ԱՐԾՐՈՒՆԻՆԵՐ
Մովսես Խորենացու հաղորդման համաձայն՝ Արծրունիները ծագում են Ասորեստանի Սենեքերիմ արքայի որդի Սանասարից, որը, իր Ադրամելիք եղբոր հետ սպանելով հորը, ապաստանել է Հայաստանի Սիմ լեռներում:
Իրականում այս ավանդապատումը տուրք է ժամանակին ընդունված նորաձևությանը, երբ հայոց նախարարական տները, որ շարունակ ազդեցության համար պայքարի մեջ էին միմյանց միջև, սեփական առավելությունը շեշտելու նպատակով իրենց վերագրում էին օտար ծագում, որպես կանոն՝ առասպելական հերոսներից կամ աստվածներից… Եվ Արծրունիները բացառություն չէին: Այնուամենայնիվ, նրանք ծագումով մաքրամաքուր հայեր էին և սերում էին Հայկազունիներից:
Թե ինչպես է ծագել Արծրունիների տոհմանունը, դեռևս պատմագիտության չբացահայտված խնդիրներից է: Հավանաբար արծիվը եղել է նրանց տոհմային նշանը: Աղթամարի Սուրբ Խաչ եկեղեցու պատկերաքանդակներում Գագիկ Արծրունի արքայի թիկնոցին արծիվներ են պատկերված:
Թե երբվանից է Վասպուրականը դարձել Արծրունիների ոստանը, դարձյալ դժվար է ասել: Հավանական է՝ նրանք Արարատյան թագավորական տան սերունդներն են և անհիշելի ժամանակներից են տիրել Վասպուրականին:
Վասպուրականը հայոց կարևորագույն աշխարհներից է: Իրանից և Միջագետքից դեպի հայոց միջնաշխարհ ձգվող ճամփաներն անցնում են Վասպուրականով, հետևաբար, հայոց երկրի անվտանգության երաշխիքն էլ Վասպուրականն էր: Այդ առումով էլ Արծրունիներին մեծ ու կարևորագույն առաքելություն էր վերապահված հայոց աշխարհում:
Արծրունյաց տոհմի առանձին իշխաններ միշտ կարևորագույն դերակատարություն են ունեցել հայոց պատմության մեջ: IV դարում` Արշակ Բ թագավորության տարիներին, երկրի ամենաազդեցիկ իշխաններից էր Մեհրուժան Արծրունին, որին հայ կղերական պատմագիտությունը դավաճան է պիտակել, մինչդեռ իրականում նա մեծ ծառայություններ է մատուցել հայոց աշխարհին և ազգային պետականությանը:
Առհասարակ, Գահնամակով (վաղ միջնադարյան Հայաստանում պետաիրավական հարաբերությունները կարգավորող փաստաթուղթ) Արծրունիներին տրված էր երեք բարձ:
Արծրունիների ազդեցությունն ու դերակատարությունը մեծացավ հատկապես VIII դարից հետո, երբ հանուն եկեղեցու և Բյուզանդական կայսրության արաբական տիրակալության դեմ շարունակ ապստամբություններ հրահրող Մամիկոնյանների և Կամսարականների տոհմերը ստիպված էին լքել Հայաստանը: Նրանց տիրույթների հիմնական մասն անցավ Բագրատունիներին, սակայն նրանց հաշվին ձեռքբերումներ ունեցան նաև Արծրունիները: Նրանք տիրացան նաև Ռշտունյաց, Մոկաց, Տրպատունիների, Անձևացոց, Ամատունիների նախարարական տների տիրույթներին:
VIII դարից սկսած` հայոց երկրում էական փոփոխություններ կատարվեցին: Հզորացած երեք տոհմեր՝ Բագրատունիները, Արծրունիներն ու Սյունիները միասնաբար պայքար սկսեցին Հայաստանի անկախության համար: Ձեռք ձեռքի տված՝ այս զորեղ տոհմերը ձեռնամուխ եղան Հայաստանի անկախության վերականգնման գործին:
Ի վերջո, 867 թ., հայերի պայքարն արդյունք տվեց, և Աշոտ Ա Բագրատունին հայ իշխանների կողմից ճանաչվեց հայոց թագավոր: Աշոտ Ա Բագրատունու գահակալման գործում մեծ էր Արծրունիների, հատկապես՝ գահերեց իշխան Աշոտ Արծրունու դերը: 885 թ. Հայաստանի անկախությունը ճանաչեցին Արաբական խալիֆայությունն ու Բյուզանդիան:
Բագրատունիներից հետո երկրում իրենց դիրքով ու ազդեցությամբ հենց Արծրունիներն էին:
Հայոց պետականության վերականգնումից շատ չանցած՝ հայ իշխանական տների միությունը ճեղքեր տվեց: Պատճառը Արծրունյաց և Սյունաց իշխանական տների միջև պայքարն էր Նախճավանի համար: Այրարատ աշխարհի այդ գավառը պատկանում էր Արծրունիներին: Սակայն Նախճավանի նկատմամբ հավակնություններ ունեին նաև Սյունիները: Հավանաբար, վախենալով Արծրունիների աճող զորությունից, հայոց Սմբատ Ա արքան Նախճավանը հանձնեց Սյունաց իշխանների տնօրինությանը: Այս անարդար վճռի դեմ ըմբոստացավ Գագիկ Արծրունի գահերեց իշխանը և 908 թ., ապստամբելով Սմբատ Ա դեմ, իրեն հայոց թագավոր հռչակեց: Առիթից օգտվելով՝ Արաբական խալիֆայությունը ճանաչեց Գագիկ Արծրունուն որպես հայոց թագավոր և նրան թագ ու արքայական նշաններ ուղարկեց: Հայաստանում սկիզբ առավ երկարատև քաղաքացիական պատերազմ Բագրատունիների և Արծրունիների միջև: Մյուս կողմից՝ Ատրպատականի ամիրայության զորքերը, օգտվելով երկրի խառնակ վիճակից, ներխուժեցին Հայաստան և ասպատակելով՝ իրենց ենթարկեցին երկիրը:
Տեսնելով, որ եղբայրասպան այս պատերազմը երկիրը կործանման է հասցնում, Գագիկ Արծրունին, հրաժարվելով հայոց գահի նկատմամբ իր նկրտումներից, բավարարվեց Վասպուրականի վրա թագավորելով, և իր տիրույթներից վտարեց արաբական զորքերն ու անգամ աջակցեց Աշոտ Բ Երկաթին՝ ազատագրելու Բագրատունյաց տիրույթները արաբական գերիշխանությունից: Փաստորեն, 908 թ. հիմք դրվեց Վասպուրականի Արծրունյաց թագավորությանը, որ ճանաչում էր Բագրատունյաց արքաների գերիշխանությունը, իսկ Աշոտ Բ Երկաթը կրում էր շահնշահ հայոց և վրաց կոչումը:
Գագիկ Արծրունին աչքի ընկավ շինարար գործունեությամբ: Նա ծաղկեցրեց ու զորեղացրեց Վասպուրականի թագավորությունը, Աղթամար կղզում քաղաք կառուցեց` կղզու տարածքը մեծացնելով քարերով ու երկաթյա պատվարներով: Կառուցեց Աղթամարի Սուրբ Խաչ եկեղեցին, որն իր արտաքին չքնաղ հարդարանքով իրավամբ հայկական ճարտարապետության գոհարներից է: Մշակութային գործունեությամբ աչքի ընկավ նաև Գագիկ Արծրունու կինը՝ Մլքե թագուհին:
Գագիկ Արծրունին թագավորեց 908-943 թթ.: Վասպուրականի թագավորական գահին նրան հաջորդեցին որդին՝ Աշոտ-Դերենիկը (943-959), նրա եղբայր Համազասպ-Աբուսահլը (959-972), վերջինիս որդի Աշոտ-Սահակը (972-991), նրա եղբայրը՝ Գուրգեն-Խաչիկը (991-1003), ապա նրանց կրտսեր եղբայրը՝ Սենեքերիմ-Հովհաննես Արծրունին (1003-1021):
Այս վերջինին հայ կղերական պատմագրությունը ներկայացնում է դրական գույներով՝ աստվածավախ, աստվածահաճո… Իրականում սա հայոց գահին բազմած ամենաթույլ ու վախկոտ, իր մեջ հայրենիքի զգացողությունը չկրող թագակիրներից էր:
Վախենալով վերահաս սելջուկյան արշավանքներից՝ 1021 թ. Սենեքերիմ Արծրունին իր թագավորությունը կտակեց Բյուզանդիային և հպատակների հետ գաղթեց բյուզանդական տիրակալության տակ գտնվող հայոց հողերը՝ Սեբաստիա, ուր, ճիշտ է, անվանական պահեց թագավորի իր տիտղոսը, բայց իրականում սոսկ իշխանիկ էր: 1080 թ. կործանվեց նաև Սեբաստիայի Արծրունիների իշխանությունը:
Սենեքերիմ Արծրունին, ի թիվս այլ կալվածքների, կայսրությանը հանձնեց 8 քաղաք և 400 թեմաբերդ: Մինչդեռ, կազմակերպված դիմադրության շնորհիվ հնարավոր էր չեզոքացնել սելջուկյան սպառնալիքը:
Բարեբախտաբար, ոչ բոլոր Արծրունիները հեռացան Վասպուրականից: Մասնավորապես Թոռնավանի տերը՝ Խուլ Խաչիկ Արծրունին, իր զավակների հետ մնաց հայրենիքում և ճակատամարտում փոքրաթիվ ուժերով զորեղ հարված հասցրեց սելջուկյան դելմիկների ցեղախմբին:
Արծրունիների մի մասը չցանկացավ Բյուզանդիա անցնել, բայց օտարահպատակ Վասպուրականում էլ մնալ չէր կարող: Ոմանք հյուսիս տեղափոխվեցին: Եվ քանի որ Արծրունիների հարաբերությունները լարված էին Անիի Բագրատունիների հետ, նրանց մի ճյուղը հաստատվեց Լոռիում, ուր Դավիթ Անհողին թագավորը նրանց հատկացրեց Խոժոռնի բերդաքաղաքը: Այս ճյուղից սերեցին XII-XIII դարերում Հայաստանի փառքը կերտած Զաքարյան արքաները:
Արծրունիների մյուս մասը հաստատվեց դարձյալ Լոռվա թագավորության տարածքում՝ Մահկանաբերդում և դարձյալ մեծ դերակատարություն ունեցավ թե՛ Զաքարյան Հայաստանի ռազմաքաղաքական կյանքում, թե՛ Վրաստանի թագավորության մեջ: Մահկանաբերդի Արծրունիներից Ամիր Քուրդը բարձր դիրքի հասավ: Նա Թիֆլիսի ամիրան էր, արքունի գանձապետը և վրաց պետության առաջնային գործիչներից:
Աչքի ընկավ նաև Սադուն Արծրունին, որ արդեն թուլացած և ասպարեզից հեռացող Զաքարյանների փոխարեն դարձավ հայոց և վրաց աթաբեկ, ամիրսպասալար: Նրան փոխարինեց Խութլուբուղան, որից հետո Մահկանաբերդի Արծրունիների տոհմը նույնպես մարեց: Խութլուբուղա Արծրունու նկարը պահպանվել է Հաղպատի Սուրբ Նշան եկեղեցու որմնանկարներում՝ հարավային պատին:
Իսկ բուն Վասպուրականում Արծրունյաց տոհմի պայազատները 1113 թ. հիմնեցին Աղթամարի կաթողիկոսությունն ու ժառանգաբար վարեցին կաթողիկոսի պաշտոնը երկար դարեր:
Նրանք անգամ ձեռնարկեցին հայոց թագավորության վերականգնման գործը: Զաքարիա Գ կաթողիկոսը, ստանալով կարա-կոյունլու տիրակալ Ջհանշահի հաճությունը, 1465 թ. իր եղբորորդուն՝ Սմբատ Արծրունուն օծեց հայոց թագավոր: Սակայն Սմբատի թագավորությունն անվանական էր և տարածվում էր սոսկ Աղթամար կղզու և Վանա լճի ափին գտնվող մի քանի բնակավայրերի վրա:
1468 թվականին ակ-կոյունլուները, հաղթելով կարա-կոյունլուներին, վերջ դրեցին նաև Սմբատի թագավորությանը: