Հայերեն   English   Русский  

Արդեն 25 տարի է, ինչ մարտակերտցին ապրում է հաղթողի հոգեբանությամբ


  
դիտումներ: 21445

1992 թ. հուլիսի 4-ին ընկավ Լեռնային Ղարաբաղի վարչական վեց շրջաններից ամենամեծի` 1,7 հազ. քկմ տարածք ունեցող Մարտակերտի շրջկենտրոնը, որի առավել խոշոր բնակավայրերն են Այգեստանը (Չայլու), Հաթերքը, Թալիշը, Վանքը, Ներքին Հոռաթաղն ու Առաջաձորը: 59 գյուղական համայնք ունեցող շրջանը միանգամից չդատարկվեց, ինչպես Շահումյանը:

Ասում են, երբ Շահումյանի բնակչությունը մազապուրծ Հաթերք, Թալիշ, Տոնաշեն հասավ, այդ խուճապը նաև մարտակերտցիներին պատեց: Երեք օր անց` հունիսի 16-ին, դատարկվեց Մարտակերտի հյուսիսում, Թարթառի գետի ձախ ափին գտնվող Այգեստան գյուղը: Գյուղ,որ շրջկենտրոնից ընդամենը18 կմ էր հեռու: Իսկ այդ օրը Կուսապատի դպրոց տեղափոխվեց նաև Մարտակերտի շրջանային հիվանդանոցը, որը լիքն էր հիվանդներով: Դրանք հիմնականում զինվորներ էին, խաղաղ բնակիչներ, կին, երեխա, ծեր: Հունիսի վերջին հերթը հարևան Մարաղա, Լենինավան, Կարմիրավան գյուղերին հասավ:

Եթե 1987 թ. հունվարի 1-ի դրությամբ շրջանի բնակչության թիվը 45,3 հազար էր, ապա 1990 թ. հասել էր գրեթե 50 հազարի: Օրհասական այդ օրերին շատ մարտակերտցիներ տուն վերադարձան, որպեսզի թև ու թիկունք լինեն հայրենի ոստանին, բայց, այն պահել,այնուամենայնիվ, չհաջողվեց:

Ստեփանակերտից հյուսիս արևելք 62 կմ հեռավորությամբ, 9 հազար բնակիչ ունեցող շրջկենտրոնը ևս դատարկվեց: Լեփ-լեցուն տները մնացին չգիտես ում: Որքան էլ չցանկանանք այդ մասին խոսել, հիշողության հետ հաշվի նստել չես կարող. Շահումյանի բռնազավթումից հետո, թշնամին ճեղքեց նաև Մարտակերտի սահմանները` Սարսանգի ջրամբար, Դրմբոն, և իջավ մինչև Չլդրան- Վաղուհաս գիծ: Եթե մտաբերենք, որ Մարտակերտի արևելքի հարևանը Աղդամն էր, արևմուտքում` Քարվաճառը, իսկ հյուսիսում արդեն բռնազավթված Շահումյանը, ապա շրջանի օրհասական վիճակն ավելի պատկերավոր կդառնա, թեև ինքնապաշտպանության ղեկավարը և շարքային զինվորները քաջ գիտակցում էին, որ եթե թշնամու դեմը չառնեն, հաջորդ թիրախը Ասկերանն ու Ստեփանակերտն են լինելու:

Ճշմարիտ նվիրյալներին էլ` մեծ ու փոքր, գիշեր ու ցերեկ, մի միտք էր միայն տանջում` օր առաջ ազատագրված տեսնել Արցախ աշխարհը: Բայց այդ վերջն ասես ոչ միայն չէր երևում, այլև գնալով մշուշոտվում էր: Այստեղ է,որ ակամա հիշում ես «Իքս» կործանիչ ջոկատի հրամանատար, երջանկահիշատակ Ալեքսանդր Թամանյանի միտքը.«Եթե մենք Սևան-Քարվաճառ-Մարտակերտ ճանապարհն ավելի վաղ ազատագրեինք, Մարտակերտն այս օրը չէր ընկնի: Քարվաճառի ազատագրումը շատ ուշացրինք...»: Քարվաճառին գումարած Աղդամ, Միրբաշիր, Փափրավենդ:

Թշնամու ՄԻԳ և ՍՈՒ մարտական ինքնաթիռները, ուղղաթիռները, հեռահար հրետանին շարունակ ռմբակոծում էին շրջկենտրոնն ու շրջակա գյուղերը: Մարաղայի գլխով անցած իրադարձություններին ընթերցողն արդեն լավատեղյակ է: Մի քանի անգամ ձեռքից ձեռք անցնելուց հետո հրկիզեցին Վաղուհաս գյուղը: Կարծես իրենց վրեժը լուծեցին հողից ու գերեզմանաքարերից:

Երբ 1992 թ. հուլիսի 4-ին ուժգին ռմբակոծության ենթարկվելուց հետո Կուսապատում տեղակայված հոսպիտալը Դրմբոն տեղափոխվեց, որտեղ տեղակայված էր նաև շտաբը, գնացողներն այդպես էլ չիմացան, որ իրենց հետևից գալիս են նաև Մարտակերտի բնակիչները: Իսկ թշնամին քայլ առ քայլ առաջանում էր: Հայկական ջոկատները հազիվ էին հասցնում կասեցնել թշնամու առաջխաղացումը, մյուս մասը` ապահովում խաղաղ բնակչության դուրսբերումը: Ծեր ու մանուկ, թողած հայրենի օջախները, հոծ խմբերով, լաց ու կոծով փախչում էին գազան կտրած ոսոխից: Ասում են նաև, որ արցախյան պատերազի ամենաահեղ կռիվն ու ավերը Մարտակերտն է տեսել, զոհերն էլ այստեղ շատ են եղել:

Իզուր չեն ասում,որ պատմությունը կրկնվում է, քանզի այդ բնակավայրի բնակիչները պատմության հոլովույթում հաճախակի կատաղի մարտեր են մղել այլացեղ հրոսակների դեմ: Այդ իսկ պատճառով էլ բնակավայրը Մարտակերտ է կոչվել, այսինքն` մարտերում բովված: Թեև պատմական ակունքներում նաև Աղդարա է հիշատակվում, ասել է թե` Սպիտակ հովիտ:

Մարտակերտի մարտական գործողությունների ժամանակ թուրքին հաջողվել է մտնել,ավերել շրջանի բոլոր գյուղերը, բացառությամբ Խաչենի ձորակի 7 գյուղի, որոնց բնակիչները, ինչպես ասում են, միայն վառոդի հոտն են զգացել:

Ցավով պիտի հիշել, որ երբեմնի հանրահայտ բնակավայրերի զգալի մասը նախկին ղեկավարների «ջանքերով» ոչ միայն 70 տարիների ընթացքում սոցիալ-տնտեսական զարգացում չեն ապրել, այլև քայքայվել, դատարկվել են: Շրջանի գյուղերի զգալի մասը, հատկապես` լեռնային, զուրկ են եղել սոցիալ-կենցաղային տարրական պայմաններից, իսկ բոլոր գյուղերի ճանապարհներն անբարեկարգ էին: Մեջբերեմ Մարտակերտի վարչակազմի նախկին ղեկավար Սլավա Հովսեփյանի խոսքը. «Երբ սկսվեց Արցախյան պատերազմը, մենք ճանապարհներ չունեինք, և մարդիկ փախչում էին արահետներով: Հիմնականում ներքին ճանապարհների բացակայության պատճառով էր, որ մարտական գործողությունների սկզբում գաղթի ճանապարհին խաղաղ բնակչությունից մեծ կորուստներ ունեցանք»:

Մարտակերտի նոր լուսաբացը սկսվեց 1993 թ. փետրվարի 5-ից, երբ հայ ազատամարտիկները, ազատագրելով Կիչան, Չլդրան գյուղերը, դուրս եկան Մարտակերտ- Քելբաջար մայրուղու Դրմբոն հատվածը: Մեկը մյուսի հետևից ազատագրվեցին արդեն ավերակ դարձած հայկական շեները. բացառությամբ մի քանի գյուղի:Այդ ժամանակ պաշտպանության նախարարը արդեն Վազգեն Մանուկյանն էր,1992թ.սեպտեմբերից-1993թ.օգոստոս:

Թեև այսօր Նոր Այգեստան, Նոր Մարաղա, Նոր Սեյսուլան, Նոր Կարմիրավան գյուղեր են կառուցվում, հինգ դուստրերի մայր, Այգեստանի դպրոցի ուսուցչուհի Աիդա Անտոնյանի համար այնքան էլ կարևոր չէ, թե իր հարազատ Այգեստանից այսօր ինչ է մնացել, կարևորը հավատն է, որ մի օր իրենք անպայման կվերադառնան իրենց հայրենի գյուղ, կրկին կհնչի դպրոցի զանգը, և հոգ չէ,որ իր փոխարեն մի ջահել ուսուցչուհի երեխաներին կսովորեցնի մեսրոպյան այբուբենը:

Մարտակերտի համար մղվող 3-օրյա թեժ մարտերը հաղթանակով պսակվեցին: Ազատագրելով Մարտակերտին իշխող «Պուշկին և Վիշկին յալ» ռազմավարական բարձունքները` 1993 թ. հունիսի 27-ին հայ ազատամարտիկները Մարտակերտ մտան: Ի վերջո, քաղաքն ազատագրվեց մեկամյա գերությունից: Իսկ առջևում Աղդամի ազատագրումն էր` 1993 թ. հուլիսի 23-ը:

Հունիսի 27-ը մարտակերտցիների համար խորհրդանշական էր: Ազատագրված Մարտակերտն արդեն 25տարեկան է: Նրանց ուրախությունը կիսելու էր եկել նաև նախագահ Բակո Սահակյանը, որ մարտական պարգևներ հանձնեց մի խումբ ազատամարտիկների և խոստովանեց, որ «Արցախյան պատերազմում Մարտակերտն ամենատուժածն է, ուստի պետության վերաբերմունքն էլ այդ շրջանի հանդեպ պիտի առանձնահատուկ լինի»: Խոստացավ ամեն ինչ անել, որ վաղն ավելի լավ լինի:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: