Հայերեն   English   Русский  

ՄՈԼԱԽԱՂԸ ՍՈՑԻՈԼՈԳ-ՀՈԳԵԲԱՆԻ ԱՉՔԵՐՈՎ


  
դիտումներ: 2160

Իսկական խաղացողը նա է, ով խաղադրույք է անում իր ունեցվածքից ավելի գումար

Ամերիկայի Միացյալ Նահանգներում երկարամյա ուսումնասիրություններով պարզվել է, որ խաղերի վրա ավելի երկար ժամանակ ու միջոցներ են ծախսում հիմնականում չունևորները: Խաղալու նպատակները տարբեր են. չունևորները խաղում են գումար վաստակելու համար, իսկ հարուստները՝ սուր զգացողությունների: Հայտնի ասացվածքն էլ է դա հաստատում. «Իրեն իսկական խաղացող կարող է համարել նա, ով խաղադրույք է անում իր ունեցվածքից ավելի գումար»:

«Անկախի» զրուցակիցն է Արման Տեր-Գասպարյանը, որ ավարտել է Երևանի պետական համալսարանի հոգեբանության ֆակուլտետը և մեկնել է ԱՄՆ՝ ուսումը շարունակելու և հմտանալու սոցիոլոգիայի ոլորտում: Միչիգանի համալսարանի արդեն մագիստրոս Տեր-Գասպարյանի հետ զրուցեցինք մոլախաղերի ու այդ աշխարհի «բնակիչների» շուրջ:
- Ինչո՞ւ են մարդիկ տարվում մոլախաղերով, ի՞նչ է մոլախաղը, հիվանդությո՞ւն, թե՞ ինքնահաստատման միջոց:
- Մենք հարցումների ենթարկեցինք տարբեր մասնագիտությունների տեր շուրջ 2 հազար մարդու: Հետաքրքիր է, որ նրանց 70 տոկոսն իրեն համարում է ազարտային, միայն մոտ 5 տոկոսն իրեն այդպիսին չի համարում: Մարդիկ ազարտ հասկացությունը տարբեր ձևով են ընկալում: Շատերը հասկանում են որպես հաղթելու ցանկություն, խաղով տարվելով՝ իրենց ցույց տալը, առաջնորդ լինելը: Ի տարբերություն այդպես մտածողների՝ կան նաև այնպիսիք, որոնք ծայրահեղության են հասնում՝ խաղասեղանին դնելով ամեն ինչ: Իսկ այդպիսիք քիչ չեն:
- Ո՞ր երկրներում են ավելի զարգացած մոլախաղերը:
- Գիտեք, մոլախաղերը հիմնականում, այսպես ասած, ծաղկում են ճգնաժամային իրավիճակներում, երբ սոցիալական վայրիվերումներից հոգնած մարդը փորձում է ընդառաջ գնալ անհատական հաջողությանը: Աշխարհի բոլոր երկրներում էլ խաղատունն առաջնային բիզնես է համարվում: Առավել զարգացած երկրներում մարդիկ խաղում են զուտ հաճույքի համար, իսկ, ասենք, այն երկրներում, որտեղ աշխատանքը քիչ է, սոցիալական կենսամակարդակը ցածր է, խաղամոլությունը վերելք է ապրում:
- Ըստ Ձեզ՝ խաղամոլությունը երբևէ կվերանա՞ աշխարհում:
- Ես հակված եմ կարծելու, որ խաղամոլությունը ոչ թե կվերանա աշխարհում, այլ հակառակը՝ ավելի կբարգավաճի: Ցավալին այն է, որ խաղամոլը ոչ միայն գումար է կորցնում, այլև՝ տուն, ընտանիք, պատիվ, երբեմն նաև հատուցում է կյանքով: Իսկ գումար «հայթայթելու» համար պատրաստ է ամեն ինչի՝ խաբելու, խարդախելու, գողանալու, հափշտակելու: Օրինակ՝ վերջին տարիներին միջազգային որոշ կազմակերպություններ իրականացրել են ազարտային պահվածքի ծավալուն ուսումնասիրություն: Նման մի ուսումնասիրություն մենք էլ ենք իրականացրել:
- Եվ ինչպիսի՞ արդյունքներ եք արձանագրել:
- Ստացված արդյունքները հնարավորություն տվեցին գաղափար կազմելու խաղային բիզնեսի զարգացման մասին, ինչպես նաև ներկայացրին, այսպես ասած, մոլուցքային պահվածքի ամբողջական պատկերը:
Ամբողջ աշխարհում խաղային բիզնեսը համարվում է ամենաեկամտաբերներից մեկը. դա գիտենք բոլորս: Խաղային բիզնեսը ծաղկում է նաև մեր իրականությունում. բազմատեսակ լոտոներ, խաղային ավտոմատների սրահներ, ինտերնետ խաղասրահներ և, ի վերջո, խաղատներ: Խաղում են բոլորը` պատանիներ, տնային տնտեսուհիներ, գործարարներ, ունևորներ, չունևորներ: Ես հիշում եմ, որ նախկինում խաղատները Երևանում էին, այժմ դրանք տեղակայված են Երևանից դուրս՝ մայրուղիներում, որն ավելի լավ է: Սա այն բիզնեսն է, որից ստացվում են միլիոններ. մեկը շահում է, մյուսը՝ կորցնում: Կորցնում են անգամ վերջին լուման, բայց պատահում են նաև մարդիկ, որոնք չափավոր են խաղում:
- Երբ պատրաստվում էի հարցազրույցին, անկեղծ ասած, տակնուվրա արեցի ինտերնետը: Պարզեցի, որ մոլախաղերով տարվածները մի քանի տեսակի են, օրինակ` կան պրոֆեսիոնալներ և պատահական խաղացողներ, չէ՞:
- Իսկապես, կան պրոֆեսիոնալ խաղացողներ, որոնց համար խաղը մասնագիտություն է, ինչպես՝ բժշկի, ուսուցչի, բանվորի գործը: Այս խաղացողներն են, որ դրամի կորուստը համարում են ընթացիկ ծախս կամ միգուցե՝ ներդրում:
Հիշում եմ, որ մեր անցկացրած հետազոտություններով կարողացանք նաև հանգել այն եզրակացության, որ, այո՛, այս տեսակի խաղամոլները պարտության հետ հաշտվել չեն կարող, քանի որ հաղթանակն իրենց համար իսկապես գոյության միջոց է: Պրոֆեսիոնալները խաղում են երկար, հատուկ մշակված ծրագրով, որ փող շահեն ու հաղթանակած դուրս գան: Անգամ կարելի է ասել, որ նրանց խաղային ռազմավարությունը խարսխված է մաթեմատիկական հաշվարկների և մարդկային հոգեբանության խոր իմացության վրա: Հենց նրանց մասին է ասված՝ խաղալ այնքան, մինչև հաղթանակի համար ճիշտ պահին հայտնվեն ճիշտ տեղում:
Ես կարող եմ համեմատություն անել: Օրինակ՝ բնության մեջ նման վարքագիծ դրսևորում են գայլերը. սպասել, հետևել և մոլորված ոչխարին համտեսել: Այս մարդկանց առաջնորդում է շահույթի միջոցով հարուստ և շքեղ կյանք վարելը:
Ի տարբերություն այս խաղացողների՝ կան այնպիսիք, որոնց խաղը թանկ, բայց ինքանասիրությունը շոյող զվարճանք է: Այս տեսակի խաղացողները կայացել են բիզնեսում, ունեն գերազանց ինքնատիրապետում, կարողանում են վերահսկել իրենց գործողությունները և կարող են թույլ տալ իրենց բացառիկ թանկ զվարճանքներ: Պարտությունը նրանց համար ոչ թե դրամական կորուստ է, այլ, այսպես ասած, սուր զգացողություն:
Նման զգացողություն նրանք աշխատանքից ու կյանքից չեն ստանում, բացը լրացնում են այս ճանապարհով: Այդպիսին է նաև հաղթանակը: Դա նրանց համար ոչ թե գումարային շահույթ է, այլ բավարարվածության զգացում: Հաղթանակը ցանկացած բնագավառում շոյում է մարդու ինքնասիրությունը: Մանավանդ, երբ այն հաջորդում է պարտությանը: Այսպիսի խաղացողները հաշվարկ չեն կատարում:
- Երևի հենց պատահականության դաշնակիցներն են: Հետաքրքիր է՝ կա՞ն, այսպես ասած, խաղացողներ, որոնք կրթված են, գիտական աշխատանք են կատարում…
- Կան, իհարկե, խաղացողներ, որոնք կրթության և գիտության ներկայացուցիչներ են, սակայն, պետք է ասեմ, որ սրանք իրենց տեղը կյանքում չեն կարողացել գտնել: Տարիներ տևող հետազոտությունները ցույց տվեցին, որ սրանց համար խաղալը լոկ ինչ-որ բան ապացուցելու միջոց է, որ, ասենք, կյանքում իրենք էլ կարող են ինչ-որ բանի հասնել: Այս դեպքում հաղթանակն ապացուցում է անձի բարձր ինտելեկտուալ կարողությունները:
- Շա՞տ են այն մարդիկ, որոնք կախվածություն ունեն խաղերից, առանց խաղալու չեն կարող:
- Այո՛, իհարկե: Կան նաև այնպիսիք, որոնց համար խաղը կենսաձև է, բայց նրանք չեն ընդունում, որ խաղից կախվածություն ունեն: Այս մոտեցումը տրամաբանական է, քանի որ թմրամոլին էլ որ հարցնես կասի՝ սա կախվածություն չէ, երբ ուզեմ` չեմ օգտագործի: Այսպիսի մարդիկ են հենց խաղատների մշտական հաճախորդները:
Մասնագետները նման խաղացողներին անվանում են կործանարար սովորույթներով խաղացողներ: Պարտությունը նրանց համար կործանարար ազդեցություն է թողնում: Սկսում են ավելի շատ խաղալ, որ հասնեն իրենց նպատակին, շահեն ու հետ բերեն կորցրածը: Այս խաղացողներին բնորոշ են խաղի երևակայական պատկերացումները: Այդպիսիք արհամարհում են խաղի էությունն ու տեսնում միայն իրենց նպատակը՝ շահումը, ինչն ընդունված որոշման գլխավոր հոգեբանական գործոնն է:
- Իսկ Դուք խաղո՞ւմ եք:
- Չեմ կարող ասել, որ չեմ խաղացել, բայց ինձ խաղամոլ անվանելն էլ սխալ կլինի: Դուք գիտեք, որ կան նաև խաղացողներ, որոնք խաղում են զուտ ընկերության համար, որ դուրս չմնան իրենց սոցիալական խմբից: Կատարում են այնպիսի խաղադրույքներ, որոնք համապատասխանում են սոցիալական այդ խմբին: Ես երևի համարվում եմ հենց այս տեսակի խաղացողներից: Տարին մեկ կամ երկու անգամ հաճույքի համար խաղում եմ:
- Ի վերջո, կարողացե՞լ եք պարզել, մարդիկ ինչո՞ւ են սկսում խաղալ:
- Այո՛, հարցումներ ենք կատարել խաղամոլների շրջանում: Նրանց մի մասը նշում է, որ խաղալ սկսել է այն պատճառով, որ ցանկացել է ինչ-որ ձևով ինքնարտահայտվել, նկատվել հասարակության կողմից և մյուսներից տարբերվել հաղթանակով: Ունևոր կամ չունևոր, ինտելեկտուալ կամ պրոֆեսիոնալ խաղացողներին միավորում է թերևս մի բան՝ նրանք ունեցել են չիրականացված պահանջներ և չեն ինքնահաստատվել:
Մոլախաղերը, եթե հատկապես ուղեկցվում են շահումով, բերում են նոր զգացողություններ: Հետագայում այդ ամենը կրկին ու կրկին զգալու ցանկություն են ունենում:




Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: