Արևից սնվող բիզնես, որ մեծ հեռանկարներ ունի
Միաժամանակ ամբողջ աշխարհում նկատվում է էլեկտրաէներգիայի սակագների բարձրացման միտում, ինչը ստիպում է շատ ու շատ երկրների մեծ ուշադրություն դարձնել այլընտրանքային էներգետիկային: Այսպես կոչված` այլընտրանքային էներգիայի համակարգերի ոլորտն ավելի ու ավելի հիմնավոր դիրքեր է զբաղեցնում նաև մեր առօրյայում: Արևային մարտկոցներ, ջրատաքացուցիչներ, հողմային գեներատորներ և այլն. սրանք արդեն բավական հաճախ հանդիպող երևույթ են մեր առօրյայում: Իսկ այդ ոլորտում ներգրավվելն ու բիզնես վարելը, այն էլ հաջողակ, ամենևին էլ հեշտ չէ:
Հայաստանում այլընտրանքային էներգետիկ համակարգերի նախագծմամբ, արտադրությամբ ու տեղադրմամբ զբաղվող ընկերություններից մեկը «Սիմարտեկն» է: Բացի բաշխիչ համակարգերից, որ ընկերությունը Հայաստանում արտադրում է սկսած 2001 թվականից` լինելով աշխարհահռչակ «Սիմենս» ընկերության պաշտոնական գործընկերը մեր երկրում և «Սիմենսի» տեխնոլոգիաներով էներգետիկ ոլորտի համար համակարգեր, սարք-սարքավորումներ արտադրող, արդեն արևային էներգիան գեներացնող վահանակներ էլ է արտադրում, իսկ նախկինում ներկրում էր: Ավելին, հայկական «Սիմարտեկը» եվրոպական «Սոլիտեկ» ընկերության հետ Հայաստանում հիմնել է համատեղ ընկերություն` «Սոլիտեկ-Հայաստանը», որը մեր երկրում կարտադրի նաև եվրոպական այս խոշոր ընկերության ապրանքանիշի արևային էներգիայի գեներացնող պանելներ:
«Սոլիտեկն» իր արտադրության թե՛ որակով, թե՛ հզորությամբ համարվում է այս բնագավառում Եվրոպայի երրորդ խոշոր ընկերությունը: Բացի դրանից, լաբորատորիա ունի, որտեղ մշակում ու բարելավում են տեխնոլոգիաները, բարձրացնում դրանց արդյունավետությունը, ինչը կարևոր է Հայաստանի համար, քանի որ մեր երկրում դժվար է նման լաբորատորիաներ ստեղծելու համար ռեսուրսներ գտնել:
«Սիմարտեկ» ընկերության հիմնադիր և «Սոլիտեկ-Հայաստան» ընկերության համահիմնադիր տնօրեն Նորայր Խաչատրյանն «Անկախի» հետ զրույցում պատմեց, թե ինչպես է որոշել այս ոլորտում բիզնես սկսել. «Ամբողջ աշխարհում էլեկտրաէներգիայի պահանջարկը տարեկան 10 տոկոսով ավելանում է, էներգառեսուրսները պակասում են, և մարդկությունը պետք է մտածի, թե ինչպես բավարարի իր պահանջները: Այնպես որ, այս ոլորտը զարգացող ու մեծ հեռանկարներ ունեցող ոլորտներից է, ուստի վստահ էինք, որ այս ոլորտում կարող ենք գործ սկսել ու հաջողության հասնել»:
Երկու հետաքրքիր ձեռնարկություն ստեղծած և հաջողությամբ ղեկավարող մասնագետը վստահեցնում է` սկսելու համար առաջին հերթին գիտելիքներ են անհրաժեշտ, այսինքն` համապատասխան կրթություն և այդ ոլորտում աշխատանքի փորձ: Իրենք այդպես են սկսել: Խաչատրյանն ինքը էլեկտրատեխնիկայի մասնագետ է: Գիտելիքներն ու փորձն էլ 2001 թվականին «Սիմարտեկը» հիմնելիս հենց առաջնային կապիտալն էին` ամենաառաջին ներդրումը: Եվ Խաչատրյանի ու ընկերության մոտ 20 մյուս աշխատակիցների փորձն ու հմտությունները, գիտելիքները կիրառելով, մի քանի համակարգիչներ ձեռք բերելով, տարածք գտնելով՝ սկսվել է «Սիմարտեկի» պատմությունը: Սկզբում ներկրումներ են արել, հետո արտադրություն հիմնել ու աստիճանաբար զարգացել: Հայաստանի բնակլիմայական պայմաններն էլ, ընդգծում է Խաչատրյանը, շատ նպաստավոր են արևային էներգետիկայի զարգացման համար:
«Արևային օրերի քանակով Հայաստանը շատ հարուստ է, արևային գործակից հասկացություն գոյություն ունի՝ ինսոլյացիայի գործակից: Համեմատության համար ասեմ, որ Գերմանիայում, որտեղ արևային էներգետիկան ամենազարգացածն է, այդ արևային ինսոլյացիայի գործակիցը 800-900 է, իսկ Հայաստանի պայմաններում` մինչև 1900: Սևանի ավազանում, օրինակ, 1900 է: Այդ պայմաններում այս գործով չզբաղվելն ուղղակի «մեղք» է: Բայց այսօր զգույշ է պետք լինել, և չի կարելի ասել, թե արևային էներգետիկան այսօր համադարման է ու կծածկի ամբողջ մեր պահանջարկը: Դրա համար աներևակայելի մեծ ներդրումներ են հարկավոր, ու այդ տեխնոլոգիան դեռ նոր-նոր է զարգանում: Առհասարակ էներգետիկայում չի կարելի հիմնվել բացառապես մեկ տեխնոլոգիայի վրա, օրինակ` միայն գազով ստացված էներգետիկայի վրա և այլն: Հայաստանում այս ոլորտը բավականին դիվերսիֆիկացված է: Բայց բոլոր դեպքերում միշտ պետք է նայել դիվերսիֆիկացված էներգիայի գեներացիայի հնարավորությանը»,- նշում է գործարարը:
Այս պահին ընկերությունը հիմնականում հայկական շուկայի համար է արտադրանք թողարկում: Հայաստանի սահմաններից դուրս գալու ուղղությամբ բանակցություններ են վարվում Ավստրիայի ու Մեծ Բրիտանիայի հետ: Եվ Նորայր Խաչատրյանը զարգացման ու հաջողության լուրջ ակնկալիքներ ունի: Բիզնեսում հաջողության հասնելու համար, նշում է նա, առաջին հերթին պահանջվում են բավարար գիտելիքներ, երկրորդ` ոլորտի ճիշտ ընտրություն, որ ոչ թե ուղղակի փող աշխատելու նպատակ դնես, այլև քո աշխատանքից հաճույք ստանաս:
«Ես իմ աշխատանքից ավելի շատ հաճույք եմ ստանում, քան դրամական միջոցներ: Որովհետև, ինձ համար կարևորը մթնոլորտն է, ինձ համար հաճելի է աշխատանքի մեջ արդյունքը տեսնել, նոր զարգացումներ, երիտասարդների հետ աշխատել, գիտելիքներ հաղորդել: Դա ամենակարևորն է: Ցավոք, շատ քիչ է օգտագործվում այսօր այն պոտենցիալը, որ իմ տարիքի մարդիկ ունեն, որպեսզի գիտելիքներ հաղորդեն երիտասարդներին, հատկապես՝ տեխնիկական ոլորտում: Պետք է սիրես քո գործը, ոչ թե նայես միայն դրամ աշխատելու ուղղությամբ: Իհարկե, դա պարտադիր է, այլապես դա բիզնես չէ, բայց առաջին հերթին քո նպատակը ճիշտ ընտրությունն է և ճիշտ մարդկանց ընտրությունը, թե ում հետ պետք է աշխատես: Հիմնական հաջողությունը նման ոլորտներում մարդկային հարաբերությունների մեջ է: Ես չեմ կարող ասել, թե ինչպես է առևտրում կամ ուրիշ ոլորտում, ես կարող եմ ասել արտադրության մասին: Ես մանկուց արտադրության ոլորտում եմ աշխատել և իմ նպատակն է Հայաստանում արտադրությունը զարգացնել»,- խոստովանեց նորարար գործարարը:
Ցանկացած գործում, շարունակում է նա, առանց աշխատասիրության, համբերության ոչնչի չես հասնի: Որովհետև միամտություն է սպասել, որ եթե այսօր ինչ-որ բան նախաձեռնես, վաղը արդյունք կլինի: Այդպես չի լինում: Միշտ կա հաջողություն և անհաջողություն, որոնք հաջորդաբար այցելում են ցանկացած բիզնեսի: Իրենց ձեռնարկությունում էլ, պատմում է Խաչատրյանը, եղել են պահեր, երբ ընդհանրապես որևէ պատվեր չեն ունեցել և կոլեկտիվը պահպանել են շատ մեծ դժվարությամբ: Ամեն դեպքում Խաչատրյանը դժվարանում է որևէ մեկին խորհուրդ տալ, թե ինչպես բիզնես սկսի և ինչպես վարի, քանի որ ամեն մի բիզնես ունի իր յուրահատկությունները: Բայց վստահ ասում է` անկախ նրանից, թե որ ոլորտում կսկսեն գործել, ինչպես կսկսեն, հատկապես երիտասարդներն ուղղակի պարտավոր են ակտիվ ու նախաձեռնող լինել ու երբեք պարապ տանը չնստել: Իսկ աշխատասիրության ու նվիրումի շնորհիվ նաև հաջողությունը կգա: