Թե ինչպես հիմնվեց հայկական ջերմա- և գիշերատեսիլ սարքերի արտադրությունը
Գիշերատեսիլ և ջերմատեսիլ սարքեր ներկայումս մեր բանակին մատակարարում է նաև «Ունիկում Արմ» ընկերությունը: Մինչև 2016 թ. ընկերությունը նման սարքեր ներմուծում էր մեր բանակների համար, իսկ այս տարի արդեն սկսեց տեղում կազմակերպել նաև արտադրությունը, ինչը շատ կարևոր է:
Այս տարի «Ունիկում Ինժեներինգ» ՍՊԸ-ին տրամադրվեց «Ալյանս» ազատ տնտեսական գոտու շահագործողի թույլտվություն: Ընդ որում, ընկերությունը ոչ միայն ներքին կարիքների համար է պատրաստվում սարքեր արտադրել, այլև 2017թ. նախատեսում է արտահանել մոտ 5 մլն դոլարի նման սարքեր, իսկ առաջիկա 5-րդ տարում արտահանման ծավալները հասցնել 12 մլն դոլարի: Ընդհանուր առմամբ, ինչպես արտոնությունը տրամադրելիս հայտարարում էր այն ժամանակ էկոնոմիկայի նախարար Արծվիկ Մինասյանը, նախատեսվում է արտադրել և արտահանել շուրջ 1000 սարքավորում` մեծացնելով դրանց քանակը մինչև 5500:
Հայաստանում նման արտադրական պրոցես հիմնելու համար մեծ ներդրումներ են պահանջվում: Ընկերությունը ձեռք է բերել արտադրության համար անհրաժեշտ հաստոցներ, հատուկ գործիքներ, կահավորանք: Ստեղծվել է 10 նոր աշխատատեղ` 250 հազար դրամ միջին աշխատավարձով, որը մեր երկրի պայմաններում կազմում է բավականին մեծ ցուցանիշ: Հետագայում նախատեսվում է աշխատատեղերի թիվը հասցնել մինչև 35-ի:
Այս ընկերությունը, ինչպես «Անկախի» հետ զրույցում ներկայացրեց ընկերության հիմնադիր-տնօրեն Վարդան Բալայանը, նախկինում աշխատել է ռուսական շուկայում: Տեսնելով մեր երկրում ստեղծված նպաստավոր պայմանները, Բալայանը ցանկացել է Հայաստանում նման սարքերի արտադրություն հիմնել:
«Հայաստանում նմանատիպ գործունեություն սկսելու հիմքերը դրվել էին դեռ 2013 թվականից: Նկատելով աշխարհում մեծ պահանջարկ ջերմատեսիլ և գիշերային տեսանելիության սարքավորումների նկատմամբ` մենք սկսեցինք ուսումնասիրություններ կատարել, այցելել համաշխարհային տարբեր ցուցահանդեսներ (Լաս-Վեգասում, Փարիզում, Մոսկվայում և այլուր), հաստատել կապեր արտադրող ընկերությունների հետ, ձեռք բերել պայմանավորվածություններ և այլն: Սակայն պարզվեց, որ պաշտպանության նախարարություն սարքավորումներ մատակարարելն այնքան էլ հեշտ գործընթաց չէ. անհրաժեշտ է նախ և առաջ համապատասխան լիցենզիա ձեռք բերել և ճիշտ կազմակերպել ողջ գործընթացի փուլերը: Լիցենզիայի ձեռքբերման գործողություններին զուգահեռ` մենք ուսումնասիրում էինք արտասահմանյան արտադրող տարբեր ընկերությունների արտահանման գործընթացների առանձնահատկությունները: Կարճ ժամանակում մեր ընկերությունը կարողացավ ձեռք բերել ռազմական նշանակության արտադրանքի ներմուծման և արտահանման, ինչպես նաև ռազմական նշանակության արտադրանքի առևտրի միջնորդական գործունեության լիցենզիաներ»,- պատմեց Վարդան Բալայանը:
Այդ ժամանակ արդեն ընկերության համար սկսվում են բավական շատ խնդիրներ, քանի որ Հայաստանի Հանրապետությունը Ռուսաստանի դաշնակիցն է, մեր երկրի համար շատ ապրանքներ սանկցիաների տակ են: Մյուս կողմից` Հայաստանը գտնվում է կոնֆլիկտային գոտում, ու էլի խնդիրներ կան ռազմական ապրանքների մատակարարումների առումով: Բայց Վարդան Բալայանն ու ընկերները նկատեցին, որ խնդիրները լուծելու բազմաթիվ ճանապարհներ կան:
«Օրինակ` կա պետությունը, որ սանկցիաներ կիրառող կոալիցիայի մեջ է, կա պետություն, որ սանկցիաների մեջ չէ ու լավ հարաբերություններ ունի սանկցիաներ կիրառող երկրի հետ: Այդ հնարավորությունները պետք էր օգտագործել: Մեր խնդիրը միակն էր` ՊՆ-ին մեր ներկայացրած տակտիկատեխնիկական տվյալներով սարքեր արտադրող գործընկերներ գտնել, որոնք նման ապրանքներ կմատակարարեին»: Ու Վարդան Բալայանը սկսում է աշխատել: Սկսում է մասնակցել ցուցահանդեսներին ու միջոցառումներին` փորձելով անհրաժեշտ կապեր հաստատել: Օրինակ` միայն 2014 թ. մոտ 4-5 ցուցահանդեսների է մասնակցում Լաս-Վեգասում, Գերմանիայում, Ֆրանսիայում, Ռուսաստանում ու վերջապես կարողանում է գործընկեր գտնել, որին հայկական ընկերությունը բավարար վստահություն է ներշնչում:
«Քանի որ նրանք մեծ փորձ ունեին, մեզ մանրամասն սովորեցրին, թե ինչպես տարբեր երկրների հնարավորություններն օգտագործելով, աշխատենք, որպեսզի ոչ մեկի օրենքները չխախտենք ու հետագայում որևէ իրավական խնդիրներ չունենանք: Մենք արդեն սկսեցինք տարբեր պետությունների օրենսդրական դաշտերն ուսումնասիրել: Ես հասկացա, որ աշխարհում պետությունները բավականին մեծ պրոբլեմներ ունեն, ծանոթացա ու ձեռք բերեցի ընկերներ, որոնք, Ռուսաստանում աշխատելով, ունեին պրոբլեմներ Եվրոպայի հետ, Եվրոպայում աշխատողներն էլ պրոբլեմներ ունեին ԱՊՀ հանրապետությունների հետ: Եվրոպայում աշխատողներն ունեին պրոբլեմներ, քանի որ սարսափելի դժվար է թույլտվություններ ստանալը, ահավոր մեծ խնդիրների մեջ էինք ընկնում: Ու երբ վերադարձանք Հայաստան ու սկսեցինք ուսումնասիրել այստեղի հնարավորությունները, միանգամից հասկացանք, որ Հայաստանը բավականին բարենպաստ գոտի է նման գործունեություն իրականացնելու համար. մենք կարողացանք ընդամենը, եթե չեմ շփոթում, 2-3 ամսվա մեջ ստանալ լիցենզիա: Բացի այդ, Հայաստանը բարենպաստ է, քանի որ մենք թե՛ Եվրոպայի, թե՛ Ռուսաստանի հետ ունենք լավ հարաբերություններ, այսինքն` Հայաստանում այս դաշտն անհամեմատ ավելի բարենպաստ էր, քան Եվրոպան կամ Ռուսաստանը: Դրանից բացի, Հայաստանում կարելի է բավականին լավ աշխատողներ գտնել: Սկզբում ես 1 հաստիքի համար 5 հոգի ընտրեցի ուսանողներից և ուղարկեցի մեր գործընկերոջ մոտ վերապատրաստման ու նաև որակավորման, որպեսզի գործընկերն ասի, թե այդ հինգից որ մեկը կարող է մեզ մոտ աշխատել: Ու շատ զարմացա, երբ մի որոշ ժամանակ հետո գործընկերները կապվեցին մեզ հետ ու խնդրեցին, որ բոլորն էլ որոշ ժամանակ մնան իրենց մոտ ու աշխատեն: Իհարկե, ես չմերժեցի, ու կատակեցի, թե անհոգ եղեք, 3 միլիոն այդպիսի երեխաներ ունենք Հայաստանում»,- պատմեց ընկերության հիմնադիր տնօրենը:
Մի խոսքով` ընկերությունն իր արտադրամասը հիմնեց Հայաստանում և այսօրվա դրությամբ ամսական 100-140 միավոր ջերմատեսիլ կամ գիշերատեսիլ սարքեր կարող է արտադրել: Այդ սարքերը արտադրելիս աշխատանքների մի զգալի մասը ձեռքով` հատ-հատ ու մեծ խնամքով է կատարվում, յուրաքանչյուր սարք առանձին փորձարկվում է, նորից մանրակրկիտ հավաքվում, նորից փորձարկվում: Այնպես, որ վերջնական օգտագործողին` զինվորին, հասնի իդեալական աշխատող սարքը:
Ընկերությունում հասկանում են` ամենակարևոր պահին իրենց սարքերը ոչ թե պետք է լրացուցիչ խնդիրներ ստեղծեն զինվորների համար, այլ օգնեն նրանց: Իսկ այդ առումով «Ունիկում»-ում մանրուքներ չկան, յուրաքանչյուր, անգամ ամենաչնչին թվացող գործի վերաբերվում են խիստ պատասխանատվությամբ ու մանրակրկիտ: Այնպես որ, արտերկրի գործընկերները լիովին վստահում են հայկական ընկերությանը: Այնքան են վստահում, որ ընկերությանն են փոխանցում նաև իրենց տեխնոլոգիաները, փորձը, իսկ ամեն պատահական ընկերության խոշոր ընկերությունները նման բաներ չէին վստահի:
Վարդան Բալայանը նշում է, որ ամեն ինչի էլ կարելի է հասնել համառությամբ, աշխատասիրությամբ, ճշգրիտ հաշվարկներով, բախտի ու պատահականության վրա ընդհանրապես հույս չդնելով և համբերատար խոչընդոտներն ու արգելքները հաղթահարելով: Այս առումով նա մի սկզբունք ունի, որը ձևակերպեց շատ պարզ. «Եթե ինչ-որ բան ինչ-որ մեկին չի հաջողվել, դա դեռ չի նշանակում, որ ինձ չի հաջողվի, իսկ եթե ինչ-որ մեկին ինչ-որ բան հաջողվել է, ուրեմն ինձ հաստատ կհաջողվի»: Արդյունքում՝ մեր երկրում հիմնվել է ևս մեկ բարձրակարգ ու որակյալ ջերմատեսիլ ու գիշերատեսիլ սարքերի արտադրություն: