Զարգացման նոր ծրագրեր նյարդավիրաբուժության ոլորտում
Ջոես Ռոբինսոնը Հայաստան է ժամանել Երևանի Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարանի «Հերացի» թիվ 1 համալսարանական հիվանդանոցի նյարդավիրաբուժության և գլխուղեղի կաթվածների բուժման մասնագիտացված կենտրոնին իր փորձը հաղորդելու, դասախոսությամբ հանդես գալու, ինչպես նաև գիտակորդինացիոն խորհրդի նիստին մասնակցելու համար:
Նախարարը շնորհակալություն
հայտնեց անվանի բժիշկներին Հայաստանին շարունակական աջակցություն ցուցաբերելու համար:
«Շատ շնորհակալ եմ, որ չնայած ձեր կարճաժամկետ
այցին, ժամանակ գտաք հանդիպելու: Շնորհակալություն եմ հայտնում
նաև բոլոր այն հիվանդների անունից, ովքեր ձեր ջանքերի շնորհիվ այսօր ապրում են և
աշխատում»,-ասաց Արմեն Մուրադյանն` ընդգծելով, որ անգնահատելի է այս
մասնագետների կողմից մեր երկրում նյարդավիրաբուժության զարգացմանն ուղղված
հսկայական աշխատանքը:
«Շատ տպավորված եմ Հայաստանից: Մեր
ինստիտուտը պատրաստակամություն է
հայտնում համագործակցել ՀՀ
առողջապահության նախարարության, ինչպես նաև բոլոր այն մարդկանց հետ, ովքեր
ցանկանում են ինչ-որ բան փոխել դեպի լավը»,- ասաց պրոֆեսորը, ով Հայաստանում է
արդեն երկրոդ անգամ:
Նյարդավիրաբուժության և
գլխուղեղի կաթվածների բուժման մասնագիտացված կենտրոնի տնօրեն, ԵՊԲՀ
նյարդավիրաբուժության ամբիոնի վարիչ, պրոֆեսոր Ռուբեն Ֆանարջյանը, ներկայացնելով ԵՊԲՀ-ի հովանու ներքո գտնվող բացառիկ կլինիկայի գործունեությունը` շնորհակալություն հայտնեց ԱՄՆ-ում բնակվող մեր հայրենակիցներին Հայաստանին ուղղված շարունակական, անշահախնդիր
աջակցության համար: Նա նշեց, որ երկկողմ համագործակցությունն արդեն տասը տարվա
պատմություն ունի:
ՀՀ առողջապահության նախարարության գլխավոր նյարդավիրաբույժը շեշտեց, որ պրոֆեսոր Ռոբինսոնը տասը տարիների
ընթացքում Հայաստանին անձնապես օգնել է թե՛ մասնագետների վերապատրաստման, թե՛ սարքավորումներով համալրման և թե՛
կազմակերպական շատ այլ հարցերում:
Հանդիպման ընթացքում քննարկվեցին նյարդավիրաբուժության զարգացմանն ուղղված
առաջիկա համատեղ ծրագրերը: Կարևորվեց
հատկապես մարզերում նյարդավիրաբուժության
ծառայության զարգացմանը, սարքավորումներով համալրմանը միտված քայլերի անհրաժեշտությունը:
Արմեն Մուրադյանն առաջարկեց մշակել ազգային ծրագիր` ուղղված գլխուղեղի կաթվածների դեմ պայքարին: Ծրագիրը
հստակ կսահմանի ֆինանսավորման մեխանիզմները, կնպաստի ռիսկի խմբերի հայտնաբերմանը, գլխուղեղի կաթվածի հետևանքով մահացության և
հաշմանդամության ցուցանիշների նվազեցմանը: