Արամ Մանուկյանի մահվան 95-ամյակը` նրա կիսավեր տան ֆոնին
Նիկոլ Աղբալյանի այս խոսքերը, որոնք արդիական են նաև այսօր, հայոց նորագույն պատմության հիմնադիր, ազգային-ազատագրական շարժման առանցքային դերակատար, քաղաքական ու պետական նվիրյալ գործիչ Արամ Մանուկյանի մասին են:
Աղբալյանի խոսքերն ուղղված են նրանց, որոնց ձեռքերում է երկրի ու ժողովրդի ճակատագիրը: Ցավոք, մերօրյա գործիչներից շատերն անգամ չեն էլ գիտակցում այդ խոսքերի իմաստը, որովհետև դա գիտակցելու համար նախ և առաջ պետք է բացահայտեն ու արժևորեն Արամին: Իսկ դրա համար ո՛չ ժամանակ կա, ո՛չ ցանկություն, ո՛չ էլ պահանջարկ: Մերօրյա գործիչներին Արամներ պետք չեն, որովհետև նրանք անհամատեղելի են այսօրվա արժեհամակարգի հետ:
Ո՞վ է Արամը
1879 թ. Սյունյաց լեռներում ծնված Սարգիս Հովհաննիսյանն ապրեց ընդամենը 40 տարի և դարձավ Հայաստանի առաջին Հանրապետության և հայոց անկախության կերտման դարբինը: 1904-ին նա կնքեց իր հեղափոխական անունը` Արամ Մանուկյան և այդպես էլ մնաց պատմության մեջ:
Մի մարդ, որի համար «ես» գոյություն չուներ, կար միայն «մենք»: Մի գործիչ, որն իր երկիրն ու ժողովրդին դիտում էր իբրև բարձրագույն արժեք և նրանց անվտանգությունն ու ապահովությունը դարձնում ամենագլխավոր խնդիրը:
- Այդ նվիրումուվ էր, որ նվաճեց Վասպուրականը: 1915-ին, կազմակերպելով և ղեկավարելով Վանի ինքնապաշտպանությունը, մեծ հաղթանակ տարավ` նշանակվելով Վասպուրականի նահանգապետ: Ցավոք, նահանգապետությունը գոյատևեց ընդամենը 70 օր, քանի որ ռուսական զորքերն անակնկալ հեռացան:
- 1918 թ. մայիսի 28-ին հռչակվեց Հայաստանի Հանրապետությունը: Մինչ Թիֆլիսում ստեղծված կառավարության ժամանումը` հուլիսի 23-ը, նա Երևանում էր և ղեկավարում էր երկիրը: Նոր կառավարության մեջ Արամը ստանձնում է ներքին գործերի նախարարի պաշտոնը, որի իրավասության տակ էին նաև լուսավորության, հաղորդակցության, պարենավորման ու խնամատարության ոլորտները, տեղական իշխանությունների ձևավորումը:
- Սակայն ծրագիրը կանգ է առել. քաղաքապետներ են փոխվել, երկրի նախագահ է փոխվել, վրա է հասել ֆինանսական ճգնաժամը և այլն: Ծրագիրը կենդանության նշույլներ է ցույց տվել 2010-ին: Վերանայվել ու թարմացվել են բոլոր որոշումներն ու նախագծերը, սակայն` նորից դադար:
1916-17 թթ. Մանուկյանը Թիֆլիսի Ազգային բյուրոյի անդամ էր և զբաղվում էր արևմտահայ գաղթականության հարցերով: 1917-ին, որպես Հայոց ազգային խորհրդի լիազոր-ներկայացուցիչ, Թիֆլիսից ժամանում է Երևան, գլխավորում նորաստեղծ Հատուկ կոմիտեն, իսկ 1918-ին Երևանի տարբեր խավերի ներկայացուցիչների ժողովում ընտրվում դիկտատոր (արտակարգ լիազորություններ ունեցող պաշտոնատար անձ):
Դիկտատոր, սակայն ոչ ընդունված կարծրատիպերով, դիկտատոր, որն ամեն օր ժողովրդի հետ էր, ժողովրդի կողքին, կարիքավորներին ու հիվանդներին նեցուկ:
Նրա կոչերը՝ կազմակերպված պայքար մղել, սեփական ուժերին ապավինել, օտարի օգնության վրա հույս չդնել, տալիս էին դրական արդյունք երկրի պաշտպանությունը նախապատրաստելու համար: Առջևում 1918 թ. Սարդարապատի և Բաշ Ապարանի ճակատամարտերն էին, որոնց ժամանակ Արամն ապահովում էր թիկունքի անվտանգությունը:
Նրա անմիջական մասնակցությամբ երկիրը ձերբազատվում է հայոց պետականությանը վտանգ սպառնացող մահմեդականներից: Նրա ջանքերով մեղմվում է հանրապետությունում պարենային ճգնաժամը, գրագրությունը հայացվում է, հնարավորինս բարելավվում հարյուրհազարավոր փախստականների և որբերի կացությունը:
Պատահական չէր, որ 1919 թ. հունվարի 29-ին Արամ Մանուկյանը մահացավ բծավոր տիֆից. նա անձամբ էր հոգ տանում գաղթական հիվանդների մասին, շփվում նրանց հետ՝ վտանգելով իր կյանքը...
«Նա այն կերպարն է, որը մեզ համար օրինակ է»
ՀՅԴ Հայաստանի երիտասարդական միության կենտրոնական վարչության անդամ Անի Խաչատրյանը, երբ տարիներ առաջ անցել է երիտասարդ դաշնակցականների շարքերը, ոգեշնչվել է Արամ Մանուկյանից՝ կարդալով դաշնակցական մեկ այլ գործչի` Ռուբեն Տեր-Մինասյանի հուշերն իր մտերիմ ընկերոջ՝ Արամի մասին:
«Ռուբենի հուշերում մի հատված կա իր և Արամի զրույցից: Արամը Սյունիքի ծնունդ էր, սակայն դպրոցական տարիներն անց էր կացրել Շուշիում, իսկ Ռուբենը կենտրոնական շրջաններից էր` Կարս, Գյումրի: Այդ զրույցի ժամանակ Ռուբենն Արամին ասում է, թե նա ավելի երջանիկ է, քանի որ երկրի հեռավոր լեռնային շրջաններից է, որտեղից ծնունդ առած հայորդիներն ավելի ուժեղ են, պայքարող, քան դաշտավայրերում ապրողները: Ռուբենը բերում է ընկույզի օրինակը` լեռնցիներին համեմատելով ընկույզի կեղևի հետ, որն իր ամրությամբ պաշտպանում է միջուկը: Սակայն Արամը նկատում է, որ երբեմն ամուր կեղևով ընկույզի միջուկն էլ է փչացած լինում»:
Անիի համար անձնազոհության վառ օրինակ է Արամ Մանուկյանի մահը. «Երբ նրան առաջարկում են հիվանդության դեմ պատվաստանյութ, նա հրաժարվում է` ասելով, որ քանի դեռ Հայաստանում կա մի երեխա, որը դրա կարիքն ունի, ինքը չի կարող այն ընդունել: Նա անձամբ էր գնում հիվանդանոց և սանիտարի դեր կատարում: Ես այսօր չեմ պատկերացնում, որ մեր որևէ պետական-քաղաքական գործիչ պատրաստ լինի նման անձնազոհության: Արամն ինձ համար իդեալ է, նման կերպարների մասին մենք միշտ կարդացել ենք արտասահմանյան գրականության մեջ, այնինչ մենք ունենք Արամ` չարժևորված Արամ...»:
ՀՅԴ երիտասարդական կառույցը տարիներ առաջ բողոքի ակցիա է իրականացրել` պահանջելով Արամ Մանուկյանի արձանը տեղադրել Հանրապետության հրապարակում` որպես Հայաստանի Առաջին Հանրապետության հիմնադրի: Պահանջը չի ընդունվել, փոխարենը 2009 թ. Արամ Մանուկյանի կիսանդրին տեղադրվել է ՀՀ ոստիկանության շենքի դիմաց: Նույն տարում Կապանի քաղաքապետարանի մերձակա հրապարակում նույնպես տեղադրվել է Մանուկյանի կիսանդրին: Երիտասարդ դաշնակցականը, սակայն, դա բավարար չի համարում` նշելով, որ դա արժևորման մի ձև է, բայց ոչ լիարժեք:
Արամ Մանուկյանի կիսավեր, աղբանոցի վերածված տունը
Արամի 9 հասցեում գտնվող հանրապետական նշանակության շենքում Արամ Մանուկյանն ապրել է 1917-1919 թթ., և այդ կիսաքանդ կառույցն այսօր նրանից մնացած միակ ամենաառարկայական հիշողությունն է:
Շենքը կառուցվել է 1910 թ. ճարտարապետ Բորիս Մեհրաբյանի նախագծով: Այն պատկանել է Ֆադեյ Քալանթարյանին:
Ի դեպ, 1837-ից Արամի փողոցը կոչվել է Ցարական՝ ի պատիվ Երևան ժամանած Նիկոլայ Առաջինի: Առաջին Հանրապետության ժամանակ այն վերանվանվել է Ազատության, սակայն Արամ Մանուկյանի մահից հետո՝ Արամ Մանուկյանի փողոց: Բոլշևիկները 1922 թ. փոխել են փողոցի անունը՝ դարձնելով Սպանդարյան: Խորհրդային իշխանության փլուզումից հետո փողոցը կրկին վերանվանվել է Արամի:
Ճարտարապետ Լևոն Վարդանյանն ասում է, որ դեռևս 1990-ականների կեսերին այն արդեն համարվում էր վթարային, և այդ ժամանակ ինքը շենքի վերակառուցման նախագիծ է ներկայացրել իշխանություններին, որն այդպես էլ չի իրականացել:
Այսօր շենքի վերակառուցումը ներառված է Երևանի քաղաքապետարանի «Հին Երևան» ծրագրում, որի հեղինակը նույնպես Լևոն Վարդանյանն է: «Մի շրջան կար, երբ քաղաքի տարբեր հատվածներում հուշարձան-շենքերը քանդում էին՝ անունը դնելով ապամոնտաժում-տեղափոխում, և ոչ ոք պատասխան չէր տալիս դրա համար»,- ասում է նա՝ պատմելով, որ 2005 թ. իր կողմից առաջարկվել է ապամոնտաժված շենքերը Երևանի մի հատվածում վերակառուցել՝ վերակենդանացնելով հին Երևանի մի հատվածը, որը կլինի նաև սիրված վայր երևանցիների համար: Ծրագրի համար նա առաջարկել է Արամի փողոցից մինչև Մաշտոցի այգի ընկած հատվածը, որի երկարությունն ընդհանուր առմամբ մոտ 320 մետր է:
Գաղափարը հավանության է արժանացել, և մշակվել է «Հին Երևան» ծրագիրը: Տարածքը բաժանվել է հինգ հողակտորի՝ լոտերի և հանվել աճուրդի: Հայտնվել են գնորդներ՝ «Գլենդել Հիլզ» ՓԲԸ-ն և «Սերգե-Ագոպիգ-Դեր-Սահագույան» ՍՊԸ-ն, որոնց հետ կնքվել են Երևան քաղաքի Արամի, Բուզանդի, Կողբացու փողոցներով պարփակված տարածքում սեփականության օտարման ընթացքում պետության և ձեռքբերողի իրավունքները, պարտականություններն ու պատասխանատվությունը սահմանող պայմանագրեր։ Տարածքի հինգ հողակտորից չորսը գնել է «Գլենդել Հիլզը»: Գնորդներին ներկայացված գլխավոր պահանջներից մեկն այն է, որ նրանք պետք է իրականացնեն ծրագիրը՝ կատարելով համապատասխան ներդրումներ:
Լևոն Վարդանյանի խոսքով՝ օրեր առաջ իր արվեստանոց են եկել համապատասխան կառույցների ներկայացուցիչները, դիտել իր կողմից տարիների ընթացքում կառուցված մանրակերտը և հավանության արժանացրել: Շուտով պետք է ճշտվեն նաև ծրագրի իրավական կողմերը: Ճարտարապետը հույս ունի, որ վերջապես այս տարի շինարարությունը կմեկնարկի, և եթե ամեն ինչ բարեհաջող ընթանա, ապա «Հին Երևանը» կյանքի կկոչվի 3-5 տարվա ընթացքում:
Ըստ նրա՝ ծրագրի իրականացման համար մոտ 100-150 միլիոն դոլարի ներդրում է անհրաժեշտ:
Ինչ վերաբերում է Արամ Մանուկյանի տանը, եթե անգամ ծրագրի իրականացման շրջանակներում տունը վերակառուցվի, ապա ճարտարապետը չի կարող ասել, թե դա որքանով կդիտարկվի որպես Արամ Մանուկյանի տուն. «Կարող է ընդամենը Արամ Մանուկյանի հուշատախտակը մնա, կարող է տուն-թանգարան դառնա, դժվարանում եմ ասել, դա պետք է պատկան մարմինները որոշեն»:
ՀՅԴ Հայաստանի երիտասարդական միության կենտրոնական վարչության անդամ Անի Խաչատրյանը մեզ հետ զրույցում ասաց, որ մի քանի տարի առաջ իրենք հանդիպել են «Գլենդել Հիլզի» սեփականատիրոջ հետ, որը խոստացել է շենքը վերակառուցելուց հետո մի հարկը տուն-թանգարանի համար տրամադրել և շեշտել է, որ ինքը նույնպես բարձր է գնահատում Արամ Մանուկյանին:
Սակայն «Անկախի» տեղեկություններով՝ «Գլենդել Հիլզը» պատրաստվում է վաճառել իր գնած տարածքները: Նոր գնորդը մոսկվաբնակ հայտնի գործարար Սերգեյ Համբարձումյանն է, որի միջոցներով կառուցվել է նաև Մատենադարանի նոր մասնաշենքը: Առքուվաճառքը բանավոր մակարդակում կայացել է, մնում է, որ այն վերածվի փաստաթղթային տարբերակի:
Իսկ թե նոր սեփականատերն ինչ մոտեցում կունենա Արամ Մանուկյանի տան հարցում, ցույց կտա ապագան: Փաստորեն, ամեն ինչ կախված է սեփականատիրոջ ցանկությունից:
Մինչ ծրագիրը կյանքի կկոչվի և վերակառուցման հերթը կհասնի Արամ Մանուկյանի տանը, մեծ հայորդու հիշատակն ամփոփող կիսավեր տանը կգիշերեն թափառական շները, և այն կծառայի իբրև աղբանոց ու անպետք իրերի հանգրվան:
Հունվարի 29-ին Արամ Մանուկյանի մահվան 95-ամյակն է: Հիշատակի ղողանջներ թերևս հնչեն, սակայն այնքան թույլ, որ անգամ չեն տարածվի քաղաքով մեկ ու չեն հասնի մարդկանց ականջին ու հոգուն:
«Արամ Մանուկյանը հայ ժողովրդի բովանդակ պատմության այն սակավաթիվ իրատես դեմքերից է, որոնց մեծությունը ճիշտ տեսնելու և ճիշտ գնահատելու համար հարկավոր է ժամանակի հեռավորություն»: Այս խոսքերը գրվել են մի ժամանակահատվածում, երբ պետական քարոզչամեքենայի կողմից Մանուկյանի անունը հետևողականորեն մոռացության էր տրվում, հեղինակը խորհրդային պատմաբան, գրող Հարություն Թուրշյանն է:
Այսօր ոչ միայն իրավիճակն է բարենպաստ, այլև ժամանակի հեռավորությունն է բավարար տեսնելու նրա մեծությունը: Ընդամենը գիտակցում ու ցանկություն է պետք: