Վիշապաքար եւ լիճ Արարատյան դաշտում. 23 հնագիտական արշավ Հայաստանում.news.am
Նա նշել է, որ Ինստիտուտը հետազոտում է ժամանակակից Հայաստանի տարածքը, այսինքն՝ պատմական Հայաստանի մի մասը՝ Արաքս գետից հյուսիս։ Նրանք ուսումնասիրում եմ բազմաթիվ հուշարձաններ՝ սկսած մարդկանց ամենահին բնակավայրերից մինչեւ ուշ միջնադարյան բնակատեղիներ։
Ինստիտուտի տնօրենի խոսքով՝ ծրագրերի մի մասն իրականացվում է օտարերկրյա կենտրոնների հետ համագործակցությամբ։ Մասնավորապես, այս տարի հայ հնագետների հետ աշխատել են 60 օտարերկրյա մասնագետներ։ Արտասահմանցի գործընկերներն իրենց գիտելիքներից զատ Հայաստան են բերում նորագույն տեխնիկա, ինչը շատ է օգնում հնագույն հուշարձաններ փնտրելու գործին։
2016-ի պեղումների թվում են Արագած լեռան ստորոտին՝ Գեղարոտ տեղանքի բազմաշերտ բնակատեղիի պեղումները, որոնք իրականցվում են «Արագած» նախագծի շրջանակներում։ Այստեղ առաջին անգամ մ.թ.ա. 3-րդ հազարամյակի 1-ին կեսի դամբարանների կողքին գտել են ենթադրաբար ծիսական շինություններ։
Սոլակ-1 տեղավայրում՝ Վանի թագավորության ժամանակների ամրոցում կատարված պեղումները նույնպես հնագետների մտորումների համար նոր նյութ են տվել: Այստեղ պեղել են պալատի ավերակները, եւ կառույցի պլանավորումը ճշգրիտ համընկնում է ուրարտական այլ պալատների պլանին, մասնավորապես՝ Թեյշեբաինի: Սակայն ուրարտական շինանյութի փոխարեն այստեղ կիրառվել է տեղական շինանյութը:
Հայ-գերմանական արշավախումբը շարունակել է Արագածի լանջերի հետազոտությունը, եւ մոտ 3 հազար մետր բարձրությամբ հայտնաբերել է նոր վիշապաքար: Ինչպես պարզաբանեց Պավել Ավետիսյանը, վիշապաքարերը հանդիպում են բացառապես Հայկական լեռնաշխարհում: Այդ քարերի այսօր մեզ հայտնի տարիքը թվագրվում է մ.թ.ա. երրորդ հազարամյակի վերջին քառորդով, ավելի ճշգրիտ՝ ստույգ հայտնի է, որ այդ ժամանակ դրանք այս տարածքում արդեն գոյություն են ունեցել: Սակայն հնարավոր է, որ ավելի վաղ էլ են եղել, եւ նոր գտածոն կարող է լույս սփռել այս հարցի վրա: Բանն այն է, որ, ինչպես պարզաբանեց Պավել Ավետիսյանը, նախկինում հայտնաբերված բոլոր վիշապաքարերը տեղափոխվել են իրենց տեղադրման վայրից, օրինակ՝ թանգարաններ: Իսկ այժմ եզակի հնարավորություն է ընձեռվել հուշարձանն այն վայրում հետազոտելու, որտեղ այն կանգնեցվել է: Ակնհայտ է, որ սա ծիսական կառույց է, այն կապում են ջրի պաշտամունքի կամ Աստղիկ աստվածուհու հետ: Սակայն այս քարերի վերաբերյալ դեռեւս շատ բան պարզված չէ: Օրինակ, ինչպես նշեց Պավել Ավետիսյանը, բոլոր վիշապաքարերը տեղադրվում էին ծովի մակերեւույթից 3000 մետր բարձրությամբ, եւ դեռեւս պետք է պարզել՝ ինչու։
Ինստիտուտի տնօրենը հիշեցրեց, որ այս տարի շարունակվել են Քարաշամբի բրոնզե դարի գերեզմանատեղիի պեղումները, եւ այստեղ հայտնաբերված գտածոները վկայում են այն մասին, որ որոշ գերեզմանափոսերում թաղվել են բավական հայտնի մարդիկ, կարելի է ասել՝ տիրակալներ: Դա վկայում է, որ մ.թ.ա. 24-23-րդ դարերում այս տարածքում արդեն իսկ գոյություն է ունեցել պետական կառուցվածք:
2016 թվականին աշխատանքները շարունակվեցին նաեւ Հայաստանի հնագույն մայրաքաղաքներ Դվինում եւ Արտաշատում: Պավել Ավետիսյանի խոսքով՝ այստեղ իրականացվում են վերականգնողական եւ ամրացման աշխատանքներ: Դվինը պատմամշակութային արգելոց դարձնելու ծրագիր կա, եւ այդ ժամանակ այն բաց կլինի զբոսաշրջիկների այցելությունների համար: Մասնագետը նշեց, որ այժմ այնտեղ ոչինչ հնարավոր չէ տեսնել, քանի որ հնագետները պեղված շերտերը կրկին հողով են ծածկում, որպեսզի չկործանվեն:
Նրա խոսքով՝ Արտաշատում խճանկարե հատակով հասարակական բաղնիք է հայտնաբերվել, նաեւ հնագույն որմնանկարներ, բայց դրանց սպառնում է ջուրը, այդ պատճառով հիմա խճանկարները եւ որմնանկարները տարհանվում են:
Այս տարի Արենիի հայտնի քարանձավում աշխատանքները շարունակվել են ԱՄՆ դեսպանատան տրամադրած դրամաշնորհի շրջանակում: Այն եւս պատրաստվում է զբոսաշրջիկներ ընդունելու համար, նշեց ինստիտուտի տնօրենը:
Խոսելով այն մասին, թե Հայաստանում կատարվող պեղումներն ինչ նշանակություն ունեն համաշխարհային պատմական գիտության համար, Պավել Ավետիսյանը նշեց, որ որոշ գտածոներ հիմք են տալիս վերանայելու նախամարդու ծնունդի եւ այդ ժամանակների միգրացիոն գործընթացների մասին հաստատված պատկերացումները: Մասնավորապես՝ Արտաշատի պեղումները ցույց են տվել, որ մ.թ.ա. 7-րդ դարից մինչեւ 6-րդ դարասկիզբ Արարատյան դաշտավայրի տարածքում լիճ է եղել: