Խաչվերաց, Ուլնոց, Գինետոն
Այս տոնի խորհուրդն այն է, որ խոր աշուն է, բերքահավաք, ավարտվում է տնտեսական տարին, մարդիկ պահուստ են կուտակում` ձմռանը նախապատրաստվելու համար: Այսինքն` աշնանամուտի տոն էր, որ նշվում էր խրախճանքով, լի ու տոնական սեղաններով: Ուլնոցը նաև գինետոն է եղել և տոնի ժամանակ սեղաններին առատ գինի է դրվել:
Քրիստոնեության ժամանակ խաչ էին սարքում, զարդարում ծաղիկներով, հատկապես` ռեհանով: Տոնին հաջորդում է մեռելոցը, որի խորհուրդն այն է, որ աշնան բարիքներից «մաս էր հանվում» հանգուցյալներին: Տոնին նախորդող գիշերը երգ ու պարով, երաժշտության ու խաղերի ուղեկցությամբ ուլերն էին մորթում, կախում թոնրում` խորովելու: Ուլի տակ նախապես թոնրի մեջ դնում էին ձավարով լի կաթսան:
Առավոտյան ուլի բուդը տրվում էր քահանային, սա կոչվում էր մեռելափայ: Զոհաբերության յուրահատուկ ծես կար այս տոնին. ուլի մսերը և թոնրում պատրաստված ձավարեղենը, լավաշի մեջ փաթաթած, դնում էին գերեզմանաքարերի վրա: Լինելով «գերեզմանների» օր` սա միաժամանակ տոն էր, և ողբի ու սգի օր չի համարվել հայոց մեջ, այլ հիշատակի ու հաղորդակցման: Շատ հաճախ, անգամ հենց գերեզմաններում տոնակատարություն է իրականացվել, որ ուղեկցվում էր խաղ ու ծիծաղով, երգ ու պարով: Սրանով հայ արորդիներն իրենց երկրային կյանքի բարիքներն ու ուրախությունները բաժին են հանել իրենց հանգուցյալներին ու հաղորդակցվել նրանց հետ:
Սբխեչը նաև ուխտագնացությունների տոն էր: Այդ օրը Հայաստանի շատ վայրերում մարդիկ համայնքներով ուխտի էին գնում հեռավոր վայրեր, հիմնականում բարձունքներում և լեռնագագաթներին գտնվող վանքերն ու մատուռները, այնտեղ կատարում իրենց ուխտը:
Ընդհանուր առմամբ` հնում տոնի խորհուրդն իր մեջ ամփոփել է աշնան գալուստը, տնտեսական տարվա` մի փուլից մյուսն անցնելը:
Սբխեչը հայոց մեջ ամենատարածված, ամենամասսայական տոներից է, որ պարտադիր նշվում է բոլորի, հատկապես այն ընտանիքների կողմից, որոնք վերջերս կորուստ են ունեցել: Այնքան մեծ էր Սբխեչի նշանակությունը, որ անգամ այն «կտրում» էր մյուս նշվող միջոցառումները` հանգուցյալի տարին, քառասունքը…
Այժմ տոնը Ժողովրդի մեջ տարածված է Սբխեչ կամ Ուլնոց անվամբ, իսկ քրիստոնեական տոնացույցում Խաչվերաց տոնը նշվում է ամեն տարի սեպտեմբերի 14-ին նախորդող կամ հաջորդող կիրակի, և այն Հայ առաքելական եկեղեցու հինգ տաղավար տոներից վերջինն է:
Ըստ ավանդության` 610 թ. սկսված պարսկա-բյուզանդական պատերազմի ժամանակ 614 թ. պարսիկները Խոսրով Բ արքայից արքայի հրամանատարությամբ գրավում են Երուսաղեմը և գերեվարում Հիսուսի խաչափայտը: Բյուզանդական Հերակլ կայսրը 627 թ. պարսիկներին հաղթելով` խաչը վերադարձնում է Երուսաղեմ և կրկին հանձնում Սբ Հարության տաճարին: Հերակլ կայսեր այս արշավանքին մասնակցել է նաև հայոց զորքը` իշխան Մժեժ Գնունու հրամանատարությամբ: Բյուզանդական զորքի հետդարձի ճամփան անցնում էր Հայաստանով, և, ավանդության համաձայն, հայոց Կարին քաղաքում խաչի դրված տեղից վճիտ աղբյուր է բխում, և այդ տեղում հետագայում կառուցվում է Խաչավանքի եկեղեցին: Ըստ ավանդության` Երուսաղեմում Հերակլ կայսրը խաչափայտն անձամբ է իր ուսերի վրա տանում է մինչև Գողգոթա և դնում Տիրոջ գերեզմանին կառուցված Սբ Հարության տաճարում: Այստեղից էլ տոնի անվանումը` Խաչվերաց, այսինքն` խաչը վեր բարձրացնել: