Հայերեն   English   Русский  

Ինչու են էլիտար դպրոցները վատ ղեկավարներ կրթում


  
դիտումներ: 11860

Մեծ Բրիտանիայի վերնախավը կրթելու նպատակով երեխաներին վաղ տարիքում տնից հեռացնելու ավանդույթ ունի: Սակայն ապագա քաղաքական գործիչները, որոնք տառապում են այդ արտոնյալ վիճակից, հաճախ դառնում են խուլիգան կամ ապիկար: Հոգեթերապևտները բացատրում են պատճառը:

Բրիտանական The Guardian պարբերականը հոդված է զետեղել հոգեթերապևտ Նիք Դուֆելի «Բրիտանական էլիտարությունն ու իրավունակության պատրանքը» գրքի մասին: Դուֆելը Մեծ Բրիտանիայի արդեն նախկին վարչապետ Դևիդ Քեմերոնի օրինակով ցույց է տալիս, որ վաղ տարիքում ընտանիքից կտրվելն ու էլիտար մասնավոր դպրոցներում սովորելը վտանգավոր է ոչ միայն երեխայի հետագա կյանքի, այլև պետության համար:

Մեծ Բրիտանիայում, եթե ծնողներն ի վիճակի են, երեխաներին հեռացնում են տնից: Երեխաներն անցնում են նույն ճանապարհով՝ թանկարժեք դպրոց, ապա միանգամից Օքսբրիջ համալսարաններ, այնուհետև պատասխանատու պաշտոններ այնպիսի հաստատություններում, ինչպիսիք են, օրինակ՝ դատական իշխանությունը, բանակը և մանավանդ կառավարությունը:

Հեղինակն անդրադառնում է Մեծ Բրիտանիայի արդեն նախկին վարչապետ Դևիդ Քեմերոնին: Դևիդ Քեմերոնը 7 տարեկան էր, երբ ծնողները նրան ուղարկեցին սովորելու Բերքշիր կոմսության նախապատրաստական դպրոցներից մեկում: Մեծ Բրիտանիայի շատ այլ պաշտոնյաների նման նա սովորել է հարմարվել՝ գոյատևելով, մի կողմից, ընտանիքի բացակայության, մյուս կողմից՝ մասնավոր դպրոցում ընդունված մշակույթի պայմաններում:

Դևիդ Քեմերոնի և այլ տղաների կյանքի վրա այս փորձության հոգեբանական ազդեցության մասին դատողությունները չափազանցված չեն: Բանն այն է, որ այդ փորձությունները նրանց դարձնում են անպատրաստ մեծահասակների աշխարհին և ժողովրդի հետ հարաբերություններին, ինչն էլ հետագայում ազդում է, իհարկե, ողջ հասարակության վրա:

Թանկարժեք, էլիտար գիշերօթիկները ձևավորում են մարդկանց, որոնք ավելի շատ բանիմաց երևում են, քան իրականում կան: Նրանք թույլ են, նրանց մոտ զարգացած չեն ոչ ռացիոնալ, օրինակ՝ հարաբերությունները պահպանելու հմտությունները, և ըստ էության՝ լավ պատրաստված չեն այսօրվա աշխարհում մարդկանց առաջնորդելու համար:

Հոգեթերապևտը, որ նախկինում դասավանդել է գիշերօթիկ դպրոցներում և 25 տարի ուսումնասիրել «արտոնյալներին», հարց է տալիս՝ արդյոք Դևիդ Քեմերոնն ու իշխող վերնախավի մեծ մասն իրականում չե՞ն տուժել են այդ դպրոցներից:

Հարցն, ըստ նրա, բարդ է: Նրա ուսումնասիրությունները վկայում են, որ երեխաները մասնավոր դպրոցներում պահում են իրենց գոյությունը՝ զսպելով իրենց զգացմունքները, փաստորեն, ձևավորվում են որպես «պաշտպանվողական» անձինք:

Դևիդ Քեմերոնը, Բորիս Ջոնսոնը, Ջերեմի Հանթը, Էնդրյու Միտչելը, Օլիվեր Լեթվինը մասնավոր դպրոցը վերապրողներն են: Նրանք, լինելով սոցիալապես ապահով, ոչ իրենց ընտրությամբ մտել են գործարքի մեջ, որով ընտանեկան մթնոլորտն ու բնականոն մանկությունը փոխարինվում է երեխայի վաղ տարիքում կրթություն ստանալու իրավունքով: Վաղ հեռանալով ընտանիքից ու տնից, սիրուց և քնքշանքից՝ նրանք ստիպված են դառնալ ինքնաբավ «կեղծ մեծահասակներ»:

Որքան էլ պարադոքսալ հնչի, նրանք հետագայում ողջ ուժով պայքարում են, որպեսզի լիարժեք հասունանան, քանի որ այն երեխան, որին թույլ չեն տվել բնականոն աճել, դեռ իրենց ներսում է: Հետևանքն այն է, որ սկսում է լքված երեխայի բարդույթ ի հայտ գալ: Այդ է պատճառը, որ բրիտանացի քաղաքական գործիչներից շատերը երեխայական կեցվածք ունեն:

Բացի այդ, նրանք դժկամությամբ են իրենց շարքեր թողնում կանանց, քանի որ կանայք օտար են իրենց համար կամ ենթագիտակցորեն կրում են իրենց միայնակ թողած մայրերի պատասխանատվությունը: Թերապևտը նշում է, որ «լքված տղայի» այդ համախտանիշը քաղաքական մեծ հետևանքներ է ունենում. ստացվում է՝ տղամարդու մեջ ապրող երեխան կառավարում է մի ամբողջ երկիր:

Նրանք իրենց առջև խնդիր են դնում ամեն գնով տխուր չերևալ կամ հիմար տեսք ունենալ, քանի որ այդ դեպքում հասակակիցները կծաղրեն: Հետևաբար, նրանք քողարկում են իրենց այդ հատկանիշները կամ ուղղորդում այլոց վրա՝ զարգանալով որպես երկակի անձինք:

Երեխան այդպիսով գոյատևում է, սակայն նրա հասուն կյանքը լի է մշտական անգիտակցական անհանգստությամբ և հազիվ թե զարգացնի այն, ինչ անվանում են զգացմունքային ինտելեկտ:

Հասուն տարիքում ևս նրանք իրենց նույն կերպ են պահում: Ամեն անգամ, երբ զգում են, որ կարող են հիմար երևալ, հակահարված են տալիս:

7 տարեկան Քեմերոնը, որ գոյատևում էր գիշերօթիկում, բայց չէր հավանում իր դպրոցական ծրագիրը, դժվար թե Եվրոպայի հետ հարաբերություններում որոշումներ կայացներ, ինչպես Ջոն Մայորը: Նա կարող է խոսել Եվրոպան առաջնորդելու մասին, սական անմասն լինել դրանից: Նման լիդերները չեն կարողանում հանրային լուծումներ գտնել, քանի որ լիարժեք «տան մարդ» չեն՝ հասկանալու, թե ինչ են դրանք նշանակում:

Իսկ նրա եվրոպացի գործընկերները այդպես չեն աշխատում: Օրինակ՝ Անգելա Մերկելը դժվարին ժամանակներում կարողացել է բազմաթիվ փխրուն կոալիցիաներ ստեղծել փոխհարաբերվելու և համագործակցելու իր վարպետության շնորհիվ:

Իսկ Բարաք Օբաման 2009 թ. սկսեց ընկերանալ Ռուսաստանի այն ժամանակվա նախագահ Դմիտրի Մեդվեդևի հետ և առաջընթաց գրանցել երկու երկրների միջև Ստրատեգիական սպառազինությունների կրճատման պայմանագրի հարցում: Հետագայում Օբաման Պուտինին հրավիրեց՝ պարզելու, թե ինչու լավ չեն զարգանում ռուս-ամերիկյան հարաբերությունները:

«Չնայած մերոնց էլիտար կրթությանը՝ մեր «վիրավոր առաջնորդները» չեն կարող ցույց տալ նման պետական մոտեցում»,- ասում է թերապևտը:

Քաղաքականությունը փոխելու համար, ըստ նրա, անհրաժեշտ է փոխել կրթությունը: Այսօր արդեն բժիշկներն ընդունում են, որ գոյություն ունի «գիշերօթիկի համախտանիշ», և այս առնչությամբ նամակ են ուղարկել Մեծ Բրիտանիայի պատկան մարմիններին՝ կոչ անելով վերացնել վաղ տարիքում երեխաներին մասնավոր դպրոց ուղարկելու ավանդույթը:

«Գիշերօթիկները միլիարդներ արժեն, և դրանք ապամոնտաժելը շատ թանկ է, բայց կարո՞ղ ենք արդյոք զոհել երեխաներին հանուն թերի, միջակ լիդերության պահպանման»,- եզրափակում է հեղինակը:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: