Հայերեն   English   Русский  

ՀԱՆՆԻԲԱԼ


  
դիտումներ: 12579

Երբ մ.թ.ա. II դարում հայոց Արտաշես Ա Բարեպաշտ արքան (մ.թ.ա. 189-160) ձեռնամուխ եղավ Արտաշատ մայրաքաղաքի կառուցմանը, նրա խորհրդատուն այդ գործում հին աշխարհի հզորագույն ու տաղանդավոր զորավարներից մեկն էր՝ Կարթագենի տիրակալ Հաննիբալ Բարկան, որի խորհրդով նա իր մայրաքաղաքը կառուցեց Սաթենիկ թագուհու աչքի նմանությամբ…

Կարթագենը գտնվում է Հյուսիսային Աֆրիկայում՝ ներկայիս Թունիսի տարածքում: Քաղաքի հիմնական բնակիչները փյունիկիացիներ էին, որոնք Աֆրիկայում հաստատվել էին մ.թ.ա. V դարից՝ տեղափոխվելով Միջերկրական ծովի արևելյան ափերից՝ Տյուրոս քաղաքից:

«Կարթագենի ռազմական հզորությունը հավասար էր Հելլադային, իսկ հարստությամբ` երկրորդ տեղում էր Պարսկաստանից հետո»,- գրել է հույն պատմիչ Ապիանոսը:

Այս քաղաք-պետությունը մ.թ.ա. III դարի վերջում հասավ իր հզորության գագաթնակետին: Կարթագենի զորավար Համիլկար Բարկան կարողացավ նաև իրեն հպատակեցնել Գալլիան՝ ներկայիս Իսպանիայի տարածքը: Պատերազմ վարելու հմտությունը և արագ մարտավարությունը նրան փառք բերեցին, և հռոմեացիները Համիլկարին կոչեցին Բարկա, որ նշանակում է կայծակ: Կարթագենի հզորությունը և ներկայությունը Եվրոպայում Հռոմի շահերին էր հարվածում, և Հռոմը նախապատրաստվեց ահեղ գոտեմարտի:

Մ.թ.ա. 264-241 թթ. Հռոմը հաղթեց Պունիկյան առաջին պատերազմում, բայց այդ հաղթանակը վճռական չէր: Համիլկարի որդին՝ Հաննիբալը, ով ծնվել է մ.թ.ա. 247 թ., Կարթագենում, մանկուց ապրել է հենց Իսպանիայի տարածքում: Նա մանկուց երդվել էր, որ իր ողջ գործունեությունն ուղղված է լինելու ատելի Հռոմի դեմ: Շուտով Համիլկարը խեղդվեց գետում, և կարթագենյան զորքերի հրամանատար դարձավ նրա փեսան՝ Հաստրուբալը: Մ.թ.ա. 221 թ., երբ Հաստրուբալը դավադրության զոհ դարձավ, Հաննիբալը դարձավ կարթագենյան զորքերի հրամանատար: Եվ Կարթագենի զորավար Հաննիբալ Բարկան ահեղ պատերազմի ելավ Հռոմի դեմ՝ միջերկրածովյան ավազանում գերիշխանության հասնելու համար: Այդ ահեղ գոտեմարտը, որ պատմությանը հայտնի է որպես Պյունիկյան երկրորդ պատերազմ, երկար տևեց՝ մ.թ.ա. 218-202 թթ.:

Իսպանիայում հրաժեշտ տալով կնոջը՝ Իմիլկային (նրանք այլևս չհանդիպեցին)՝ Հաննիբալը հարձակման հրաման տվեց ու առաջնորդեց զորքը:

Պատերազմի սկզբնական փուլը շատ բարեհաջող էր Հաննիբալի համար, նա կարողացավ մի քանի խոշոր ճակատամարտերում ջախջախել հռոմեական զորքերը, իսկ մ.թ.ա. 218 թ. նա աննախադեպ սխրանք գործեց, ողջ զորքով (50.000 հետևակ, 9000 հեծյալ և 37 փիղ) 15 օրում հաղթահարեց Ալպերն ու անակնկալ հայտնվեց Իտալիայի տարածքում:

Իտալիայում Հաննիբալն աչքի ընկավ հնարամտությամբ: Նա որոշեց ձմեռելու համար իջնել հարավ: Կարթագենի զորքը կանգ առավ Կազինա քաղաքի մոտ: Սակայն բանակատեղին սխալ էր ընտրված: Հռոմեացիները պաշարեցին Հաննիբալի բանակատեղիի մոտ գտնվող բլուրներն ու գիշերային անակնկալ գրոհի անցան:

Հաննիբալը հրամայեց բանակի գումակից ջոկել երկու հազար ցուլ, որոնց կոտոշներից չոր ճյուղեր ու խոտ կապեցին ու վառեցին: Ցուլերին քշեցին դեպի հռոմեական զորքը: Մութ գիշերով հռոմեացիներին թվաց, թե Հաննիբալի զորքն է գրոհում՝ ճրագները վառած: Շուտով կրակը հասավ կենդանիների գլուխներին ու սկսեց այրել նրանց: Կատաղած ցուլերը, ոտնատակ անելով հռոմեացիներին, ճանապարհ բացեցին Հաննիբալի զորքի համար: Ճեղքումը հաջողությամբ ավարտվեց:

Մ.թ.ա. 216 թ. Հաննիբալը Կաննի ճակատամարտում գլխովին ջախջախեց թվաքանակով կրկնակի մեծ հռոմեական բանակն ու առաջ շարժվեց: Այս ճակատամարտը Հռոմի պատմության սև էջերից էր: Հռոմեացիներն այստեղ կորցրին 50.000 զինվոր: Զոհվեցին նաև կոնսուլը և 80 սենատոր:

Մոտենալով Հռոմին՝ Հաննիբալը վճռական պահին հապաղեց և չշարժվեց քաղաքի վրա: Դա ճակատագրական նշանակություն ունեցավ պատերազմի ընթացքի վրա: Իր հերթին Հռոմի դիկտատոր Ֆաբիուս Մաքսիմուսը, բռնելով պարտիզանական մարտի ուղին, դանդաղորեն մաշեց կարթագենյան բանակը:

Հռոմեական բանակը, որպեսզի ստիպի Հաննիբալին դուրս գալ Իտալիայի տարածքից, Պուբլիոս Կոռնելիոս Սցիպիոնի հրամանատարությամբ ներխուժեց Կարթագեն: Հաննիբալը ստիպված էր նահանջել՝ պաշտպանելու հայրենիքը: Վճռական՝ Զամայի ճակատամարտում մ.թ.ա. 202 թ. հռոմեացի զորավար Սցիպիոն Աֆրիկացին ջախջախեց կարթագենյան բանակը: Այս ճակատամարտում Սցիպիոնն ուժեղ հոգեբանական ճնշում գործադրեց կարթագենցիների վրա: Բռնելով հռոմեական բանակն ուսումնասիրող լրտեսներին՝ նա անձամբ առաջնորդեց նրանց, ցույց տվեց իր պատրաստություններն ու ազատ արձակեց՝ խորհուրդ տալով տեսածը պատմել ոչ միայն Հաննիբալին, այլև կարթագենյան բոլոր զինվորներին: Կարթագենի բանակում խուճապ սկսվեց: Հաննիբալը Սցիպիոնին առաջարկեց տեսակցել և բանակցել: Սակայն բանակցությունների ժամանակ հռոմեացին չընդունեց Հաննիբալի պահանջները և խաղաղության խնդրանքը:

Հաննիբալը պարտվեց և ստիպված էր փախուստի դիմել: Իսկ Կարթագենն ընդունեց Հռոմի առաջադրած ծանր պայմանները. Այն է՝ հրաժարվել Աֆրիկայից դուրս գտնվող բոլոր տիրույթներից, մեծ ռազմատուգանք վճարել, նավատորմը հանձնել Հռոմին, առանց Հռոմի համաձայնության` չպատերազմել անգամ երրորդ երկրի հետ:

Մեծ զորավարը, բնականաբար, պետք է ընտրեր Հռոմին թշնամի հզոր ու ապահով երկիր, և նա հայտնվեց Ասորիքում՝ Սելևկյան հզոր թագավորության գահակալ Անտիոքոս Գ արքունիքում՝ դառնալով նրա խորհրդականը: Իսկ Հռոմը, լուծելով իր խնդիրներն արևմուտքում, առաջ էր շարժվում՝ ձգտելով նվաճել նաև Ասիան: Եվ հռոմեական բանակները մ.թ.ա. 190 թ. անցան Հելլեսպոնտոսն ու ոտք դրեցին Ասիա աշխարհամաս: Սա բացահայտ պատերազմ էր՝ հայտարարված սելևկյաններին: Վճռական ճակատամարտը եղավ Մագնեսիայի դաշտում: Այս կարևորագույն ճակատամարտում Անտիոքոս Գ արքան, չլսելով Հաննիբալի խորհուրդները, մի քանի կոպիտ մարտավարական սխալներ թույլ տվեց, ինչի հետևանքով սելևկյան բանակը գլխովին ջախջախվեց:

Հաննիբալն ավելի ապահով վայր պետք է փնտրեր: Եվ նա, հեռանալով Անտիոքոսից, հայտնվեց Մեծ Հայքի թագավորությունում՝ ուր Արտաշես Առաջինը, ապստամբելով սելևկյան պետության դեմ, անկախություն էր հռչակել:

Հաննիբալը շարունակ Հռոմից վրեժ լուծելու միջոցներ էր որոնում: Հասկանալով, որ Մեծ Հայքն այդ պահին ուղղակի հետաքրքրված չէ Հռոմի հետ առճակատմամբ, մանավանդ որ Հռոմը թուլացնում էր Մեծ Հայքի թշնամի սելևկյան պետությունը, նա անցավ Բյութանիա, որը պատերազմում էր Հռոմի դաշնակից Պերգամոնի թագավորության դեմ: Սա Հաննիբալի ճակատագրական սխալն էր: Հռոմը վերջնագիր ներկայացրեց Բյութանիայի թագավորին՝ պահանջելով իրեն հանձնել Հաննիբալին, հակառակ դեպքում սպառնում էր պատերազմով: Բյութանիայի թագավորը համաձայնեց: Ծուղակում հայտնված Հաննիբալը վերջ տվեց իր կյանքին՝ խմելով իր մատանու մեջ պահած թույնը (մ.թ.ա. 183 թ.):

Նա մեռավ՝ իր սրտում պահելով թշնամությունը Հռոմի նկատմամբ, ողջ կյանքում երդմանը հավատարիմ՝ պայքարելով Հռոմի դեմ: Մեռավ՝ ապրելով մաքառումներով լի մի կյանք: Եվ նրա երդումը դարձվածք դարձավ աշխարհում որպես հաննիբալյան երդում, որ նշանակում է պահպանել երդումն ամեն կերպ: Հաննիբալը համաշխարհային ռազմարվեստի պատմության մեջ մտավ որպես ստրատեգիայի հայր: Նրա սկզբունքներից էր զինվորին երբեք պարապ չթողնելը: Պարապությունը ծուլացնում է մարտիկին, և Հաննիբալը խաղաղ ժամանակ իր զինվորներին ստիպում էր ծանր աշխատանք կատարել ձիթենու այգիներում:

Իսկ նրա հայրենի քաղաքը կրեց հռոմեացիների ողջ ցասումը: Մ.թ.ա. 146 թ. հռոմեական բանակը գրավեց Կարթագենը: Բոլոր բնակիչները սրի քաշվեցին՝ մեծ ու մանուկ, կին թե տղամարդ: Քաղաքը շուրջ 20 օր այրվում էր: Հրդեհը մարելուց հետո, Հռոմի Սենատի որոշմամբ, ավերված Կարթագենի փլատակները վարեցին և աղ ցանեցին, որպեսզի անգամ խոտ չբուսնի Հռոմին թշնամի երկրում:

Վահէ Լոռենց





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: