Լրագրության ուրախ նախադեպերի երկիր Հայաստանս.Ռուզան Խաչատրյան
- Անջատե՛ք կամերաները, փակում ենք էս հաղորդումը:
Բառացիորեն վայրկյաններ անց հեռուստացույցի էկրանին դատարկ թրթռոց էր:
Դա պիտի որ 2000-ականների կեսերին լիներ: Ծաղկաձորում լրագրողական հավաքի էինք, երբ մեր սենյակներում որսացինք աշխարհի հեռուստատեսության պատմության մեջ արտառոց այդ պահը, իսկ քիչ անց սկսվեց իրար զանգելն ու խոսափողների մեջ կչկչալը՝ բայց սենց բան տեսե՞լ էիր…
Իհարկե, դա ԱԼՄ-ի եթերում միակ արտառոց բանը չէր: Եվ հիմա նույնիսկ Կարապետիչի անակնկալներին կարոտած մտածում եմ՝ եթե աշխարհում լրագրության արտառոց դեպքերի թանգարան բացվեր, Հայաստանն ամենահարուստ տաղավարը կունենար՝ ԱԼՄ-ի առանձին սրահով:
Ոչ միայն:
Այդ տաղավարում անպայման կլիներ իշխող Հանրապետականի փոխնախագահ Արմեն Աշոտյանի «Եռանկյունի» հաղորդումը Հանրային հեռուստատեսությունում: Առանձնացված դարակում կցուցադրեի «Եռանկյունու» առաջին փուլի թողարկումները, երբ հեռուստավար Աշոտյանը գիտության և կրթության նախարար էր, և դրանց մեջ պատվավոր դարակում՝ հատկապես Սահմանադրության հանրաքվեի քարոզարշավի շրջանում հեռարձակվածները:
Ավելի թարմ գլուխկոտրուկ. 2016թ. հուլիսի 10-ին ընդամենը մեկ հայտարարությամբ, թե առաջ շարժվելու մոտիվացիա, ուժ և ավյուն չունի՝ անսպասելիորեն իր աշխատանքը դադարեցրեցառաջատար լրատվամիջոց համարվող 1in.am-ը: Հաջորդ օրերին էլ՝ ո՛չ մի որոշակի բացատրություն, ո՛չ մի մեկնաբանություն: Ասես չէր էլ եղել: Դրանից մի քանի շաբաթ անց նույն անսպասելի կերպով վերաբացվեց այն: Այսինքն՝ երբ իրադարձություն չկա, լրատվամիջոցը փակվում է, իսկ երբ կա, նորից վերաբացվու՞մ է: Միջոցների մեծագույն խնայողություն, ուսանելի օրինակ է:
Մի շատ թարմ արտառոց նմուշ էլ կունենայինք այդ թանգարանում. ԳԱԼԱ հեռուստաընկերության՝ԳԱԼԱ կուսակցություն հիմնելը:
Լրագրության ուրախ նախադեպերի թանգարանում անպայման իր պատվավոր տեղը կունենար 10-15 տարի առաջ Հ1-ով հեռարձակված լրատվական մի ռեպորտաժ, որի հեղինակ տիկինը երրորդ դեմքով իր մասին պատմում էր, որ լրագրողական մրցանակ է ստացել, իսկ նրա զրուցակիցները գնահատում էին մրցանակակրի, այսինքն՝ հենց իր մասնագիտական արժանիքները: Գոնե վերջում իր անուն-ազգանունը նորից չնշեր, այս անգամ՝ որպես ռեպորտաժի հեղինակի. չիմացողները գուցե այդ դեպքում գլխի չընկնեին, որ «այս ռեպորտաժս ի՜մ մասին է»...
Թանգարանի նույն դարակին արժանի նման մի դրվագ եղավ 2015-ի դեկտեմբերի վերջին, երբ Tert.am-ում մի հեղինակ ամփոփեց անցնող տարվա «ամենաազդեցիկ լրագրողական ստեղծագործությունն, ըստ լրագրողների»: Նյութում որպես լավագույն կամ ամենաազդեցիկ՝ 10 անգամ նշված էին հարցումներն անցկացրած լրագրողի անունը և նրա նյութերի հղումները, իսկ տեքստի տակ՝ գրի առավ… նույն լրագրողը:
Նույն սրահում մեկ այլ դրվագ էլ կցուցադրեի: Ավելի շուտ՝ դրվագաշար կոնկրետ դատավարությունից: Այս դարակում կլինեին «Հրապարակի» լրագրողի լուսաբանումները՝ թերթի, բայց և անձամբ իր դեմ ընթացող դատական նիստերից:
Մի մեծ սրահ կունենար Հայաստանի ամենահայտնի, մասնագիտական էթիկայի հարցում ամենաազատ և ամենաանկոմպլեքս ֆոտոլրագրողը:
Թանգարանի առիթով ինձ էլ հիշեցի՝ 1990-ականների սկզբին: Մի դեսպանատանն ընդունելության էի հրավիրված, և վարդագույն շորով ու բարձրակրունկներով էի գործի գնացել: Հանկարծ ուղարկեցին պաշտպանության նախարարի ասուլիսին: Մի մեծ դահլիճ լիքը տղամարդ թղթակիցներ էին նստած ու մորուքով երկրապահներ: Դեռ համարձակություն ունեցա հարց տալու, որից հետո կողքիս նստած մի կին ցածր շշնջաց՝ էս ձեր խմբագրությունում մի լուրջ մարդ չկա՞ր, որ քեզ են ուղարկել ստեղ...
Այդպես ավելի մոտիկից ծանոթացա լրագրող Կարմեն Դավթյանի հետ, որին նույնպես առանձին բաժին կհատկացնեի լրագրողական արտառոց նյութերի թանգարանում: Ցուցափեղկի մակագրությունը կլիներ՝ «Հայ լրագրության առանցքը» (իր ինքնաբնորոշումն է):
Մտածում եմ՝ գուցե պաշտպանության նախարարի ասուլիսին հագածս վարդագույն շորն ու բարձրակրունկնե՞րս էլ գտնեմ, դնեմ Հայաստանի լրագրության ուրախ կամ արտառոց նախադեպերի թանգարանում:
Ռուզան Խաչատրյան