Հայերեն   English   Русский  

Սա այն Հայաստանը չէ, որի համար պայքարում էինք. Հովիկ Աղազարյան


  
դիտումներ: 7920

«Անկախությունը կերտողները» շարքի զրուցակիցը առաջին գումարման ԳԽ պատգամավոր Հովիկ Աղազարյանն է։

- Պարոն Աղազարյան, այս տարի նշում ենք Հայաստանի երրորդ Հանրապետության անկախության 25-ամյակը։ Եթե հետադարձ հայացք ձգեք մեր պետության անցած ուղուն, ի՞նչ ձեռքբրումներ և ի՞նչ բացթողումներ կնշեք։


- Ձեռքբերումներից ամենակարևորը հենց մեր անկախության հաստատումն է՝ որպես մեծագույն արժեք։ Եվ ես երջանիկ եմ իմ համեստ ավանդն ունենալու համար այդ գործում։ Մինչև հիմա էլ տպավորված է ինձ մոտ այն պահը, երբ հաստատում էինք զինանշանը, դրոշը և օրհներգը, մինչև գիշերվա 3-ը, թե 4-ը քննարկումներ էին ընթանում։
Երկրորդը՝ Արցախի հետ կապված ձեռքբերումն էր։ Ես երջանիկ եմ լինել այն սերնդի ներկայացուցիչը, որն իր մասնակցությունն է ունեցել Արցախի ազատագրման գործում։
Ինչ վերաբերում է բացթողումներին՝ դրանք շատ են, գուցե որոշ դեպքերում անխուսափելի, բայց շատ են։ Իմ խորին համոզմամբ՝ նախագահական երկրորդ ընտրություններից հետո ամեն ինչ գնաց այլ հունով։ Եվ կարծում եմ, որ այդ առումով իր էական բացասական դերն ունի Լևոն Տեր-Պետրոսյանը, որին առաջին անգամ ժողովուրդը մեծագույն սիրով ընտրեց հանրապետության նախագահ, բայց երկրորդ անգամ չընտրեց բառիս բուն իմաստով, և նա հիմք դրեց այն բացասական երևույթներին, որոնք մինչև այսօր շարունակվում են արտագաղթի ձևով, աղքատության ձևով, մարդկանց բարոյազրկման ցածր մակարդակի հասցնելու ճանապարհով։ Որպես վառ օրինակ՝ Վանաձորի դեպքերը նշեմ, որտեղ ընդդիմության ներկայացուցիչները, ունենալով 18 ձայն իշխանական թևի 15 ձայնի դեմ, չկարողացան իրենց քաղաքապետն ունենալ։
Բացթողումներից ամենասարսափելին արտագաղթի տեմպերն ու չափերն են, եթե դրա դեմը չառնենք՝ կունենանք լրջագույն խնդիրներ։


- Անկախության համար պայքարելիս ինչպիսի՞ն էր անկախ Հայաստանի Ձեր տեսլականը։


- Պայքարում էինք արդարության, հավասար հնարավորությունների ապահովման երկիր ստեղծելու համար։ Երբ քննարկվում էր վաուչերների հարցը, ելույթ ունեցա և դեմ արտահայտվեցի վաուչերներն այդ ձևով շրջանառության մեջ դնելուն։ Ես կողմ էի սեփականաշնորհմանը, բայց ստեղծել իրավիճակ, որ 10 հազար դրամ արժողությամբ վաուչերը քաղաքացին վաճառեր 2 հարյուր դրամով, չէր կարելի։ Այնպիսի իրավիճակ ստեղծվեց, որ վաուչերի գինը գցեցին, որոշ մարդիկ ձեռք բերեցին և թալանեցին բառիս բուն իմաստով։ Թալանողների ճնշող մեծամասնությունը ապաշնորհ մարդիկ էին, չկարողացան այնպես անել, որ այդ գործարաններն աշխատեն. թալանեցին ու վաճառեցին։ Այդ Հայաստանը չէինք ուզում տեսնել, և այսօր էլ մեր պատկերացրած Հայաստանը չէ։ Եթե սահմանում զոհվողների 99 տոկոսը տուն կամ նորմալ բնակարանային պայմաններ չունի, այդ ձևով հայրենիք պահելը շատ դժվար է, հայրենիքը պետք է լինի բոլորինը։ Դեմ չեմ հարուստներին, բայց ասում եմ, որ բոլորը հավասարաչափ նույն օրենսդրական դաշտում պետք է լինեն։
Սա այն Հայաստանը չէ, որի համար պայքարում էինք։ Իմիջիայլոց, ես ձեռքերս վայր չեմ դրել, պայքարում եմ մեր վաղվա լավ Հայաստանի համար ինչքան կարող եմ։ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ եմ, և այդ շրջանակներում փորձում ենք հնարավորինն անել։ Ուզում եմ ասել, որ հանձնվողներից չեմ և հիմա էլ պայքարում եմ այն Հայաստանի համար, որն ուզում էինք։


- Գիտեք, երբեմն անկախության տարիների բացթողումները մեկնաբանելիս ասվում է, որ այն ժամանակ պարզապես պատրաստ չէինք անկախության։ Ձեր գնահատմամբ՝ 1991-ին հայությունը որքանո՞վ էր պատրաստ անկախության։


- Իհարկե, որոշակի սխալներ տեղի ունեցան, բայց ո՞վ էր նայում մեր պատրաստ լինելուն։ Մի ուրիշ տեսանկյունից կարող ենք ասել՝ ոչ թե մենք անկախացանք, այլ Ռուսաստանն անկախացավ մեզանից։ Եթե մենք պատրաստ չլինեինք իրավիճակին ու տեր չկանգնեինք մեր երկրին, Աստված գիտի, թե ինչ կարող էր պատահել։ Սովետական Միությունը պիտի քանդվեր, և փառք Աստծո, որ մեր այն ժամանակվա մտավորականությունը և քաղաքական առաջնորդները պատրաստ եղան այդ իրավիճակին։


- Ո՞րն եք համարում պետականաշինության 25 տարիների ընթացքում թույլ տրված ամենամեծ սխալը։


- Խնդիրներն ավելի շատ անձերով էին պայմանավորված, որովհետև նույն Լևոն Տեր-Պետրոսյանը, Վանո Սիրադեղյանը, Վազգեն Սարգսյանը, որոնք այն ժամանակ պետության մեջ կարևորագույն դեր էին կատարում, իրենք պատրաստ չեղան իշխանությունը զիջելուն։ Իմ խորին համոզմամբ՝ յուրաքանչյուր իշխանություն պիտի ամեն ինչ անի իր իշխանությունը պահելու համար, բայց միայն օրենքի շրջանակներում։ Յուրաքանչյուր իշխանություն պետք է նաև միշտ պատրաստ լինի իշխանությունը տալուն, եթե եկել է այդ պահը։ Իրենք պատրաստ չէին դրան, և առաջին պլան մղվեց իշխանությունն օգտագործելը թալանելու համար։ Թալանեց մասնավորապես Ռոբերտ Քոչարյանը։ Այն ժամանակ, երբ ես Ռոբերտ Քոչարյանի հետ շփվում էի, իմ համեստ կարողություններն իրենից բարձր էին, իմ հնարավորությունները՝ կրթական և այլն, իրենից բարձր էին, բայց ինքը և շատ մարդիկ ժողովրդին խեղճացրին, շահագործեցին, այդ պատճառով այդպես եղավ։ Օրենքները, իհարկե, կարևոր են։ Սահմանադրական փոփոխություններ եղան, ես այդ գաղափարների կրողն եմ եղել և եմ։ Բայց այստեղ կա մի դաժան իրականություն, այն է՝ Դավիթ Հարությունյանները, Սերժ Սարգսյանները, ցավոք սրտի, շատ խելացի անձավորություններ են և գիտեն՝ ոնց իրենց իշխանությունը երկարաձգեն։
Վազգեն Սարգսյանին բոլորս հերոսացնում ենք։ Նրա հետ մտերիմ եմ եղել Երասխավանի հայտնի դեպքերի կապակցությամբ, ես մեր գյուղի ջոկատի հրամանատարն էի, ինքն էլ ընդհանուր հրամանատարն էր։ Ազնվագույն երիտասարդ էր այն ժամանակ, նրա հայրենասիրական գաղափարները, հայրենիքի նկատմամբ վերաբերունքը մի վայրկյան անգամ կասկածի տակ չեմ դրել, բայց որպես պետական գործիչ՝ նա ինձ համար զրո էր։ Նա չէր հասկանում, թե ինչ է պետությունը։ Նա հեռուստատեսությամբ հայտարարեց. «Եթե Վազգեն Մանուկյանը 100 տոկոս էլ հավաքեր, մենք չէինք տա իշխանությունը»։ Եվ նրա թիկունքում կանգնած էին նաև Լևոն Տեր-Պետրոսյանը, Վանո Սիրադեղյանը և մյուս պետական գործիչները։ Այդտեղից գնաց սխալը։ Ո՞նց կարելի է այդպիսի արտահայտություն անել։ Իսկ մարդիկ նման արտահայտություն արեցին ու մնացին իշխանության։ Այն ժամանակ միայն վազգենսարգսյանները չէին մեղավոր, մեղավոր էր նաև նրանց շրջապատը, որն ասում էր՝ ո՞նց կարելի է Վազգեն Սարգսյանին հակառակվել։ Բայց իրենք բոլորը հետապնդում էին իրենց նեղ անձնական նպատակները։ Որոշ անձեր շատ բացասական դեր են ունեցել, ես համոզված եմ՝ և՛ Լևոն Տեր-Պետրոսյանը, և՛ Վազգեն Սարգսյանը՝ որպես պետական գործիչ, ոչ թե ռազմական գործիչ, Վանո Սիրադեղյանը, Ռոբերտ Քոչարյանը՝ ավելի այլանդակված ձևով և Սերժ Սարգսյանն արդեն այլասերված ձևով։


- Իսկ ներկայում մեր երկրի առջև ծառացած ամենամեծ մարտահրավերը ո՞րն եք համարում։


- Ամենամեծ մարտահրավերը բոլոր դեպքերում համարում եմ արտագաղթը և արտագաղթի տեմպերը։ Եվս 5 տարի այսպես շարունակվի՝ ժողովուրդն ուղղակի ծնկաչոք կխնդրի իշխանավորներին, որ բարեգութ լինեն։ Այդ իմաստով երկրորդ մարտահրավերը իշխանությունների բարոյականության հարցն է, երրորդն էլ՝ Արցախը։


- Մի հարց էլ ապրիլյան պատերազմի մասին. քառօրյա պատերազմը մեծ փորձություն էր մեր երկրի համար, Ձեր գնահատմամբ՝ ինչպե՞ս հաղթահարեցինք, ի՞նչ դասեր պետք է քաղենք տեղի ունեցածից և ի՞նչ քայլեր ձեռնարկենք։


- Իմ պաատկերացումով՝ որոշ բաներ կարելի էր այլ կերպ անել։ Ոչ անմիջապես այդ օրերին, բայց հետո մենք էլ գնացինք, մի ամսի չափ օգտակար եղանք։ Այո, հերոս են մեր տղաները, հանդիպել եմ զինվորական սպաների՝ գնդապետների, գեներալների և հիացել եմ, որ մեր բանակը նման բարձրաստիճան զինվորականներ ունի , բայց, ցավոք սրտի, հանդիպել եմ նաև այնպիսիներին, որոնք, չէի ուզենա, որ ներկայացնեին մեր զինված ուժերը։ Եթե այդ իմաստով նայենք, մեր բանակում շատ էական է արդարության պահը. անարդարությունը պետք է վերացվի, որպեսզի բանակը դառնա մարտունակ։ Էլ չեմ խոսում զինված լինելու մասին։ Շարմազանովը՝ ՀՀԿ-ի մամուլի խոսնակը, Նժդեհի հետ կապված մի քննարկման ժամանակ հեռուստատեսությամբ դատապարտեց Ցեղասպանության ժամանակ որոշ ունևորների պահվածքը, թե նրանք փոխանակ ոսկի դիզեին, պետք է զենք առնեին, որպեսզի այդ կոտորածները չլինեին։ Բայց այսօր նույնը վերաբերում է իրեն ու իր շրջապատին։
Պիտի զինվենք։ Երկրորդ կարևոր հետևությունը՝ մենք պետք է լինենք ազգ-բանակ, 18-ից մինչև 60 տարեկան պետք է զինվորականներ լինեն, տարեկան մեկ-երկու անգամ պետք է գնան պատրաստվեն, իմանան իրենց զորամասի տեղը, զենքի համարը, որպեսզի անհրաժեշտության դեպքում երկու-երեք օրվա ընթացքում լինեն այնտեղ, որտեղ պետք է։ Մենք վերջապես այդ ֆիդայականությունից պիտի՞ ձերբազատվենք։ Ֆիդային ու երկրապահն այն ժամանակ էին պետք, երբ պետություն չկար, հիմա պետություն ունենք, ուրեմն ստեղծենք ազգ-բանակ և ցանկացած պահի կունենանք 300-հազարանոց բանակ։ Այսպես հայրենիքը բոլորինս կլինի։


- Եվ վերջին հարցը. Հայաստանի ապագան ինչպիսի՞ն եք տեսնում։
- Ես շատ լավ եմ տեսնում Հայաստանի ապագան։ Հանգամանքների բերումով 10 տարի բացակայել եմ Հայաստանից, կենսաբանական մակարդակով ինձ լավ եմ զգացել այնտեղ, բայց որպես մարդ, քաղաքացի ինձ վատ եմ զգացել։ Հիմա ես այստեղ եմ ու իմ հնարավորության սահմաններում ամեն ինչ կանեմ, որ լավ լինի։





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: