Կարոտի կանչ. Հունիսի 29-ը Անհետ կորած ազատամարտիկների հիշատակի օրն է
Արցախյան գոյամարտի առաջին իսկ օրերից ակնհայտ դարձավ, որ մեր հակառակորդը սադրանքներով, ահաբեկչությամբ մարդաորսության և պատանդներ վերցնելու ճանապարհով հարստանալու լուրջ նկրտումներ ունի: Իսկ դա այնքանով էր ակներև, որ փոխանակումների համար խոշոր փրկագին էին պահանջում: Ու դա նրանց համար սովորական «ձեռագիր» դարձավ:
Եթե 1991 թ. ադրբեջանական բանտերը, այդ թվում նաև Շուշին, լցված էին հազարավոր հայերով, ապա 1992 թ., երբ պատերազմը հետզհետե խորանում էր (հիշենք թեկուզ Մարաղայի ողբերգությունը, երբ ավելի քան 50 պատանդ վերցրին), պատանդների նկատմամբ գործադրվող վայրագությունները սաստկանում էին: Մարաղացի պատանդների հետ «աշխատում» էր անձամբ ոստիկանապետը, որը «լավ» ոստիկանապետ լինելուց զատ, նաև լավ փող աշխատող վաշխառու էր, հայ պատանդներին «լավ գնով» վաճառում էր Մինգեչաուրում, Բաքվում, Կիրովաբադում: Եվ մյուս վայրերում էլ պատկերը նույնն էր: Ասել է թե` դա արվում էր պետական մակարդակով: Մարաղացի Լենայի որդին, 3 մլն ռուբլի վճարելով, մորը փոխանակեց սպանված թուրքի հետ:
Իսկ Շուշիի բերդում Քրիստոսի տանջանքներ կրած էջմիածնեցի Արային, որ գերեվարվել էր 1990 թ. Հադրութի շրջանի Դուդուկչի (Քյոռաթաղ) գյուղի մոտակայքում, հանդիպելու բարեբախտություն ունեցա շատ տարիներ առաջ: Ի դեպ, Հայրենական պատերազմի ժամանակ այդ գյուղն իր միջոցներով գնել և ռազմաճակատ է ուղարկել մեկ ինքնաթիռ, որը վարել է Խորհրդային Միության հերոս, գյուղի բնակիչ Աշոտ Գասպարյանը: Կտտանքներով փորձում էին Արայից միայն մի պատասխան, որ իրենց Արցախ է ուղարկել Վազգեն Առաջին կաթողիկոսը: Մեկամյա գերությունից ազատվել է միայն Կարմիր խաչի միջամտությամբ:
Հակամարտության հետևանքով երկու կողմում էլ հայտնվեցին ռազմագերիներ:
1993 թ. ԼՂՀ ՊԲ նախաձեռնությամբ ստեղծվեց պատանդների, անհետ կորածների և ռազմագերիների հարցերով զբաղվող հանձնաժողով: Նման հանձնաժողով էլ Հայաստանի ՊՆ-ում է գործում` համագործակցելով ԵԱՀԿ առաքելության և Կարմիր խաչի հետ: Փորձում էին իրավիճակ շտկել, բայց գաղտնիք չէ,որ մենք ավելի հաճախ ենք բարի կամք դրսևորում, քան մեր հակառակորդը:
Իմ այս կարծիքին համաձայնեց նաև «Անհետ կորած ազատամարտիկների խորհուրդ» հասարակական կազմակերպության նախագահ Ռիմա Առաքելյանը, որ նաև պետական հանձնաժողովի անդամ է: Նա իր 13-ամյա հասարակական գործունեության ընթացքում է եկել այդ համոզման: «Փոխանակման առումով մենք ավելի պարտաճանաչ ենք, քան մեր հակառակորդը»: Ըստ նրա` հակամարտության հետևանքով անհետ կորածների ընդհանուր թիվը հասնում է 1000-ի, որից 400-ը` Հայաստանից: Տիկին Առաքելյանը վստահեցնում է, որ ընդհանուր առմամբ փոփոխություն ասվածը չկա, որովհետև եթե փոխանակում է կատարվում, ապա հատկապես վերջին շրջանում պատանդ ընկածներն են փոխանակվում, ոչ թե հակամարտության հետևանքով գերեվարվածները: Թեև նմանատիպ հանձնաժողով էլ Ադրբեջանն ունի բայց, ըստ զրուցակցիս, նրանք երբեք մեր հանձնաժողովի նախաձեռնած դեմ առ դեմ հանդիպումների չեն ներկայանում, անգամ Կարմիր խաչի միջամտությունների դեպքում: Մինչդեռ երկկողմ հանդիպումները կարող են առավել արդյունավետ լինել: Այնպես որ, Առաքելյանի հավաստմամբ, հանդիպումների մեր բոլոր առաջարկները մինչ օրս ապարդյուն են եղել:
Հրադադարից 19 տարի է անցել: Շատ բան է հնացել, շատ բան նորացել, բայց շատ բան էլ նույնն է մնացել: Նույն երկիրն է, նույն ցավը, նախկին գոց դռներն են գուցե մի քիչ բացվել, բայց անհայտ կորած զավակների մայրերը մինչ օրս դեռ սպասում են իրենց զավակների տունդարձին, ինչպես, օրինակ` ստեփանակերտցի Արփիկ մայրիկը, որի միակ որդին` Հրաչը, իր 11 ընկերների հետ 1993 թ. ապրիլի 3-ից անհետ կորել է Մարտակերտի «Պուշկին յալի» պահակակետից, երբ մարտական ընկերները Քարվաճառի ազատագրման մարտին մեկնեցին` նրանց թողնելով պահակակետում: Ամեն դռան թակոցից մոր սիրտը թրթռում է. տեսնես որդի՞ն է, թե՞ որդուց մի լուր բերողը:
1992 թ. հունիսի 12-ին Բուզլուխի սարերում կարոտ թողեց նաև Պռոշյան գյուղի ջոկատի հրամանատար Կարոտ Մկրտչյանը. նրա վերադարձին սպասում են հարազատներն ու ընկերները: Ցավոք, մարտի դաշտից տուն չվերադարձած տղաները շատ են: Այդ թվում` 76 ազատամարտիկ` «Արաբո»,«Զեյթուն», Հոկտեմբերյանի «Արծիվ-13» ջոկատների արծիվ տղաներ...
Մարաղայի իրադարձություններից հետո Լենինավանի և Կարմիրավանի վիճակը ոչ միայն նախանձելի չէր, այլև առավել սրվեց հատկապես Շահումյանի և Այգեստանի անկումից հետո: 1992 թ. հունիսի 29-ին ինքնապաշտպանական շատ ջոկատների (այդ թվում և վերոնշյալ) հանձնարարվեց պահել գյուղը: Ժամանակահատված, երբ մեր տղաները տարբեր ուղղություններով կենաց-մահու պայքար էին մղում ոչ միայն ադրբեջանական ոսոխի, այլև ռուսական 23-րդ դիվիզիայի դեմ: Սակայն ոչ միայն չհաջողվեց պահել գյուղը, այլև մեծաթիվ կորուստներ ունեցանք: Անհետ կորածների թիվը 76-ով ավելացավ: Գտնվեցին միայն երեքի` Արմավիրի հրամանատար Ռուբիկ Եղոյանի, Սերգեյ Ավետիսյանի և ղարաբաղցի Ժորայի դիակները: «Արաբո» ջոկատում էին նաև Մարտակերտի 3-րդ սովխոզի բնակիչներ, եղբայրներ Արտակ և Սպարտակ Մնացականյանները: Նրանց հորը` Գենային, հանդիպել եմ Մարտակերտում: Որդիների կորստից հայրը ցամաքել, մի բուռ էր դարձել...
Այդ տղաների մայրերն էլ մինչև 2008 թ., աչքները ջուր կտրած, սպասում էին իրենց զավակների վերադարձին, բայց երբ Մանվել Եղիազարյանի ձեռքն է ընկնում տղաների դիակները պատկերող հոգեմաշ կադրերով մի ժապավեն, որը ցուցադրում են բոլոր հեռուստաալիքները, մայրերը թևաթափ եղան, աչքներն արդեն կտրեցին որդիների տունդարձի ճամփեքից, որովհետև շատերը ճանաչեցին իրենց զավակներին:
Հիմա միայն մխիթարվում են, որ ամեն տարի, սկսած 2000-ից, հունիսի 29-ի նախօրեին Արցախ են մեկնում, ծաղիկներ դնում Լենինավանի սահմանին մոտ գտնվող Մաղավուզի ջրանցքին հարևան սահմանային մի տեղանքում, իսկ 29-ին` Եռաբլուրում կանգնեցված անհետ կորած զինվորի հուշակոթողին ու թեթևացած սրտով տուն վերադառնում` հաջորդ տարվան սպասելով:
Առավել ծանր է անորոշության մեջ մինչ օրս հայտնված մայրերի վիճակը, չնայած ադրբեջանական կողմը ճգնում է ապացուցել, որ իրենց մոտ այլևս ռազմագերիներ չկան, իսկ միջազգային կազմակերպություններն էլ միանգամայն այլ կարծիքի են: Տա Աստված, որ բոլոր անհետ կորած տղաները տուն վերադառնան, նրանց մայրերի աչքերը պայծառանան, և օրն էլ որպես վերադարձի օր նշենք: