Սենպոլիա
Բույսն իր անունը ստացել է ի պատիվ Վալտեր Սեն-Պոլի, որը 1892թ. առաջին անգամ Ուզամբարի սարերով ճանապարհորդելիս նկարագրել է ծաղիկը: Տանզանիան, որտեղ էլ գտնվում է Ուզամբարի սարը, 19-րդ դարի վերջին, գերմանական գաղութ էր: Այնտեղ գերմանական ղեկավարությունը շրջանային ղեկավար էր նշանակել ծագումով շվեյցարացի Վալտեր Սեն-Պոլին, որն էլ իր ադմինիստրատիվ ծառայությունները կատարելու ընթացքում ուսումնասիրել է տեղանքն ու բուսական աշխարհը:
Բույսը բնական վիճակներում սիրում է ստվերոտ և խոնավ վայրեր` ոչ մեծ քարերի առկայությամբ, որոնք կարող են հանդիպել մանր գետակների ու առուների շրջակայքում:
Սենյակային պայմաններում դժվար է հանդիպել բնական սենպոլիայի, քանի որ տնային պայմաններում դրանք 2-3 տարի անց կորցնում են իրենց դեկորատիվությունը:
Մանուշակը բազմամյա թուփ է` խավոտ, հյութալի, բայց դյուրաբեկ տերևներով, որոնք փնջով դասավորված են արմատակիր ցողունի շուրջը: Տեսակից կախված` տերևները օվալ-սրտաձև են, երկարությունը հասնում է մինչև 10 սմ:
Բույսի ծաղիկները բազմերանգ են` մուգ կապույտ կամ թանձր մանուշակագույն, բալագույն, սպիտակ, վարդագույն: Ճիշտ խնամքի դեպքում և բավարար լուսավորության դեպքում` բույսը ծաղկում է կլոր տարին, բայց ծաղկառատ շրջան է համարվում գարնանային և աշնանային սեզոնները: Ծաղկակիր ցողունները դուրս են գալիս տերևների փնջաձև կենտրոնից և ձգվում են դեպի լույսը: Ծաղկակիր ցողունի երկարությւոնը կարող է ձգվել մինչև 10 սմ, ամեն ցողունի վրա կարող է նստել 3-8 կոկոն: Դրանք ապրում են մեկից-երկու շաբաթ, որից հետ մեռնում են և առաջ են գալիս երիտասարդ ծաղկակիրները:
Մանուշակի արմատային համակարգը շատ թույլ է զարգանում, այդ պատճառով այն պետք է տնկել ծանծաղ և խորություն չունեցող թաղարներում:
Բույսի հողը չի կարելի շատ պարարտացնել, որովհետև դրանից, թեպետ կարող են աճել հաստ և խոշոր տերևներ, սակայն դրա փոխարեն այն չի ծաղկի:
Սենպոլիան խոնավասեր բույս է, այդ պատճառով պահանջում է օրը մեջ առատ ջրում, իսկ ձմռանը` շաբաթը երկու անգամ: Ջրել պետք է շատ զգույշ, որպեսզի տերևների վրա ջուր չկաթա:
Ծաղիկը կարելի է տեղափոխել, սակայն դա պետք է կատարել վաղ գարնանը, երբ բույսը չի մտել ակտիվ աճի շրջան:
Սենպոլիան սիրում է մաքուր օդ, այդ պատճառով սենյակը պետք է հաճախակի օդափոխել, այդ թվում ձմռանը: Բույսը լուսասեր է և հարավային լուսաամուտներին լավ է զգում ձմռանը, սակայն գարնան գալու հետ նրան պետք է տեղափոխել ավելի ստվերոտ անկյուններում, որպեսզի տերևները չվառվեն: Ձմռանը սենյակի ջերմաստիճանը պետք է լինի 18-22 աստիճան:
Բույսը բազմացվում է տերևներով կամ թփի բաժանումով Տերևի ցողունը ջրով բաժակի մեջ շատ հեշտ արմատակալում է: Իսկ թփիկը պետք է առանձնացնել այն դեպքում, երբ արմատակիր ցողունի շուրջը մի քանի թփիկներ կան գոյացած: