Հայերեն   English   Русский  

Գյուղնախարարության հաղորդագրությունը ուշացած էլ չլիներ` անտեղի էր


  
դիտումներ: 1558

Այս տարի էլ բնությունը հաշտ չեղավ հայ գյուղացիների հետ: Արդեն մեկ շաբաթ է, ինչ գրեթե ամեն օր հեռուստատեսությամբ ցուցադրում են Արարատյան դաշտավայրի տարբեր գյուղերի բնակիչներին, որոնք բողոքում են, որ ապրիլի 23-ի ցրտահարությունը փչացրեց իրենց այգիները, ցանքատարածությունները և այլն:

Գյուղացիների դժգոհության հիմնական պատճառը ՀՀ գյուղատնտեսության նախարարության ուշացած հաղորդագրություններն են, որոնք երկրի բնակիչները ստացան ապրիլի 24-ի երեկոյան. «Այսօր սպասվում է ցրտահարություն, խորհուրդ է տրվում այգիները ծխահարել կամ առատ ոռոգել»…

Ծղոտ լիներ` անասուններին կկերակրեին

Բայց խնդիրն այն է, որ այդ հաղորդագրություններից մեկ օր առաջ` ապրիլի 23-ի երեկոյան, արդեն ցուրտը հասցրել էր իր «սև գործն» անել: Այսինքն` գյուղնախարարությունը «շատ չէր ուշացել»` ընդամենը մեկ օր…

Հետաքրքիր է, որ ամեն անգամ, երբ մի այսպիսի միջադեպ է լինում, գյուղնախարարությունը հաղորդագրությունն է ուշացնում, կամ նախարարը մի ինչ-որ բան է ասում, որոնք ընդհանուր աղերս անգամ չեն ունենում գյուղատնտեսության հետ, դեռ չի եղել մի դեպք, որ դրանից հետո կառավարության նիստում այդ հարցի առնչությամբ գոնե մեկ ակնարկ արվեր ՀՀ գյուղնախարարին ու հիշատակվեր, որ ինքը կամ իր ղեկավարած ոլորտը թերացել են: Ու ճիշտ է գյուղացիների այն դիտարկումը, թե ամբողջ աշխարհում գյուղատնտեսությունը բարձր ռիսկային ոլորտ է, իսկ Հայաստանում` կրկնակի, քանի որ ունենք այսպիսի գյուղնախարարություն:

Իսկ ունենք այնպիսի գյուղնախարարություն, որը կարող է «ընդամենը» 24 ժամ ուշացնել ցրտահարության մասին զգուշացումը իր քաղաքացիներին, իսկ հետո` տարին ամփոփելիս, բոլոր մեղքերը բարդել «աննախադեպ» ցրտահարությունների վրա…

Բայց խնդիրը նույնիսկ սա չէ: Լավ, ենթադրենք, որ օդերևութաբանները ճիշտ կանխատեսում չեն կարողացել անել ու մեկ օրով հաղորդագրություն-զգուշացումն ուշացրել են, մի պահ մոռանանք, որ նույնիսկ հաղորդագրությունն են ուշացրել. ընդունենք, թե ճիշտ ժամանակին էլ ուղարկել են: Զավեշտը հաղորդագրության բովանդակությունն է` «ծխահարել կամ առատ ոռոգել»: Ահա հիշեցինք մի հին ու բարի անեկդոտ. գայլերն անխնա ոչնչացնում են նապաստակներին: Նապաստակների ցեղի մեծերը հավաքվում են երեցների ժողովի, որպեսզի որոշեն, թե ինչպես կարելի է փրկվել վերահաս աղետից: Մի ծեր նապաստակ առաջարկում է, որ բուն իմաստուն թռչուն է` մտավորական, փիլիսոփա, ու կարելի է բվից խորհուրդ հարցնել: Գնում են բվի դուռը, խնդրում են, որ մի խորհուրդ տա, թե իրենք ինչպես փրկեն իրենց ազնիվ ցեղը գայլերից: Բուն խորասուզվում է մտքերի մեջ, բվվում, ու մեկ էլ, թե որոշեցի` որպեսզի փրկվեք, պետք է գնաք ու բոլորդ ոզնիներ դառնաք, երբ գայլերը գան ձեզ ուտելու, կկծկվեք, կծակեք նրանց երախները, ու հա՛մ դուք կփրկվեք, հա՛մ էլ անպատկառ գայլերի հախից կգաք: Նապաստակները, ուրախացած, երգու պարով, ոգևորված, շտապում են իրենց գյուղը, մեկ էլ ճանապարհից մեկ այլ ծեր նապաստակ հարցնում է` բա լավ, ինչպե՞ս ենք ոզնի դառնալու: Նորից վերադառնում են բվի մոտ, ու թե, ա՛յ բու, բա մենք ինչպե՞ս պետք է ոզնի դառնանք: Բուն էլ պատասխանում է. «Ես ստրատեգ եմ, ռազմավարություն եմ մշակում, իսկ մանր-մունր տակտիկական հարցերն ինքներդ լուծեք»:

Վերադառնանք մեր գյուղնախարարության հաղորդագրությանը` ծխահարելուն ու ոռոգելուն: Իհարկե, ցրտահարության դեմ պայքարի լավագույն միջոցները համարվում են այգիների ու ցանքատարածությունների ծխահարումն ու առատ ոռոգումը: Բայց դա դասագրքային միջոց է, և հայկական իրականության մեջ նման «ստրատեգիական» խորհուրդ տալը նման է զառանցանքի:

«Դա ցնդաբանություն է, ինչպե՞ս կարելի է գյուղացուն գարնանը ասել` գնա՛ ու այգիդ ծխահարի՛ր. իսկ ինչո՞վ այդ գյուղացին պետք է ծխահարի, աթարո՞վ, թե՞ ծղոտով: Աթարը գարնանն արդեն վերջացած է լինում: Ծղոտը` նույնպես»,- նշեց գյուղատնտես Էդուարդ Հակոբյանը:

Ենթադրենք, թե աթարն ու ծղոտը չեն էլ վերջացել: Այդ «միջոցները» կարող են ունենալ նրանք, ովքեր անասնապահությամբ են զբաղվում, քանի որ աթարը, ի գիտություն գյուղնախարարության, անասունի թրիքից են ստանում, իսկ Արարատյան դաշտավայրում անասնապահությունն այնքան էլ զարգացած ու տարածված չէ, այստեղ գյուղացիները հիմնականում հողագործությամբ են զբաղվում: Ինչ վերաբերում է ծղոտին, ապա սովորաբար ծղոտ ունենում են նրանք, ովքեր կա՛մ էլի անասնապահությամբ են զբաղվում ու այդ ծղոտը ամբարում են ձմռանն իրենց անասուններին կերակրելու համար, կա՛մ հացահատիկների մշակությամբ են զբաղվում: Բայց սրանք էլ աշնանն իրենց ունեցած ծղոտը վաճառում են անասնապահներին: Իսկ ծղոտը, որպես կեր, ամբարվում է այնքան ժամանակի համար, որքան անասունը պետք է արոտ չհանվի և պահվի գոմերում:

Արարատյան դաշտավայրում էլ անասուններին արոտի հանելու սեզոնը, էլի ի գիտություն գյուղնախարարությանը, վաղ է սկսվում, ոչ հիմա: Բացի այդ, ընդամենը մի քանի օր առաջ, երբ շուկայում հայկական արտադրության պանրի բացակայության աղմուկը բարձրացավ, ՀՀ պանրագործների միության նախագահ Արմեն Գրիգորյանը, բացատրելով պանրի քիչ լինելու հանգամանքը, ասել էր, որ դրա պատճառը եղել է այն, որ «անասունի խոտն անցյալ տարի թանկ էր, այդ պատճառով էլ գյուղացիները գումար չեն ունեցել անասուններին կերակրելու համար և մորթել են: Դրա համար էլ կաթը պակասել է»: Այսինքն` գյուղացիները որ ծղոտ ունենային` իրենց անասուններին կկերակրեին:

Իհարկե, այգիներն ու ցանքատարածությունները ծխահարելու մեկ այլ տարբերակ էլ կա` անվադողեր վառելը: Բայց դա իրատեսական չէ. նախ` անվադողերի այնպիսի քանակ է անհրաժեշտ, որ ամբողջ Արարատյան դաշտին բավականացնի, բացի այդ, գյուղացիները դրանք ձեռք բերելու հնարավորություն պետք է ունենան: Մի խոսքով, գյուղնախարարության «ստրատեգները» ծխահարելու մասով մի քիչ չափն անցել են:

Ինչ վերաբերում է «առատ ոռոգելուն», ապա գյուղատնտես Էդուարդ Հակոբյանն այս առումով էլ մի հետաքրքիր դիտարկում է անում` իսկ ինչո՞վ ոռոգեն…

Իրոք, Հայաստանում գյուղատնտեսական ամենահրատապ խնդիրներից մեկը եղել ու մնում է ոռոգման խնդիրը: Գյուղացին, չնայած այն հանգամանքին, որ ջուրը համարվում է հանրային սեփականություն, ջրի տերը չէ: Ու ամեն տարի, երբ սկսվում է ոռոգմոն սեզոնը, ամենաբարձրաձայնվող հարցերը գյուղատնտեսության համար լինում են ջրի առկայության, այն ժամանակին և անհրաժեշտ ծավալներով դաշտ հասցնելու հարցերը: Ուրեմն ամենահարուստ երևակայություն ունենալու դեպքում էլ դժվար է պատկերացնել, որ գյուղացիները ցրտահարությունից փրկվելու համար պետք է միասին միաժամանակ առատ ոռոգեին իրենց հողամասերը:

Հետաքրքիր է` ինչպե՞ս են գյուղնախարարության տղերքը խորհուրդ տալիս իրականացնել «առատ ոռոգումը»: «Մարտավարական հարցերն ինքներդ լուծեք»,- կասեր մեր անեկդոտի բուն, իսկ գյուղնախարարությունն ու կառավարությունը դա էլ չեն ասում…

Գևորգ Ավչյան





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: