ԵՏՄ-ին անդամակցելը չի նշանակում ինքնիշխանության կորուստ. Խ. Հարությունյան
դիտումներ: 1404
Անդրադառնալով Ռուսաստանի հանդեպ կիրառվող պատժամիջոցներին և դրանց ազդեցությանը Հայաստանի վրա՝ Խոսրով Հարությունյանը նշեց, որ դրանք երկսայրի սուր են և միևնույն ժամանակ չեն կարող երկարաժամկետ լինել. քանի որ Եվրոպան ռուսական շուկայի փոխարեն համարժեք շուկա չի կարող գտնել. «Իսրայելը, Հարավաֆրիկյան հանրապետությունը և լատինամերիկյան երկրները հաճույքով լցնում են այդ դատարկ տեղերը: Վաղը, մյուս օրը եվրոպացիները վերադառնալու են ռուսական շուկա»:
Խոսրով Հարությունյանը ուշադրություն հրավիրեց այն հանգամանքին, որ ակտիվանում են ռուս-չինական տնտեսական և ռազմաքաղաքական հարաբերությունները. «Եվրոպական պատժամիջոցները անուղղակի կերպով Ռուսաստանի մղեցին դեպի արևելք: Նրա դերակատարումը առավել կարևոր է դարձել ներկայումս»:
Ըստ քաղաքական գործչի` Ռուսաստանի եւ Չինաստանի համագործակցումը տնտեսության, գիտության, ժամանակակից տեխնոլոգիաների ամենատարբեր ոլորտներում հետաքրքրություն է ներկայացնում բոլորի համար:
Անդրադառնալով հոկտեմբերի 10-ին տեղի ունեցած հանրահավաքին` ՀՀԿ խմբակցության անդամը կարծիք հայտնեց, որ մեծ հաշվով ոչ մի փոփոխություն քաղաքական դաշտում չեղավ. «Սա հանրահավաք էր, որոշ բաղադրիչներով վերլուծության արժանի, բայց ոչ ավելին: Ես չեմ կարծում իշխանությունները այս հանրահավաքի հետ կապված ինչ-որ քայլեր կարձանագրեն: Կազմակերպիչները առայժմ վստահ չեն իրենց կարողությունների վրա, եւ հավանաբար անցյալից դասեր են քաղել և չեն ուզում անիրականալի սպասելիքներ ձևավորել: Այդ իսկ պատճառով Լևոն Տեր-Պետրոսյանը նշեց, որ «Հիմա» կարգախոսը, որը գործում էր 2007-2008 թվականներին, արդիական չէ », - ասաց Խոսրով Հարությունյանը:
Նա ընդգծեց, որ այս գործընթացը ապագա չունի. քանի որ ուղղված է կոնկրետ անձի դեմ, «Նման դեպքերում հանրությունը ընդամենը գործիք է դառնում խնդիրը լուծելու համար: Պատահական չէ, որ Լևոն Տեր-Պետրոսյանը պայման դրեց, որ որոշումը միայն չորս հոգով են կայացնելու, իսկ հանրության խնդիրն է միշտ այնտեղ լինել»: