Այսօր Սոս Սարգսյանը կդառնար 87 տարեկան
Սոս Սարգսյանը 1954 թ-ին ավարտել է Երևանի գեղարվեստաթատերական ինստիտուտը: 1954–91 թթ-ին եղել է Երևանի Գաբրիել Սունդուկյանի անվան թատրոնի դերասան, 1991 թ-ից Համազգային թատրոնի հիմնադիր-գեղարվեստական ղեկավարն է: 1992 թ-ից դասավանդում է Երևանի թատերարվեստի և կինոյի պետական ինստիտուտում (1998–2005 թթ-ին՝ ռեկտոր, 2003 թ-ից՝ պրոֆեսոր):
Սարգսյանը դեռևս ստեղծագործութան վաղ շրջանից, մերժելով պաթոսային, կեցվածքային-հռետորային խաղակերպը, դրսևորել է բնութագրական դերասանին բնորոշ հատկանիշներ Մելքոնի (Ալեքսանդր Շիրվանզադեի «Քաոս»), Ջոն Պրոկտորի (Արթուր Միլլերի «Սալեմի վհուկները»), Տիբալտի (Վիլյամ Շեքսպիրի «Ռոմեո և Ջուլիետ») և այլ դերակատարումներում. վերջինս աչքի էր ընկնում կերպարի լիարժեք բացահայտմամբ: Նրա դերասանական խառնվածքն առավել համոզիչ արտահայտվել է իր նախասիրած՝ տառապող և ուժեղ բնավորությունների անձնավորումներում՝ Զիմզիմով (Գաբրիել Սունդուկյանի «Պեպո»), Դոն Կիխոտ (Միխայիլ Բուլգակովի «Դոն Կիխոտ»), Յագո, Ջոն արքա, Լիր (Վ. Շեքսպիրի «Օթելլո», «Ջոն արքա», «Լիր արքա», նաև վերջինիս ռեժիսորն է), Ադամյան (Ժորա Հարությունյանի «Խաչմերուկ», ՀՀ Պետական մրցանակ՝ 1979 թ.), Մացակ («Հացավան», ըստ Նաիրի Զարյանի), Թաղապետ (Էդուարդո դե Ֆիլիպոյի «Սանիտայի թաղապետը», նաև ռեժիսորն է) և այլն:
Սարգսյանն առանձնահատուկ տեղ ունի նաև հայ կինոյում, որտեղ ստեղծել է ազգային տիպական և մնայուն կերպարներ: Խորհրդային կինոարվեստում միլիցիոների կերպարի անձնավորման փայլուն օրինակներից է Սարգսյանի Քննիչը («Մենք ենք, մեր սարերը», 1969 թ.): Լավագույն կինոդերերից են նաև Մկրտիչը («Եռանկյունին», 1967 թ., ՀՀ Պետական մրցանակ՝ 1975 թ.), Զամբախովը («Խաթաբալա», 1971 թ.), Սմբատը («Քաոս», 1973 թ.), Նահապետը («Նահապետ», 1977 թ.), Ձորի Միրոն («Ձորի Միրոն», 1980 թ.), Համբոն («Գիքորը», 1982 թ.), Ասացողը («Մատենադարան», 1983–2002 թթ., հեռուստաֆիլմ, ՀՀ Պետական մրցանակ՝ 1988 թ.) և այլն: Նկարահանվել է նաև այլ կինոստուդիաներում («Սոլյարիս», 1973 թ., «Երկնագույն մավրիկիոսը», «Հետաքննության հանձնաժողովը», 1978 թ., և այլն):
Սարգսյանը հանդես է գալիս նաև ասմունքով: Հյուրախաղերով շրջագայել է Լիբանանում, Սիրիայում, ԱՄՆ-ում, Կանադայում և այլուր:
Սարգսյանը պարգևատրվել է ՀՀ Մեսրոպ Մաշտոցի (1996 թ.), Հայ եկեղեցու Սուրբ Սահակ-Սուրբ Մեսրոպի (2001 թ.) շքանշաններով, ԼՂՀ Մխիթար Գոշի մեդալով (2001 թ.): Սարգսյանը գրել է «Վարագույրից այս կողմ» (1991 թ.), «Ընդհատում» (2000 թ.), «Մենք ու մերոնք...» (2010 թ.) գրքերը:
Այժմ ներկայացնենք նրա խոսքերից՝
.Անպատասխանատու ջահել արվեստագետներ շատ կան: Քիչ դաստիարակություն ստացավ այս սերունդը:
. Չի կարելի քայլ անել եւ սպասել արդյունքի: Կուտակումներ են պետք: Յուրաքանչյուր ազնիվ, անկեղծ քայլ չի կորչում. կուտակվում են եւ դառնում որակ:
.Կաշառակերությունը շատ ամոթ, կործանարար բան է, սկսենք դրանից, դա փոխենք հայ հասարակության մեջ, պաշտոնամոլությունն էլ: Ինչո՞ւ փողոցը ճիշտ չենք անցնում, մեր երկիրը մաքուր չենք պահում: Կեղտից, անօրինականությունից ինչպես չեք զզվում:
.Ինձ հուզում է մեր երկրի ճակատագիրը եւ դրանից բխող հազար հարցեր: Ի՞նչ կլինի, ո՞ւր կգնանք, ճի՞շտ ենք անում: Ինձ համար ամենագլխավորն իմ երկիրն է: Հորս վերջին խոսքերն էր` տղա, Ղարաբաղի հարցը ոնց պետք է լուծվի…
.Անկեծությունն ազնվություն է, մեծ մասամբ անմեղ մարդիկ են անկեղծ լինում: Ես հաճախ դժվարանում եմ անկեղծ լինել, լրագրողները աղավաղում են խոսքերս:
.Այնքան կուրախանամ` տեսնելով, որ հայ երիտասարդը դուրս է եկել մի բան պահանջելու, ոչ թե կառավարությունը փոխելու: Ըմբոստություն կա, երկրի տեր լինելու գիտակցությունն է պակասել:
.Այսօրվա արվեստին վատ եմ նայում: Պիտի ասեմ, որ սերիալներում առաջադիմություն կա. դերասանները փող են աշխատում: Արվեստը ճաշակ է: Կա ճաշակ` արվեստ էլ կա, չկա` այն էլ չկա: Մեղվի նման լավ բաները բերել, հավաքել է պետք:
Անժելա ՇԱՀՈՒՄՅԱՆ