Հայերեն   English   Русский  

Ազգային ժողովի քառօրյա նիստում


  
դիտումներ: 1206

Հոկտեմբերի 21-ին խորհրդարանը շարունակել է քառօրյա նիստերի աշխատանքը:

Ազգային ժողովը շարունակել է քննարկել «2013թ. ընթացքում ՀՀ մարդու

իրավունքների պաշտպանի գործունեության եւ երկրում մարդու իրավունքների ու

հիմնարար ազատությունների խախտման մասին» տարեկան զեկույցը:

«Բարգավաճ Հայաստան» խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը խոսել է տարբեր

ոլորտներում մարդու իրավունքների խախտումներից` անդրադառնալով երկու հիմնական

խնդրի` պայմանական վաղաժամկետ արձակման հանձնաժողովի գործունեությանը, ինչպես

նաեւ ժամանակավոր պահպանման խցերի պայմաններին:

Խմբակցության քարտուղարը նշել է, որ ԲՀԿ-ն պատրաստ է ակտիվ համագործակցել

Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի հետ:

«ՀՀԿ» խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը եւս անդրադարձել է տարբեր

ոլորտներում մարդու իրավունքների խնդիրներին, պատգամավորների՝ խորհրդարանում

հնչած տեսակետներին, որոնք վերաբերում էին զեկույցին:

Խմբակցության ղեկավարը բարձր է գնահատել Մարդու իրավունքների պաշտպանի

գրասենյակի կատարած աշխատանքը եւ նկատել, որ այն պետք է էլ ավելի ակտիվացնի

համագործակցությունը ԱԺ մշտական հանձնաժողովների եւ պատգամավորների հետ:

Ամփոփիչ ելույթում Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանը

շնորհակալություն է հայտնել պատգամավորներին շահագրգիռ քննարկումների համար:

Նրա խոսքով` քննարկումները հնարավորություն են տվել խոսելու մարդու

իրավունքների խնդիրների մասին:

Մարդու իրավունքների պաշտպանը նշել է, որ իր ղեկավարած կառույցը

համագործակցում է հայ առաքելական եկեղեցու, հասարակական կազմակերպությունների,

լրատվամիջոցների, միջազգային կառույցների հետ հանուն այն խնդիրների, որոնք

ամրագրված են ՀՀ Սահմանադրությամբ եւ օրենքներով: Նա տեղեկացրել է նաեւ, որ

շատ հարցերում արձանագրվել է առաջընթաց:

ՀՀ ֆինանսների փոխնախարար Վախթանգ Միրումյանն առաջին ընթերցմամբ ներկայացրել

է «Սահմանամերձ գյուղական համայնքներում իրականացվող գործունեությունը

հարկերից ազատելու մասին» եւ կից օրենքների նախագծերի փաթեթը: Փոխնախարարի

խոսքով` փաթեթի նպատակը սահմանամերձ գյուղերում տնտեսական ակտիվության

խթանումն ու գործարար միջավայրի բարելավումն է:

Վախթանգ Միրումյանը ներկայացրել է օրենքով նախատեսված արտոնությունները:

Մասնավորապես, անդրադառնալով սահմանամերձ տարածաշրջաններում կազմակերպվող

արտադրական գործունեությանը` նշել է, որ արտադրական գործունեությունից ստացվող

եկամուտները եւ արտադրական արդյունքի իրացումը ազատվում են բոլոր տեսակի

հարկերից: Եթե սահմանամերձ տարածաշրջաններում իրականացվում է արտադրական

գործունեություն, եւ եթե արտադրության կազմակերպիչն իրավաբանական անձ է , ապա

ստացված արդյունքի իրացումն ազատվում է ավելացված արժեքի հարկից, եւ տվյալ

կազմակերպությունն ազատվում է այդ գործունեության արդյունքում ստացված

եկամուտներից վճարվելիք շահութահարկից: Եթե արտադրության կազմակերպիչը անհատ

ձեռնարկատեր է, ապա արտադրանքի իրացումից ստացված եկամուտները ազատվում են

եկամտային հարկից, իսկ արտադրանքի իրացումը` ավելացված արժեքի հարկից:

Սահմանամերձ տարածաշրջաններում իրականացվող առեւտրական գործունեությունը

նույնպես ազատվում է շրջանառության հարկից: Խոսքը, ըստ փոխնախարարի, առեւտրի

օբյեկտների միջոցով առեւտրական գործունեության մասին է:

Այն արտադրությունները, որոնք վերաբերում են արտոնագրային վճարներով հարկվող

գործունեության տեսակներին, նախատեսվում է ազատել արտոնագրային վճարներից:

ՀՀ ԱԺ հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչություն





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: