող տարածքներ, ջարդել թշանամուն իր իսկ տարածքում, չհաջողվեց որևէ տարածք գրավել»,- ասաց Գրիգորի Այվազյանը:

Նրա դիտարկմամբ` դա է հիմնական պատճառը, որ Ադրբեջանում ապրող ազգային փոքրամասնությունները չապստամբեցին թիկունքում, որովհետև հայկական կողմը զգալի առաջխաղացումներ չի ունեցել:

«Այստեղ շատերը ասում են` ընդամենը 300 մետր տարածք կորցնելը մեծ նշանակություն չունի, սակայն մենք չպետք է զիջեինք թշնամուն անգամ 30 մմ, մի թիզ հայկական հող չպետք է զիջեինք: Ադրբեջանը ոգևորվեց, որ կարողացավ մխրճվել մեր պաշտպանական դիրքի մեջ»:

Սակայն միևնույն ժամանակ, Ադրբեջանը խայտառակ պարտություն կրեց, որովհետև չիրականացրեց իր ծրագրերը. նրանք նպատակ էին դրել գրավել Ակնան, Վարանդան, Մարտակերտը, Ջեբրայիլը.«Ալիևը խայտառակվեց սեփական ժողովրդի աչքերում նաև: Դա փորձում են կոմպենսացնել ֆոտոշոփային նվաճումներով»,- ասաց Այվազյանը:

Նա ընդգծեց, որ ապրիլյան իրադարձությունները պետք է լավ դաս լինեն մեզ համար: Ռազմաքաղաքական ղեկավարությունը համապատասխան քայլեր պետք է կատարի:

«Ամոթալին են այն խոսակցությունները, որ մենք ինչ-որ շրջաններ պետք է զիջենք: Մեր առավելագույն զիջումը ֆաշիստական Ադրբեջանին այն է, որ չենք վերսկսում պատերազմը և չենք պնդում վերադարձնել հայերի կողմից կոմպակտ բնակության տարածքները` Շահումյան, Քարհատ և այլն, որոնք մնում են ադրբեջանական օկուպացիայի տակ մինչև օրս: Մանավանդ պետական անձինք և դիվանագետները պետք է զգույշ լինեն այդպիսի հայտարարություններում: Այսպիսի խոսակցությունները հիմա բոլորովին տեղին չեն: Թշնամուն չի կարելի զիջել ոչ մի թիզ հող, մանավանդ նման թշնամու, որի ոչինչ չի պատրաստվում զիջել: Նրանք միշտ էլ ասել են` լավագույն հայը, մեռած հայն է: Եվ շարունակվում են նույն սկզբունքով առաջնորդվել»,- եզրափակեց «Ադրբեջանահայերի ասամբլեայի» նախագահը:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: