Աշխարհից կտրված անգետի համար գետի քարն էլ, գոհարն էլ մեկ են. Արմեն Ռուստամյան
Ռուստամյանը հիշեցրեց, որ նախկին նախագահները միշտ դժգոհ են եղել իրենց հաջորդներից`«Լևոնը գոհ չէր նոր Լևոնից, Ռոբերտը`նոր Ռոբերտից, Սերժն էլ գոհ չի լինի նոր Սերժից», հանրությունն էլ իր հերթին գոհ չի եղել 3 նախագահներից և ոչ մեկից: «Ինչու պետք է գոհ լինեն չորրորդից»,- ասաց Ռուստամյանը`հավելելով, որ դժգոհության պատճառն այն է, որ երբևէ չենք ունեցել Սահմանադրության 2-րդ հոդվածին համապատասխանող իշխանություն:
Ռուստամյանի խոսքով`սխալվում են նրանք, ովքեր կարծում են, որ Սերժ Սարգսյանի փոփոխությամբ իշխանությունը կփոխվի, քանի որ իշխանափոխությունն ու անձնափոխությունը նույն բանը չեն:
«Միջազգային փորձն աչքի առաջ ունենալով անգրագիտություն է պետականության կայացման գործում նսեմացնել սահմանադրական զարգացումների անհրաժեշտությունը: Դա երաշխավորում է, որ ստվերային և ետադիմական բնույթ ունեցող հարաբերությունները փոխարինվեն սահմանադրական իրավահարաբերություններով»,- ասաց Ռուստամյանը:
Իսկ սահմանադրական բարեփոխումների անհրաժեշտությունը չգիտակցողների մասին Ռուստամյանն ասաց. « Աշխարհից կտրված անգետի համար գետի քարն էլ, գոհարն էլ մեկ են»: