Հայերեն   English   Русский  

Մեր անվտանգությունը մեր ձեռքում է. ազատամարտիկ


  
դիտումներ: 3579

«Դիվերսիոն ներթափանցման փորձ միշտ է արվում: Մենք մի օր նորմալ արձագանքում ենք, մի օր՝ ոչ: Դիմակայում ենք դիվերսիաներին, բայց լավ կլինի, որ մենք էլ համարձակություն ունենանք ու դիվերսիոն գործողությունների անցնենք: Բայց, արի ու տես, որ իրենք միշտ ագրեսիայի են դիմում, մենք՝ պաշտպանվում»,-այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ, անդրադառնալով լարվածությանը սահմանին, ասաց Հայաստանի Ազատագրման Հայ Գաղտնի բանակի(ԱՍԱԼԱ) ազատամարտիկ, «Վան» գործողության հրամանատար Վազգեն Սիսլյանը:

Նա համոզված է, որ այսօր գիտությունն այնքան է զարգացել, որ սահմանը հնարավոր է հսկել տեխնիկայի շնորհիվ ու խուսափել զոհերից.

«Լինի տեսախցիկների, դրոնների, ջերմային սարքերի միջոցով: Երևում է, որ իմ թվարկածները չունենք, կամ ունենք՝ գաղտնի են պահում»,-նշեց Վազգեն Սիսլյանը:

Վազգեն Սիսլյանն ընդգծեց, որ մեր անվտանգությունը մեր ձեռքում է.«Դրսից որ պետությունը կօգնի կամ կաջակցի, արդեն երկրորդական է: Մեր անվտանգությունը պետք է լինի մեր հրամանատարության տակ: Ի վերջո, դա մեր երկիրն է: Եթե ուրիշ պետություններին, մանավանդ Ռուսաստանին, քաղաքականությունը ինչ-որ բաներ է թելադրում, հնարավոր է թույլ տա ինչ-որ օդանավ խփել, որ ՀՀ ղեկավարներին ինչ-որ բան հասկացնի»,- ասաց ազատամարտիկը:

Նա գտնում է, որ Հայաստանի իշխանությունները, Պաշտպանության նախարարությունը պետք է ավելի ինքնավստահ լինեն և ավելի ճիշտ աշխատեն:

Ազատամարտիկ, հետախույզ Գևորգ Գևորգյանը իր հերթին նկատեց, որ ապրիլյան ազատամարտի ժամանակ մենք բոլորս տեսանք՝ յուրաքանչյուր հայ մարդու ուժը՝ սկսած զինվորից, սպայից, վերջացրած հասարակությամբ ու լրագրողներով.« Այս ամենը քանի մեր ազգի մեջ կա և նորից վստահաբար կասեմ, որ մեր առաջնագիծը ամուր է»:

Ըստ նրա՝ հայ զինվորը երբեք նախահարձակ չի եղել, բայց իր հակառակորդին միշտ էլ արժանի հակահարված է տվել:

Իսկ դիվերսիոն գործողություններով Ադրբեջանն առավելապես շոուներ է ապահովում իր ներքին լսարանի համար, իսկ մերոնք առանց բարձրաձայնելու գործում են:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: