Հայերեն   English   Русский  

​Ընտրությունները ձմռան նման կուգան ու կերթան…


  
դիտումներ: 6428

Ինչպես անամպ երկնքում կայծակը, հոկտեմբերի 2-ին Հայաստանի մի շարք համայնքներին հերթական անգամ «պատուհասեց» ընտրություններ կոչվող ոչ բնական աղետը: Ինչո՞ւ պատուհասեց, որովհետև ցանկացած ընտրություն, հատկապես ՏԻՄ ու հատկապես համայնքներում, հազար տարվա ծանոթ-բարեկամ-ընկեր-հարազատներին իրար հետ թշնամացնելու, իրար դեմ հանելու, մարդկանց լարվածության մեջ պահելու, նվաստացնելու, նվաստներին էլ «թագավորական օթյակներում» տեղեր հատկացնելու հիանալի առիթներ են:

Մի խոսքով, ի թիվս շատ այլ համայնքների, Սիսիան քաղաքում ևս հոկտեմբերի 2-ին ընտրություններ էին: Ընտրապայքարի մեջ էին մտել գործող քաղաքապետ Աղասի Հակոբջանյանը, նախկին քաղաքապետ Լավրենտ Սարգսյանի որդի Արթուր Սարգսյանն ու լրագրող, Սիսիանի ավագանու այլևս նախկին անդամ Սրբուհի Ղազարյանը: Հենց թեկնածուների առաջադրման պահից էլ պարզ էր՝ հիմնական ընտրապայքարն ընթանալու է Աղասի Հակոբջանյանի և Արթուր Սարգսյանի միջև:

Արդարության համար նշենք, որ ընտրությունները դրական կողմեր էլ ունեն. հատկապես հեռավոր համայնքներում բառացիորեն անշարժ կյանքը վերակենդանանում է, սկսվում է մի կախարդական աժիոտաժ. հանկարծ տարիներով փողի երես չտեսած համայնքներում փողի ինչ-որ հոսքեր են նկատվում, հազար տարի իրար չտեսած ծանոթները հանդիպում են, հազար տարի առաջ համայնքից հեռացած ղարիբները վերադառնում են: Մի խոսքով, ընտրական ցիկլի ընթացքում կյանքն այդ համայնքներում իսկական կյանքի նմանվելու խղճուկ փորձեր է անում:

Սիսիանում էլ վերջին մեկ ամսում կյանքը եռում էր: Սիսիան էին վերադարձել երկու հիմնական ընտրապայքարող թեկնածուների բարեկամ-ծանոթ-ազգական-ընկերները՝ իրենց հետ բերելով ընտրական էներգիա, ոգևորություն, ու որ ամենակարևորն է՝ յուրաքանչյուրը՝ իր համեստ միջոցները: Հոկտեմբերի 2-ն ընտրական այդ ամբողջ դրամայի կուլմինացիան էր՝ լի կրքերով, իրարանցումով ու փողով: Այնքան լի, որ ըստ խոսակցությունների՝ մեկ քվեի արժեքը բարձրացել է մինչև 40-60 հազար դրամ (արդարության համար նշենք, որ գոնե մենք անձամբ որևէ փաստ դրա վերաբերյալ չենք արձանագրել): Այնպես որ գոնե առևտրականներն ու խանութպանները մի լավ չարչարվելու առիթ ունեին, առևտուրը մի պահ շնչեց, տարիներով ուռած-փքված պարտքացուցակներն էլ մի լավ «նիհարեցին»:

Զուտ օրինապահության առումով որևէ արտառոց նորույթ Սիսիանում չեղավ. նույն ընտրություններն էին, նույն խախտումները, նույն ընտրակաշառքը, որի մասին բոլորը խոսում են, բայց ոչ ոք կոնկրետ փաստերով մատնացույց չի անում, նույն «համոզելու», ճնշելու, ինչ-ինչ ձևերով իրենց ճամբար ներգրավելու տեխնոլոգիաները, նախընտրական շռայլ երդում-խոստումները: Իրարանցումն այնքան մեծ էր, որ մի պահ թվում էր, թե ուր որ է լարվածությունը կպայթի, բայց բարեբախտաբար այդպես չեղավ: Եթե չհաշվենք որոշ ընտրատեղամասերի առջև գոյացած հերթերը, այս կամ այն թեկնածուի վստահված անձանց դժգոհությունները, նաև որոշակի խոսակցությունները այս կամ այն տեղում կատարվող կեղծիքների մասին, որոնց վերաբերյալ դարձյալ ոչ ոք որևէ կոնկրետ փաստ չէր ներկայացնում, գոնե տեղամասերում ամեն ինչ ավարտվեց առանց լուրջ միջադեպերի: Լուրջ ասելով էլ՝ նկատի ունենք հայաստանյան շարքային ընտրությունների նշաձողը…

Աննախադեպ էր ընտրություններին մասնակցող սիսիանցիների թիվը: Այս առումով վերջին տարիների ռեկորդը սահմանվեց. 12124 ընտրողներից ընտրությանը մասնակցեց 7651-ը: Եվ աննախադեպ էին մանավանդ հերթերն ու ընտրատեղամաս մտնելու բուռն ցանկությունը: Ու հաստատ քաղաքացիական պարտքը կատարելու ազնիվ մղումը չէր հերթերի մեջ տապակվելու կամք արթնացրել, ինչ-որ բան հուշում էր, որ շարժառիթը ուրիշ գաղտնիքով է պայմանավորված:

Ընտրություններն ավարտվեցին, և Աղասի Հակոբջանյանը, 3179 քվե ստանալով, իր դիրքերը զիջեց 4033 քվե ստացած Արթուր Սարգսյանին, իսկ Սրբուհի Ղազարյանը ստացավ 173 ձայն: Եվ մնաց գլխավոր հարցը՝ ինչպե՞ս են Աղասի Հակոբջանյանն ու Արթուր Սարգսյանն ընդունում-հանձնում կատարելու: Որովհետև վերջին տարիներին Աղասի Հակոբջանյանի գործունեությունից դժգոհների թիվը սաստիկ աճել էր, քաղաքի կառավարման հարցերում բազմաթիվ կնճռոտ խնդիրներ էին առաջացել, անգամ համայնքային միջոցների ծախսման, ավելի ճիշտ՝ վատնելու կապակցությամբ քրեական գործ կար հարուցված: Արթուր Սարգսյանն արդյոք կընդունի՞ համայնքի ղեկն առանց որևէ խնդրի, թե՞ լուրջ հարցեր կառաջադրի Հակոբջանյանին:

Համայնքի ղեկավարի գլխավոր հավակնորդների՝ արդեն նախկին քաղաքապետ Աղասի Հակոբջանյանի ու նոր քաղաքապետ Արթուր Սարգսյանի հետ կապ հաստատել մեզ չհաջողվեց: Գուցեև թեժ գիշերվանից հետո դա հասկանալի և նորմալ է: Իսկ ընտրությունների արդյունքներով ամենաքիչ՝ 173 քվե ստացած թեկնածուի՝ Սրբուհի Ղազարյանի հետ կարողացանք հանդիպել ու զրուցել: Ի դեպ, նրա ստացած քվեների թիվն արդեն վկայում է, որ Ղազարյանը գոնե ընտրակաշառք չի բաժանել, ընտրակեղծարարությամբ չի զբաղվել, հակառակ դեպքում ընդամենը 173 քվե չէր ստանա: Նրա մտահոգություններն ավելի խորքային էին, քան բուն ընտրություններում հաղթել-պարտվելու խնդիրը:

Ահա, թե ինչպես գնահատեց տիկին Ղազարյանն արդեն անցած ընտրությունները:

Սրբուհի Ղազարյան

- Այս անգամ, ինչպես տեսանք, անկանխատեսելիորեն ընտրողների մասնակցության մեծ թիվ եղավ, աժիոտաժը շատ մեծ էր, շարժն աննկարագրելի էր, ամենուր մեքենաներ էին, նայում ու չէիր հասկանում, թե այդ ինչ մեքենաներ են, որտեղից են, Սիսիանի են, Սիսիանի չեն, ի՛նչ են անում ընրատեղամասերի մոտ: Կուտակումներ արձանագրեցինք մշակույթի կենտրոնի դիմաց ու ներսում: Արձանագրեցինք փաստեր, երբ ընտրողը քվեարկել ու հետո իր հեռախոսով լուսանկարել է իր քվեարկությունը: Սրանք, կարծում եմ, լուրջ խախտումներ են և իրենց խորքում լուրջ խնդիրներ են պարունակում:

- Իսկ ընդհանուր առմամբ, համատարած ու համակարգային ի՞նչ խախտումներ են արձանագրվել:

- Կոնկրետ մի տեղամասում մի քանի անգամ արձանագրեցինք հեռախոսով նկարելու դեպք, և նույն թեկնածուին էին քվեարկել: Այսինքն՝ ինչ-որ հրահանգ, այնուամենայնիվ, եղել է, ինչ-որ ճնշումներ եղել են. այս հետևությունը կարելի է անել: Խոսակցություններ կային ընտրակաշառքների մասին՝ մեծ ընտրակաշառքների՝ 40-50 հազար դրամի չափով: Իհարկե հետքերով չենք գնացել, քանի որ ժամանակ չունեինք:

- Դուք կամ Ձեր վստահված անձինք նման դեպքեր արձանագրե՞լ են:

- Մենք անձամբ չենք տեսել, որ արձանագրենք, բայց մասնակցության այս ծավալները դրա մասին են հուշում, այդ խոսակցությունների մեջ ճշմարտություն կա: Մենք մեր սպասածից ավելի ցածր ձայներ հավաքեցինք, բայց ես կարծում եմ, որ ոչ թե քիչ մարդիկ են մեզ վստահում, այլ վերջին 2-3 օրվա ընթացքում ընտրողներին բառացիորեն կարծես քաշեցին այս կամ այն ճամբարը: Եթե հնար լիներ` մի ընտրողին միջից կկիսեին, որ ամեն թեկնածուի օգտին մեկ քվե տար: Ու քանի որ մենք շատ քաղաքակիրթ ընտրապայքար էինք տանում, պատկերավոր ասած` ջունգլիներում, մեր պարտությունն անխուսափելի էր:

- Ընտրությունների արդյունքները բողոքարկել պատրաստվո՞ւմ եք:

- Չեմ կարծում, թե բողոքարկելով ինչ-որ բանի կհասնենք, քանի որ ամեն ինչ մարդու ներսից է գալիս: Եթե մարդը ընտրակաշառք է վերցնում ու ընտրում է իրեն ընտրակաշառք տվողին, որը գալու է, որ իրեն քամի, մենք, կարծում եմ, անելիք չունենք: Հասարակությունն առողջանալու լուրջ խնդիր ունի, հասարակությունը հիվանդ է, և հիվանդ պահում են քաղաքական այն ուժերը, մասնավորապես՝ իշխանությունները, որոնց ձեռնտու է, որ այսպիսի իրավիճակներում նման ձևով իր նպատակներին հասնի: Այլ խնդիր չկա:

Ես զարմանում եմ. այդքան քարոզարշավ արեցինք, մարդկանց խնդրեցինք, բացատրեցինք, որ չպետք է ընտրակաշառք վերցնել, փակ և գաղտնի քվեարկությամբ ընտրեք նրան, ում ուզում եք: Փաստորեն, մարդիկ նորից գնացին ու ընտրակաշառք վերցրին: Բայց եթե այսպես համատարած վերցրել են, նշանակում է՝ մենք շատ լուրջ սոցիալական խնդիրներ ունենք: Ընտրությունները կարծես դարձել են փող աշխատելու միջոց: Դե եթե մարդուն 50-60 հազար դրամ ընտրակաշառք են առաջարկել, դա մեկ ամսվա նվազագույն աշխատավարձից բարձր է, բնականաբար գայթակղությունը մեծ է: Ահա սա է խնդիրը: Մենք քվե չենք խլխլել ու մարդկանց չենք նվաստացրել, այլ արել ենք քաղաքակիրթ, ազնիվ ու նորմալ քարոզարշավ. ընկել ենք դռնեդուռ, խոսել ենք գրեթե բոլորի հետ ու չենք փնովել ոչ ոքի, ներկայացրել ենք մեր ծրագիրը: Եթե այս պահին արդարությունն ու քաղաքակրթությունն այս 200 ձայներն են, ուրեմն մենք լուրջ խնդիր ունենք:

Մի ուշագրավ փաստ էլ արձանագրենք. Սյունիքի մարզի Բռնակոթ համայնքում ավագանու թեկնածուներից ամենաքիչ քվեները ստացել էր գյուղի միակ բժշկուհին, մարդ, որ չափազանցրած չենք լինի, եթե ասենք, անխտիր բոլոր ընտանիքներին միշտ հասել է օգնության, ցանկացած դեպքում ու ցանկացած ժամի, օրը 24 ժամ: Նրա նվիրումն անգամ չգնահատվեց, ինչը պատկերացնելը գիտակից մարդկանց համար արդեն ողբերգություն է: Սա ահազանգ է նաև իշխանությունների համար, սա լուրջ խնդիր է՝ հասարակության գերծանր հիվանդության ախտանիշ, որը խելամիտ մարդկանց չի կարող չանհանգստացնել:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: