Դավիթ Սաֆարյանը կմասնակցի Օլիմպիական խաղերին
Գործընթացի արդյունքում մի քանի մարզիկներ որակազրկվել են: Մեզ, մասնավորապես, հետաքրքրում են 65 կգ քաշային կարգի արդյունքները:
Այսպիսով՝ հաստատվել է այն, որ Լեհաստանը ներկայացնող Մագոմեդմուրադ Գաջիևի և ուկրաինացի Անդրեյ Կվյատկովսկու արյան մեջ նորմայից բարձր է եղել մելդոնիումի պարունակությունը: Այդ իսկ պատճառով նրանք որակազրկվել են: Հիշեցնենք, որ Գաջիևն ու Կվյատկովսկին Սերբիայի Զրենյանին քաղաքում կայացած Եվրոպա աշխարհամասի օլիմպիական վարկանշային մրցաշարի առաջին ու երկրորդ մրցանակակիրներն էին: Եվ քանի որ Սերբիայում Դավիթ Սաֆարյանը պարտվել էր Գաջիևին ու արժանացել բրոնզե մեդալի, ուստի մեխանիկորեն օլիմպիական ուղեգիրը նրան փոխանցվեց:
Ազատ ոճի Հայաստանի հավաքականը ձեռք բերեց չորրորդ ուղեգիրը: Մինչ այս օլիմպիական ուղեգրերի էին արժանացել 57 կգ քաշային Գառնիկ Մնացականյանը, 97 կգ քաշային Գեորգի Կետոևը և 125 կգ քաշային Լևան Բերիանիձեն: Չորս ուղեգիր էլ նվաճել են հունահռոմեական ոճի ըմբիշները: