Հայերեն   English   Русский  

Թոմաս դե Վաալ. Ադրբեջանը փորձեց ստուգել հայերի մարտունակությունը և թուլացնել նրանց բանակցային դիրքերը


  
դիտումներ: 1251

Քարնեգի հիմնադրամի փորձագետ Թոմաս դե Վաալը «Politico Europe» պարբերականում վերլուծել է ապրիլի սկզբի քառօրյա պատերազմը, դրա հավանական պատճառները և հետևանքները: Ըստ փորձագետի` շփման գծում իրավիճակի էսկալացիայով Ադրբեջանը փորձեց ստուգել հայկական ուժերի մարտունակությունը և հնարավորինս թուլացնել Հայաստանի դիրքերը բանակցային գործընթացում:

Փորձագետի կարծիքով այժմ Հայաստանն ու Ադրբեջանը երկու-երեք քայլ են հեռու բոսնիական ոճով հակամարտության բռնկումից, ինչն աղետալի կլինի ողջ տարածաշրջանի համար:

«Չնայած ակնկալիքներին, որ 1994թ. կնքված հրադադարը պետք է հիմք դառնար խաղաղության պայմանագրի համար, դա այպես էլ տեղի չունեցավ: Հակամարտության գոտու նկատմամբ միջազգային հանրության ուշադրությունը սահմանափակվեց միայն ԵԱՀԿ-ի վեց դիտորդների ներկայությամբ: Վերջին մի քանի տարիների ընթացքում հրադադարի ռեժիմը շարունակ վտանգի տակ է եղել: Ադրբեջանն այդ ընթացքում կառուցեց իր ծանր զինտեխնիկայի արսենալը, իսկ երկու երկրներում պատերազմական հռետորաբանությունն ավելի սուր բնույթ ստացավ, քան 90-ականների պատերազմի տարիներին: Հրադադարը վերջնականապես խախտվեց ապրիլի 2-ին: Դրա ամենահավանական պատճառն այն է, որ Ադրբեջանը փորձեց ստուգել հայերի մարտունակությունը և թուլացնել նրանց բանակցային դիրքերը: Կորցրած դիրքերից մի քանի «փշրանք» գրավելով` ադրբեջանցիները մասամբ վերագտան իրենց հպարտությունը: Սակայն դա Ադրբեջանի վրա շատ թանկ նստեց», - ասում է փորձագետը` հավելելով, որ հակամարտության սրման ճանապարհով հնարավոր եղավ շեղել Ադրբեջանի հասարակության ուշադրությունը երկրի տնտեսական խնդիրներից և մանաթի արժեզրկումից:

Թոմաս դե Վաալի կարծիքով կողմերի միջև կնքված բանավոր հրադադարը չափազանց անկայուն է, և պատերազմը ցանկացած պահի կարող է վերսկսվել: Ըստ փորձագետի` այն կարող է վերաճել տարածաշրջանային ավելի խոշոր հակամարտության, քանի որ հարևան երկրները` մասնավորապես Վրաստանը, որտեղ մեծ են թե՛ հայկական, թե՛ ադրբեջանական համայնքները, չեն կարող չեզոքություն պահպանել: Դե Վաալի դիտարկմամբ պատերազմի վերսկսման դեպքում «Երևանը և Բաքուն համապատասխանաբար Ռուսաստանին և Թուրքիային կհիշեցնեն ռազմական փոխօգնության համաձայնագրերի մասին, ու թեև նրանցից ոչ մեկը չի ցանկանում ներգրավվել հակամարտության մեջ, նրանք ստիպված կլինեն կատարել տարածաշրջանում իրենց ստանձնած պարտավորությունները»:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: