Վիկ Դարչինյանը Ստեփանակերտից կոչ է անում հայերին արձակուրդներն անցկացնել Արցախում
«Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում Դարչինյանը նշեց, որ շուրջ երկու տասնամյակ է ինչ Ստեփանակերտում չի եղել և շատ ուրախ է, որ հնարավորություն է ընձեռնվել Արցախ այցելելու և հաճելի ժամանակ անցկացնելու: «Ինձ ընդունել է Արցախի նախագահը, վարչապետը. շատ ջերմ հանդիպումներ են եղել, շատ շնորհակալ եմ: Պատրաստվում եմ նաև դիրքեր գնալ, հանդիպել մեր զինվորների հետ, քաջալերել նրանց»,- ասաց Դարչինյանը և հավելեց, որ շատ տպավորված է արցախյան այցելությամբ:
«Իրոք, հրաշք տեղ է, անհնար է չհիանալ Արցախի բնությամբ, տեսարժան վայրերով: Ու քանի որ ամառային արձակուրդների շրջանն է բացվում, ուզում եմ կոչ անել մեր բոլոր հայրենակիցներին իրենց արձակուրդների մի մասն անպայման անցկացնել Արցախում: Բացի այն, որ լիարժեք կհանգստանան ու հաճույք կստանան, դրանով նաև թշնամուն ցույց կտան, թե ովքեր են Արցախի իրական տերերը»,- ասաց Դարչինյանը:
Այն հարցին, թե մոտակա ժամանակներս կա պլանավորված մենամարտ, Դարչինյանը պատասխանեց, որ հուլիսին աշխարհի չեմպիոնի համար մենամարտ ունի: «Արցախի այցից հետո մեկնելու եմ ԱՄՆ՝ շարունակելու մենամարտի համար նախապատրաստական պարապմունքները»,- ասել է հայ բռնցքամարտիկը: