Հայերեն   English   Русский  

​Սիսիանն այս պահին քաղաքապետի երեքուկես թեկնածու ունի


  
դիտումներ: 3787

Հանրապետության մի շարք համայնքներում առաջիկայում սպասվում են տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ. նաև՝ Սիսիանում: Այստեղ քաղաքապետի ընտրությունները նախատեսված են հոկտեմբերի 2-ին, և քաղաքապետի պաշտոնում ընտրվելու համար առաջադրվել է 4 թեկնածու` գործող քաղաքապետ Աղասի Հակոբջանյանը, Սիսիանի նախկին քաղաքապետ Լավրենտ Սարգսյանի որդին` Արթուր Սարգսյանը, լրագրող, Սիսիանի ավագանու անդամ, «Լուսավոր Հայաստան» կուսակցության ներկայացուցիչ Սրբուհի Գրիգորյանը և Սիսիանի քաղաքապետարանի աշխատակից Կամո Մանուչարյանը:

Որոշել էինք ներկայացնել, թե նրանցից յուրաքանչյուրն ինչ ծրագիր ունի, ինչպես է պատկերացնում ընտրապայքարը, ինչպես է գնահատում իր հնարավորությունները և այլն, բայց մոտ մեկ ամիս տարբեր առիթներով զրուցելով սիսիանցիների հետ, լսելով նրանց կարծիքները՝ որոշեցինք հնարավորինս ներկայացնել թեկնածուներին ու սիսիանցիների վերաբերմունքը ընտրություններին առհասարակ:

Կարելի է ասել, որ սովորական քաղաքացիներն առանձնապես չեն էլ հավատում, թե այսինչ կամ այնինչ թեկնածուն ինչ-որ բան է փոխելու իրենց կյանքում:

Այսուհանդերձ, սկսենք գործող քաղաքապետ, նախկինում ԲՀԿ ներկայացուցչի կարգավիճակով, ԲՀԿ քաղաքական թիմով ու ԲՀԿ աջակցությամբ երկու անգամ քաղաքապետի ընտրություններին մասնակցած ու հաղթած, իսկ ներկայումս ԲՀԿ-ն լքած ու անկուսակցականի կարգավիճակով ինքնաառաջադրված Աղասի Հակոբջանյանից: Նա մեկ անգամ չէ, որ հայտնվել է աղմկոտ պատմություններում: Հիշում ենք, որ նա անցնում էր նաև հափշտակության ու համայնքային գույքի յուրացման համար հարուցված քրեական գործով, ու թեև առաջին ատյանի դատարանը հանցակազմի բացակայության պատճառով կարճեց այդ քրգործը, ինքը` Աղասի Հակոբջանյանն էլ այդ գործն անվանում է իր անձի դեմ սանձազերծված սադրանք, նրա քաղաքական կենսագրության վրա դա, ամեն դեպքում, սև բիծ էր, որը ժամանակ առ ժամանակ հիշեցնում են նրան:

Սրբուհի Գրիգորյան

Սիսիանցիները նաև մատնանշում են Սիսիանի «խրամատների», իսկ հետո էլ՝ «բլինդաժների» վերածված փողոցները, որոնց ականատեսն են եղել Աղասի Հակոբջանյանի պաշտոնավարման ամբողջ ընթացքում: Եվ , ի դեպ, դրանք վերջին ամիսներին աշխուժորեն հիմնանորոգվում ու ասֆալտապատվում են: Սիսիանի անբարեկարգ փողոցների ու մայթերի համար Աղասի Հակոբջանյանը բազմիցս է քննադատության արժանացել, և առհասարակ, համայնքային գործերի կառավարման հարցում Աղասի Հակոբջանյանը «գլխացավանքների» պակաս չունի:

Մեկ այլ «սև բիծ» կամ ավելի ճիշտ` «գլխացավանք» էլ Աղասի Հակոբջանյանի համար Շաքեի ջրվեժի հարցն է: Ջուրը, որ պետք է թափվեր այս անձեռակերտ հրաշքից, ուղղվում է դեռևս խորհրդային տարիներին կառուցված այն ՀԷԿ-ը, որի մի մասի սեփականատերը հենց Աղասի Հակոբջանյանն է: Այսինքն` Շաքիի գեղատեսիլ ջրվեժը կամ, ինչպես սիսիանցիներն են սիրում ասել, քարվեժը «հովհարային» դարձնելու մեղադրական սլաքները ևս խոցելի են դարձնում Հակոբջանյանին: Բայց գործող քաղաքապետները միշտ մեկ-երկու քայլի առավելություն ունենում են մրցակիցների նկատմամբ վարչական ռեսուրսի, կապերի, այլ տեսանելի ու անտեսանելի հանգամանքների շնորհիվ:

Հիմնական պայքարը, ինչպես համոզված են սիսիանցիները, ընթանալու է Աղասի Հակոբջանյանի ու նախկին քաղաքապետի որդու` անկուսակցական Արթուր Սարգսյանի միջև: Ընդհուպ խոսակցություններ կային, թե Արթուր Սարգսյանը «վերևից դաբրո» ունի, ու հենց նա է վերևների նախընտրելի թեկնածուն: Բայց և այնպես իշխող ՀՀԿ-ն պաշտոնապես Սիսիանի համայնքի ղեկավարի պաշտոնում ոչ ոքի թեկնածություն չի առաջադրել: Որքան էլ զարմանալի է, իշխող կուսակցությունը Սիսիանի քաղաքապետի ընտրություններում հանդես է գալիս հանդիսատեսի կարգավիճակով: Եվ սա բացատրություն ունի՝ առաջիկայում սպասվող համայնքների խոշորացման ծրագիրը: Այսինքն` ակնկալվում է, որ համայնքները խոշորացնելուց հետո պետք է լինեն համայնքապետի նոր ընտրություններ, ուստի ՀՀԿ-ն այս ընտրությունները դիտարկում է որպես միջանկյալ ու չի փորձում թաթախվել դրանց մեջ. իրական պայքարը կսկսի հենց այն խոշորացված համայնքի ղեկավարի ընտրությունների ժամանակ: Այստեղ է, որ շրջանառվում է Սյունիքի մարզպետարանի գյուղատնտեսության բաժնի պետ Սամվել Թանգյանի անունը: Մինչ առաջադրումները շշուկներ կային, թե նա է լինելու ՀՀԿ-ի թեկնածուն, բայց չառաջադրվեց: Ըստ Սիսիանում օր- օրի ամրապնդվող կարծիքի՝ Սամվել Թանգյանին, որը համարվում է Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի ամենամտերիմներից մեկը, Խաչատրյանը խոստացել է օգնել արդեն խոշորացված համայնքի ընտրությունների ժամանակ: Թե որքանով է այս վարկածը ճիշտ կամ սխալ, այսօր դժվար է ասել, բայց Սիսիանում անկեղծորեն հավատում են այդ սցենարին:

Վերադառնանք Արթուր Սարգսյանին: Նրան «քաղաքական գործիչ» անվանելը սխալ կլինի, որովհետև քաղաքական գործունեություն առանձնապես չի վարել, եթե իհարկե, չհաշվենք հոր` նախկին քաղաքապետ Լավրենտ Սարգսյանի ընտրությունների համար ընտրական գործընթացների մեջ ընդգրկված լինելը: Ամեն դեպքում Արթուր Սարգսյանը քաղաքական կենսագրություն չունի, ու դա է վկայում նաև այն հանգամանքը, որ սիսիանցիների մի ստվար զանգված նրա անունը հոր` Լավրենտ Սարգսյանի անվան հետ է տալիս ` Լավրենտ Սարգսյանի որդի Արթուր Սարգսյան: Սակայն Սարգսյան ընտանիքը մի լուրջ խնդիր ունի, որը պայմանավորված է քաղաքապետ եղած ժամանակ Սարգսյան հոր ծավալած գործունեության ու, մասնավորապես, մի շարք շենք-շինություններ, տարածքներ սեփականացնելու հետ: Սիսիանում բոլորն էլ, անկախ այն հանգամանքից` համակրում են Արթուր Սարգսյանին որպես թեկնածու, թե ոչ, հիշում ու հիշեցնում են, որ «Օսրի խաչմերուկից մինչև Տոլորսի ու Աշոտավանի խաչմերուկ և Ույծ ինչ շենք ու տարածք կա, սաղ Լավրենտը վերցրեց»: Բոլորը հատկապես մատնանշում են Սիսիանի շրջանային կուլտուրայի տան սեփականաշնորհումն ու այն հանդիսությունների սրահի վերածելը: Ու շատերն էլ պնդում են` որդին գալիս է սեփականաշնորհելու այն, ինչ հայրը չէր հասցրել: Սա, ինչ խոսք, թերևս Արթուր Սարգսյանի համար ամենալուրջ խոչընդոտն է, ու թե ինչպես կդասավորվի նրա քաղաքական կարիերան, մեծ մասամբ կախված է նաև այն հարցից, թե ինչ թիմ կհավաքի, ինչքանով կկարողանա հոր քաղաքական գործունեության «մութ կողմերի քննադատությունն» իր վրայից սրբել ու դրական կողմերը ծառայեցնել արդեն իր քաղաքական նպատակներին, կամ կկարողանա՞, արդյոք:

Աղասի Հակոբջանյան

Ամեն դեպքում, արդարության համար նշենք, որ երիտասարդ Արթուր Սարգսյանը շատերի շրջանում չի ընկալվում որպես քաղաքական գործիչ, ինչն էապես մեծացնում է մյուս թեկնածուների, հատկապես՝ Աղասի Հակոբջանյանի շանսերը:

Ուշագրավ է ընտրություններին առաջին անգամ մասնակցող ու նորաստեղծ «Լուսավոր Հայաստան» կուսակցության ներկայացուցիչ Սրբուհի Գրիգորյանի առաջադրումը: Միայն նա է բացահայտ հանդես գալիս որպես կուսակցության կողմից առաջադրված թեկնածու: Սիսիանի պատմության մեջ շատ չեն դեպքերը, որ համայնքապետի պաշտոնում կին թեկնածու առաջադրվի: Լրագրող, ավագանու անդամ Սրբուհի Գրիգորյանը, ինչպես հիշում ենք «Անկախի» նախկին հրապարակումներից, վերջերս բավական ակտիվ հասարակական-քաղաքական վարքագիծ էր դրսևորում: Հենց նա էր, որ բարձրաձայնեց ու խիստ արդիական դարձրեց Սյունիքի մարզում համայնքների բյուջեների համամասնության հարցը, նա ընդվզեց «ընդունված» կարգերի շուրջ ու մատնանշեց, որ պետական հատկացումները Սիսիանին «ավանդաբար» քիչ են տրամադրվում:

Ուշագրավ է կին թեկնածուի առկայությունը. մի հանգամանք, որ կարող է ինչպես օգնել Գրիգորյանին, այնպես էլ խանգարել: Այլ հանգամանքներում միգուցե սիսիանցիները նրա մեջ տեսնեին Աղասի Հակոբջանյանին ու Արթուր Սարգսյանին իրական այլընտրանք, բայց շատերը թերահավատ են, թե անգամ հաղթելու դեպքում կինը չի կարող տեղը տեղին խոսել մարզային կամ հանրապետական ուժեղ ղեկավարության հետ: Որովհետև Սիսիանում, ընդունենք դա, թե ոչ, դեռ կա այն կարծրատիպը, թե կինն ու քաղաքականությունն անհամատեղելի են: Բայց Սրբուհի Գրիգորյանին արդեն մեկ անգամ` 2012 թվականին հաջողվել է հաղթահարել այդ խոչընդոտը, երբ առաջադրվում էր որպես Սիսիանի ավագանու թեկնածու: Ամեն դեպքում, Սրբուհի Գրիգորյանին, որպես լրագրողի, Սիսիանում բավականին շատ մարդիկ են ճանաչում, հարգում և ընդունում, իսկ կընդունեն, արդյոք, որպես քաղաքապետի թեկնածուի, այս պահին դժվար է ասել: Այսպես թե այնպես, քիչ չեն նաև այն մարդիկ, որոնց համար Սրբուհի Գրիգորյանը ոչ միայն լավ ու նախընտրելի թեկնածու կլինի, այլև Արթուր Սարգսյանի ու Աղասի Հակոբջանյանի լավ այլընտրանք:

Ինչ վերաբերում է «ինքնաառաջադրված» անկուսակցական Կամո Մանուչարյանին, ապա քանի որ նա Սիսիանի քաղաքապետարանի աշխատակից է` գլխավոր մասնագետ, բուռն քաղաքական գործունեությամբ երբեք աչքի չի ընկել, ռեսուրսներ, քաղաքական կապիտալ և շատ այլ անհրաժեշտ բաներ չունի, երբեք էլ լիդերի դեր ստանձնելու հավակնություն չի դրսևորել, ապա սիսիանցիները վստահ են, որ նա առաջադրվել է ամենևին էլ ոչ ընտրապայքարին լուրջ մասնակցելու համար, այլ նրան «առաջադրել» է գործող քաղաքապետ Աղասի Հակոբջանյանը՝ ինչ-ինչ խնդիրներ լուծելու մտայնությամբ: Եվ սիսիանցիները Կամո Մանուչարյանի առաջադրմանը հենց այդպես էլ վերաբերվում են` անլուրջ: Այսինքն` հումորով: Այնպես որ կարելի է ասել՝ Սիսիանն այս պահին ունի քաղաքապետի երեքուկես թեկնածու:

Նախընտրական քարոզարշավը Սիսիանում կմեկնարկի սեպտեմբերի 14-ից, այդ ժամանակ էլ շատ հարցադրումներ, կարծիքներ, վարկածներ ու տրամադրվածություններ կարող են փոփոխվել: Բոլոր թեկնածուներին էլ մաղթում ենք հաջողություն ու ամենակարևորը` արդար պայքար ու մրցակցություն:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: