Ուրֆանյանի, Աբաջյանի, Զոհրաբյանի, Սլոյանի պահած դիրքն ամբողջությամբ վերակահավորվել է (լուսանկարներ)
Աշխատանքներն իրականացվել են ապրիլյան պատերազմից հետո կառավարության հատուկ հաշվեհամարին եւ բարեգործական այլ ծրագրերի միջոցներով հանգանակված գումարներով: Հուլիսի 1-ի դրությամբ՝ կառավարության հատուկ հաշվեհամարին է փոխանցվել 4 մլրդ 562 մլն 175 հազար 600 դրամ: Ըստ Կառավարության տրամադրած պաշտոնական տեղեկատվության՝ ապրիլի 4-ից մինչև հուլիսի 1-ը հավաքագրված գումարներից տարբեր նշանակության ծախսեր են կատարվել, որոնք ներառել են հետևյալ ընդհանրական տողերը՝ փոխանցում ԼՂՀ պաշտպանության նախարարությանը՝ 597 մլն 826 հազար դրամ, ռազմական նշանակության տեխնիկայի և սարքավորումների ձեռքբերում՝ 736 մլն 529 հազար 100 դրամ, ինժեներական աշխատանքների կատարում՝ 356 մլն 452 հազար 800 դրամ, ՊԲ կարիքների համար ենթակառուցվածքների, տրանսպորտի և կապի ծառայությունների ու կապիտալ ծախսերի իրականացում՝ 198 մլն 859 հազար 700 դրամ, զորակոչված քաղաքացիներին և կամավորականներին դրամական աջակցության տրամադրում՝ 532 մլն 372 հազար 100 դրամ:
Ե՞րբ կավարտվեն մարտական դիրքերի ամբողջական վերակահավորման աշխատանքները: Արդյոք հավաքված գումարը բավարա՞ր է ամբողջական վերազինման համար: Ինչո՞ւ այդ ամենը չի արվել ապրիլի 1-ից առաջ: Այս հարցերը դեռ մնում են անպատասխան հասարակության համար: Պաշտոնական պատասխաններ ստանալու նպատակով հարցում էինք ուղարկվել Արցախի պաշտպանության բանակի մամուլի ծառայություն, որտեղից այդպես էլ մեր հարցմանը չպատասխանեցին: