Սերժ Սարգսյանը ձեր խմբակի ղեկավարն է, այլ ոչ թե ՀՀ նախագահը. Զարուհի Փոստանջյան
Պատգամավորը շարունակում էր իր միտքը, խոսելով Շանթ և Շահեն
Հարությունյանների դատավճռից, սակայն չկարողացավ միտքը հասցնել ավարտին,
քանի որ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը անջատեց նրա խոսափողը՝ պնդելով,
թե հարցն օրակարգին չի առնչվում:
Քառօրյայի օրակարգի քննարկման
ժամանակ Զարուհի Փոստանջյանը ևս մեկ անգամ անդրադարձավ այդ խնդրին.
՛՛Խնդրում եմ պարզաբանել, թե ինչպե՞ս այսօրվա օրակարգի հետ կապ չունի Շանթ
Հարությունյանի դատապարտումը և Սերժ Սարգսյանի նախապես հայտնած կարծիքը`
ուղղորդումը դատարանին, որ նրանք հանցագործներ են, ոչ թե քաղբանտարկյալներ,
և հանցագործները պետք է գտնվեն բանտախցում: Այսօր օրակարգում է Մարդու
իրավունքների պաշտպանի զեկույցը, Սերժ Սարգսյանը` ձեր ղեկավարը,
հայտարարություն է արել մինչև դատավճիռ արձակելը: Ինչու՞ եք խուսափում այդ
հարցերին պատասխանել, խոչընդոտում եք պատգամավորի` կարծիք արտահայտելուն և
հարցադրում անելուն'',- ասաց պատգամավորը:
Ի պատասխան ԱԺ նախագահ
Գալուստ Սահակյանը նորից շեշտեց, թե հարցն օրակարգին չի վերաբերում, բայց,
այդուհանդերձ պատասխանեց. ''Նախ` Սերժ Սարգսյանը նաև ձեր ու ՀՀ
քաղաքացիների նախագահն է: Ցանկացած հարց կարելի է քննարկել, սակայն ոչ
օրակարգի հաստատման ժամանակ: Դա կարելի է անել հայտարարության,
հարցուպատասխանի ժամին'':
''Սերժ Սարգսյանը ձեր խմբակի ղեկավարն է, այլ
ոչ թե ՀՀ նախագահը'', - վրա բերեց Զարուհի Փոստանջյանը, ինչից հետո ԱԺ
փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը երկրորդ անգամ պահանջեց անջատել նրա
խոսափողը. ''Բազմիցս նշել եմ, որ սա պառլամենտ է ու այստեղ պետք է խոսել
պառլամենտական բառապաշարով: Իմ ուշքը չի գնում, սիրելի'ս, անջատել ձեր
խոսափողը, խոսեք ԱԺ կանոնակարգ-օրենքի համաձայն'',-ասաց ԱԺ փոխնախագահը: