Վազգեն Բադալյան. «Ես Վիկին ասել եմ, ոչ նա այլևս չպետք է ռինգ դուրս գա «կռվելու»
դիտումներ: 2283
Հայաստանի բռնցքամարտի հավաքականի գլխավոր մարզիչ Վազգեն Բադալյանին հարցրինք, թե մեր թիմի կազմում քանի մարզիկ է ընդգրկվելու:
- Հայաստնից հանդես կգա 9 բռնցքամարտիկ: Պատանեկան օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր, 81 կգ քաշային Նարեկ Մանասյանին արժանի փոխարինող չունենք: Այս տարի նա միջազգային ռինգում բավականին շատ` 18 հանդիպում է անցկացրել, ուստի որոշել ենք, որ բռնցքամարտիկը պետք է հանգստանա: Հավաքականում կան պատանիների աշխարհի, Եվրոպայի առաջնության մրցանակակիրներ: Չունենք այնպիսի մարզիկներ, որոնք նախկինում աչքի են ընկել երիտասարդական միջազգային ռինգում: Աշխարհի երիտասարդների չեմպիոն Անուշ Գրիգորյանն էլ չի մասնակցում, քանի որ Եվրոպայի երիտասարդական առաջնությունում մարզուհիների մրցաշար չի անցկացվում: Մեծ սպասելիքներ չունենք, բայց ամեն ինչ հնարավոր է: Խոստումնալից բռնցքամարտիկների ենք ռինգ դուրս բերելու, և չի բացառվում, որ հաջողությունը նրանց ուղեկից լինի: Թիմի անդամները Ծաղկաձորում ուսումնամարզական հավաք են անցկացրել: Այժմ հավաքականը հանգրվանել է Հայաստանի հավաքական թիմերի նախապատրաստության երևանյան կենտրոնում: Պարապում ենք «Հայաստան» մարզական միության դահլիճում: Հոկտեմբերի 17-ին կուղևորվենք Զագրեբ:
- Հատկապես ո՞ր մարզիկներից են սպասելիքները մեծ:
- Կարող է ուրախացնել պատանիների աշխարհի առաջնության մրցանակակիր Սերյոժա Հակոբյանը (91 կգ): 2014-ին կայացած աշխարհի առաջնության քառորդ եզրափակչում նա 1:2 հաշվով պարտվեց Ադրբեջանի ներկայացուցչին: Մրցավարները վրիպուներ թույլ տվեցին: Հուսադրում են 51 կգ քաշային, Եվրոպայի պատանիների առաջնության չեմպիոն Դավիթ Ասատրյանը, 56 կգ քաշային, Եվրոպայի պատանիների առաջնության արծաթե մեդալակիր Սպարտակ Թամարյանը և մյուսները: Հավասար կարողություններով հավաքական է, այնպես որ բռնցքամարտիկներից յուրաքանչյուրն էլ կարող է մեդալակիր դառնալ: Մնում է, որ մրցավայրում վիճակահանությունը բարեհաջող լինի: Բռնցքամարտում դա կարևոր է: Ցանկալի է, որ առաջին փուլում մերոնք ամենաուժեղների հետ չմրցեն:
- Դուք նաև Վիկ Դարչինյանի մարզիչն եք: Նախատեսվո՞ւմ է, որ նա նոր մրցամարտ անցկացնի:
- Դեռ սեպտեմբերին Վիկը Մեքսիկայում պետք է մրցամարտ անցկացներ, բայց այն չկայացավ: Հեռախոսով զրուցել ենք, պայմանավորվել, որ Դարչինյանն այլևս չի շարունակելու մրցելույթները: Նա հայտնեց, որ նոր մրցամարտ են առաջարկում անցկացնել: Իմ տեսակետն այն էր, որ պետք է հեռանալ: Դեռ երեք տարի առաջ հայտնել եմ և նույնը կրկնում են, որ լեգենդար մարզիկները պետք է ժամանակին թողնեն մեծ սպորտը: Ֆիզիկականի հետ կապված հարցեր կան. հունվարի 7-ին նա կդառնա 39 տարեկան: Դարչինյանը ներկայումս Ավստրալիայում է, թե ինչ կլինի հետո, չգիտեմ: Ես Վիկին ասել եմ, ոչ նա այլևս չպետք է ռինգ դուրս գա «կռվելու»: