Թուրքիայի և Հնդկաստանի ԱԳՆ ղեկավարները քննարկել են Գյուլենի դերը հեղաշրջման փորձի կազմակերպման մեջ
Ըստ տեղեկության` Թուրքիայի արտգործնախարարն այցով գտնվում է Հնդկաստանում: Օրերս հանդիպում է ունեցել Սվարաջի հետ: Այս հանդիպման մանրամասները չեն լուսաբանվել: Հնդկաստանի ԱԳՆ-ից միայն հայտնել են, որ հանդիպումը կծառայի «Անկարայի հետ հարաբերությունների ամրապնդմանը»:
Ավելի վաղ արտգործնախարարությունից հայտնել էին, որ նախարարները կանդրադառնան «երկկողմ հարաբերությունների ողջ շրջանակին, ինչպես նաև համաշխարհային և տարածաշրջանային հարցերին»:
«Քննարկվել են Թուրքիայում ահաբեկչական հարձակումները, այդ թվում` վերջին հեղաշրջման փորձը: Այս կոնտեքստում թուրքական կողմը տեղեկացրել է Ֆեթուլլահ Գյուլենի կազմակերպության դերի մասին»,-նշել է թերթի զրուցակիցը:
Թուրքիան առաջին անգամ Հնդկաստանի հետ հարաբերություններում` նման բարձր մակարդակում, բարձրացրել է այդ հարցը: Օգոստոսի սկզբին Մումբայում Թուրքիայի գլխավոր հյուպատոսը հայտարարել էր, որ Անկարան կոչ է անում Հնդկաստանի իշխանությունների փակել երկրի տարածքում գործող, Գյուլենի հետ կապ ունեցող կրթական հաստատությունները: Սակայն հնդկական կողմը մինչ օրս որևէ գործողություն չի իրականացրել և որևէ խոստում չի տվել այդ ուղղությամբ: